Ոստիկանության հետ համագործակցելը պարտք է, լավ համագործակցելը` պատիվ, իսկ նրա փոխարեն աշխատելը` հայրենասիրություն

Ոստիկանության հետ համագործակցելը պարտք է, լավ համագործակցելը` պատիվ, իսկ նրա փոխարեն աշխատելը` հայրենասիրություն

ՀՀ ոստիկանությունը ցավագին է ընդունում իր թերացումների և իր շարքերում պահպանվող կոռուպցիոն երևույթների մասին հրապարակումները: Օրերս «Հրապարակի» հերթական հոդվածն էին հերքել, թե դուք մեզ շառով եք տալիս, թե Պռոշյան գյուղի մոտ, Աշտարակի մայրուղում, մեր աշխատակիցների նման անբասիր աշխատողներ չկան, որ այնտեղ ընդամենը մեկ մեքենա է հերթապահում և «կարգազանց» վարորդների որս չի իրականացվում: Մենք այդ հերքումը կընդունեինք ի գիտություն, սական, թարսի պես, տեսանյութ էլ ունեինք, որը հաստատում էր հոդվածագրի խոսքերը: Երևի հայրենի ոստիկանությունը կարծում է, թե միայն ինքը տեսախցիկ ունի... Темнота !!!



Այդուհանդերձ, հայրենի ոստիկանության հետ համագործակցելը, ես կասեի, ոչ միայն «Հրապարակի» այլև մեր բոլոր քաղաքացիների պարտքն է, այդ թվում նաև Սերժ Սարգսյանի: Էս ի՞նչ է անում նախագահը... Տարին մեկ հավաքում է ՃՈ պատասխանատուներին, քիչ է ասել` թքում-մրում է, ժողովրդի բերանն էլ լեզու է դնում ու դրդում հակաոստիկանական արարքների: Չի կարելի, չէ՞: Իսկ մի ժամանակ, երբ նա վարչապետ էր, և նոր-նոր էին դրվում ՃԵ կարգավորման հիմքերը, կրծքով էր պաշտպանում ոստիկանությանն ու մեղադրում ճանապարհը սխալ անցնող հետիոտներին...



Ինչևէ, մենք կարծում ենք, որ Ոստիկանության հետ համագործակցելը պարտք է, լավ համագործակցելը պատիվ, իսկ Ոստիկանության փոխարեն աշխատելը` հայրենասիրություն:



Ճիշտն ասած` մտմտում եմ Ոստիկանությանը նվիրված մշտական շարք սկսել` «բարի լույս, բարի ծառայություն» խորագրով, բայց չգիտեմ, թե ինչպես այն կընդունվի օրենքի պահապանների և մասնավորապես նրանց ղեկավարի կողմից: Մեկ էլ տեսար նեղացան, ու կրկին սևեռվեցին «Հրապարակի» ու իմ ավտոմեքենայի վրա: Բայց փորձել պետք է, համագործակցել պետք է` չնայելով իրենց հերքումներին ու շուտ վիրավորվելուն: Հարցի մյուս կողմում ժողովուրդն է, որի առանց այն էլ դժվար կյանքն էլ ավելի է դժվարանում կարգազանց վարորդների ու նրանց տուգանել չցանկացող, խախտումը չնկատող ճանապարհային տեսուչների պատճառով:



Հանրապետության հրապարակին հարող հետիոտնային անցումների վրա կայանող «դելավոյների» մասին արդեն գրել ենք: Ոստիկանությունից չեն հերքել, ճիշտ է, բայց և հարցը չեն կարգավորել, և հետիոտնը, որն, օրնակ, շատրվանների մայթից անցնում է արտգործնախարարության նախկին շենքի մայթը, իր կյանքը լուրջ փորձության է ենթարկում, որովհետև Աբովյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկող տրանսպորտի համար տեսանելի չէ հետիոտնային անցում ոտք դնող հետիոտնը: Պատճառը զբոսաշրջային և տաքսի ծառայություններ առաջարկող ընկերության մեքենաներն են, որոնք կայանած են հենց անցումի վրա: Չե՞ն տեսնում:



Այսօր կցանկանայի անդրադառնալ քաղաքի կենտրոնում գտնվող Մհեր Մկրտչյան փողոցում ստեղծված պոռնոգրաֆիկ վիճակին: Փողոցը միակողմանի է, կիսով չափ փակ` շինարարության պատճառով: Կան համապատասխան նշաններ, որոնք արգելում են կանգառն ու նախկին «Երևան» կինոթատրոնից դեպի Ոսկու շուկա ուղղությամբ երթևեկությունը: Փողոցի նրբանցքներից մեկն էլ «Առեքսիմ» բանկից թեքվում է դեպի «Երևան սիթի» սուպերմարկետի ծառայողական մուտքը, որտեղ ողջ օրը ապրանք են թափում ու բեռնում մատակարար կազմակերպությունների ավտոմեքենաները: Մի փոքր ավելի ներքև, դեպի Ոսկու շուկա, պոռնոգրաֆիկ տեսարաններ է ստեղծել նաև էկոնոմիկայի նորանշանակ պրոֆեսիոնալ նախարարը` իր հիմնարկի մայթերը տրամադրելով ինչ-որ «ստայանչիկների»: Գուցե «լևի» փող է գալիս դրանից ու մանր գողություն է ստացվում` չգիտեմ:



Եվ այս ողջ պատմության մեջ մեզ հետաքրքրում է հարցը, թե ինչո՞ւ մեր Ոստիկանությունը չի մտածում այս մասին և ինչո՞ւ պետք է այս ամենի պատճառով խաթարվի այդ տարածքում բլոկադայի ենթարկված գրասենյակների և հաստատությունների աշխատանքը:



Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ոստիկանությունը, շարժակազմերի պակասի, բյուջեի սղության կամ մեկ այլ պատճառով չի կարողանում կարգավորել իրավիճակը նշված փողոցում, առաջարկում ենք ժամանակավորապես տեղադրել տեսանկարահանող սարք` դեպի վեր և դեպի վար ուղղությամբ, մինչև տեսնենք ինչ է լինելու «Էրէբունի» հյուրանոցի բակում փորված հսկայական փոսի ճակատագիրը:



Ի դեպ, այդ փոսն այնքան մեծ է, որ Փոսի ԳԱԻ-ն կարելի է հեշտությամբ տեղավորվել նրա մեջ:



Էդիկ Անդրեասյան