«ՀԺ». Թալանել են ապրիլյան զոհերից Սարգիսի հոր մեքենան. ոստիկանությունը հետքի վրա է

«ՀԺ». Թալանել են ապրիլյան զոհերից Սարգիսի հոր մեքենան. ոստիկանությունը հետքի վրա է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ գիշերը թալանել են ապրիլյան պատերազմի զոհերից Սարգիս Գասպարյանի հոր՝ Արթուր Գասպարյանի, մեքենան: Մեքենայից տարել են ամեն ինչ, այդ թվում գազի բալոնը, մեքենայում եղած ալյուրը, շաքարավազը, սուրճը:



ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ նախօրդ օրն առավոտյան 8:10-ին Արթուր Գասպարյանից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 16-ին ժամը 23:30-ից մինչեւ նոյեմբերի 17-ը ժամը 07:30-ը ընկած ժամանակահատվածում ապակին կոտրելու միջոցով Երեւանի Շենգավիթ համայնքի Շիրակի փողոցի 6 ա շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարվել:



«Դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, որն արդեն իսկ դրական արդյունք է տվել»,- նշեցին ոստիկանությունից:



Մեր հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ կա համապատասխան անձ, որը կասկածվում է հանցագործության մեջ՝ ոստիկանության լրատվականի աշխատակիցը պատասխանեց. «Ասացի արդեն»: Վերջինս նշեց, որ այս պահին ճշտվում է նաեւ վնասի չափը:



Հիշեցնենք, որ Սարգիսը Գասպարյանը վիրավորվել էր ապրիլի 29-ին, երբ փորձել էր օգնել եւ կրակի տակից դուրս բերել վիրավոր ընկերոջը: Թշնամու արձակած կրակոցներից վնասվել էին գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգիսին վիրահատել էին Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց: Կյանքի ու մահվան միջեւ երկար կռիվ տալուց հետո մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սարգիսը մահացել է:



Դեպքից հետո, 20-ամյա զինծառայողի քույրը նամակով դիմել էր Պաշտպանության նախարարին՝ խնդրելով ծնողներին օգնել աշխատանք գտնելու հարցում: «...Հայրս առողջական խնդիրներ ունի, իսկ մորս աշխատավարձը կազմում է ընդամենը 24.000 դրամ, որով պետք է եւ՛ ընտանիք պահի, եւ՛ վարկը փակի»,- գրել էր Ինգա Գասպարյանը»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում