Թաթոյանը կոմպենսացրեց Արփինեի և Օսիկյանի փնթիությունը, իսկ Շիրխանյանը մահվան շեմին է

Թաթոյանը կոմպենսացրեց Արփինեի և Օսիկյանի փնթիությունը, իսկ Շիրխանյանը մահվան շեմին է

11 ամսում «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը 4000 դեղահաբ է ընդունել ՔԿՀ բժիշկների կողմից նշանակված, բայց արդյունքն այն է, որ առողջ վիճակում ձերբակալված՝ նա այսօր  չի կարողանում քայլել։ Փաստաբանին հանդիպելու համար նա խցից մինչև տեսակցության սենյակ է հասնում ձեռնափայտով և բանտապահի ուղեկցությամբ։ 15 րոպեից ավելի նա չի կարողանում նստած մնալ և զրուցել պաշտպանի հետ։ Այսօր լրագրողների համար այս մանրամասները բացահայտեց Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ «Նա ինձ փաստ ասեց, որն ինձ ցնցեն։ Նա երեք ամիս չի կարողացել լոգանք ընդունել, որովհետև դրա համար անհրաժեշտ է մի հարկ իջնել և ցնցուղի տակ կանգնել, ինքը ի վիճակի չէ», - ասում է Ալումյանը։ Նա չի պատկերացնում, թե ինչպես է Շիրխանյանը մասնակցելու իր դատերին, որոնք շուտով սկսվելու են։ Այս անմարդկային վերաբերմունքի մեջ Հայկ Ալումյանն ու Շիրխանյանի ընտանիքը միտում են տեսնում՝ անել այնպես, որ գեներալն այլևս երբեք իր կենդանության օրոք չկարողանա կալանավայրից դուրս գալ։ Անցյալ շաբաթ լրագրողների մուտքը կալանավայր արգելվեց հենց այն պատճառով, որ նրանք չտեսնեն ներկայիս Շիրխանյանին, որի արտաքին տեսքն արդեն վկայում է, որ նրան այնտեղ աստիճանաբար սպանում են։ «Կամ դա արվում է ինչ-որ հրամանով և դիտավորյալ, կամ արվում է ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ, իրենց պարտականությունները չեն կարողանում կատարել»։



Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը որևէ կերպ չեն արձագանքել Հայկ Ալումյանի բողոքին։ «Ամիսներ շարունակ մենք ունենք ԱՆ և ՔԿՎ, որոնք իրենց իրավունք են վերապահում ընդհանրապես չպատասխանել նամակների՝ ոչ թե մերժել, կամ վերահասցեագրել։ Այսպիսի փնթի աշխատանք որևէ այլ նախարարությունից, կազմակերպությունից, թաղապետից, կամ համայնքապետից չեմ հանդիպել իմ վերջին տարիների պրակտիկայում», - ասում է փաստաբանը՝ գնահատելով ՄԻ պաշտպանի վերաբերմունքը, «որը կոմպենսացրեց այն երկու սուբյեկտների փնթիությունը»։ Ալումյանը նաև հայտնեց, որ Արթուր Վարդանյանի խմբի կողմից պետական հեղաշրջում ծրագրելու գործը դատարանում է, այն լսվելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։



Սյուզան Սիմոնյան