Դաժան մարտեր՝ Ուրիխանյանի եւ Արտյոմ Խաչատրյանի միջեւ

Դաժան մարտեր՝ Ուրիխանյանի եւ Արտյոմ Խաչատրյանի միջեւ

«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն ու shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը դաժան «իրավական» մարտերի մեջ են: Բոլորին զբաղեցրել են իրենց բողոքներով` դատավորներին, ոստիկանությանը, Քննչական կոմիտեին, անգամ Դատական փորձաքննությունների բյուրոյին: Հոկտեմբերի 5-ին Ռադիոկայմի շրջակայքում գտնվող օբյեկտներից մեկում դաժան ծեծի էր ենթարկվել shame.am կայքի խմբագիր, «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանը: Նա վստահեցնում է, որ իր դեմ հաշվեհարդար է կազմակերպել «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Վերջինս հերքում էր տեղեկությունը եւ պնդում, որ չի կարելի հավատալ իր ընտանիքի մասին կայքում սեռական հայհոյանքներ գրող մարդուն, որը նաեւ կառավարությունից 21 միլիոն դրամի գյուղատնտեսական վարկ է ստացել: Արտյոմ Խաչատրյանի բողոքի հիման վրա Քննչական կոմիտեն գործ է հարուցել Քրօր. 117-րդ հոդվածով` դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը: Խաչատրյանը վստահեցնում է, որ իր առողջությունը ոչ թե թեթեւ, այլ միջին ծանրության վնաս է կրել, քանի որ կոտրվել է քիթը, հետեւապես՝ հոդվածը պետք է ծանրացնել: Նա դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով փոխել մեղադրանքը: Դատաբժշկական փորձագետները դեռ եզրակացություն չեն տվել: Տիգրան Ուրիխանյանն էլ իր հերթին ԱԺ ամբիոնից է բողոքում դատախազին: Նա բարձրացնում է 21 մլն. դրամ վարկի թեման, որ Արտյոմ Խաչատրյանն ստացել է իր «Քաղաքագիտական վերլուծությունների կենտրոնով» ու կով է պահել: Կովերի առեղծվածը Խաչատրյանը բացատրում է այսպես. «Ես պետությունից փող չեմ ստացել: Ես ստացել եմ 30 կով, ամեն մեկը՝ 1 մլն. 291 հազար դրամ արժողությամբ: Կալկուլյատորը վերցրու՝ հաշվի: Դա անում է 38 մլն. 730 հազար: Դրա 10 տոկոսը տվին 13 թվին, 20 տոկոսը` 14 թվին, 30 տոկոսը` 15 թվին, 40 տոկոսն էլ՝ 16 թվին: Բայց ես կովերը դեռ 12 թվին տվել եմ ուրիշի: Ես ի վիճակի չեմ եղել պահել կովերիս, տվել եմ մի ֆիրմայի, որը չի կատարել իր պարտավորությունները: Իմ մեղքն այն է եղել, որ ես չեմ անվանափոխել ֆիրման: Անվանափոխության համար 4 մլն. տուգանք պետք է տայի: Ու այդ պատմությունն Ուրիխանյանը շատ լավ գիտի, բայց էլի ամեն անգամ, հարցուպատասխանի ժամանակ, էդ նույն 21 մլն.-ի հարցը բարձրացնում է»: 



Մեր տեղեկություններով, այժմ իրավապահները երկու բողոքներով էլ ակտիվորեն աշխատում են: Տիգրան Ուրիխանյանն ընդունել է, որ հոկտեմբերի 5-ին գտնվել է դեպքի վայրում, սակայն Արտյոմ Խաչատրյանին ծեծելու մեղքն իր վրա է վերցրել «Ալյանսի» անդամ Կարեն Հակոբյանը, իսկ Ուրիխանյանի մյուս կուսակցական ընկերը` Սարգիս Հարությունյանը, լուսանկարել է Արտյոմ Խաչատրյանին «պուտանկայի» հետ ու տեսանյութը նետել համացանց: Ցավոք, «Ալյանսի» նախագահի օգնական Վարդան Քոչարյանը, որը սովորաբար պատասխանում է լրագրողների հարցերին, հրաժարվեց ճշտել մեր տեղեկությունները. «Նախաքննություն է գնում, քրեական գործ կա հարուցված, դիմեք քննչական մարմին»,- ասաց նա: Իսկ Արտյոմ Խաչատրյանին էլ այս օրերին պարբերաբար հրավիրում են ոստիկանության վեցերորդ վարչություն՝ կովերի գործով չմարված վարկի հետ կապված բացատրություններ տալու:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ