ԱԺ կանոնակարգ օրենքի առկա և ապագա ինտրիգները

ԱԺ կանոնակարգ օրենքի առկա և ապագա ինտրիգները

Ազգային ժողովում երկու օր է՝ քննարկում են ԱԺ կանանոկարգ նոր օրենքի նախագիծը։ Սրանով ավելացել են մի շարք գլուխներ այս օրենքում, օրինակ՝ քննիչ հանձնաժողովի ստեղծման գլուխը, խորհրդի գլուխը, որով սահմանվում է անցկացնել նաև ԱԺ խորհրդի նիստեր։ Նոր կանոնակարգումներ են սահմանվում խմբակցությունը լքած կամ այդ խմբակցության շահերը չներկայացնող պատգամավորների համար։ Բացի այդ՝ նոր կանոնակարգ օրենքով, կարելի է ասել, օրինականացվում է ուրիշի փոխարեն քվեարկությունը։ Մասնավորապես, նախագծի 61-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանվում է, որ Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է իր քվեարկության իրավունքը լիազորել խմբակցության ղեկավարին, վերջինս էլ պարտավոր է ստորագրված լիազորագիրը ԱԺ նախագահին ներկայացնել քվեարկությունից առաջ, նոր քվեարկել։ Այս հոդվածով, սակայն, սահմանված չէ, որ պատգամավորը պետք է նաև հայտնի խմբակցության ղեկավարին՝ ինչպես քվեարկել։



Ինպես իր զեկույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ այս օրենքը մշակելիս բացառապես հիմնվել են նոր Սահմանդրության դրույթների վրա։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ համարվող, բայց դե ֆակտո անկախ պատգամավոր Թևան Պողոսյանն էլ նշեց, որ սա Սահմանադրության ընդունումից հետո աենակարևոր օրենքն է իր համար։ Բայց նա մի մտավախություն ունի՝ արդյոք կկիրառե՞ն այն բոլոր դրույթները, որոնք նշված են այս նախագծում։ Պողոսյանը օրենքի 61-րդ հոդվածի մեջ մեծ հաշվով խնդիր չի տեսնում, որ պատգամավորի փոխարեն կարող է խմբակցության ղեկավարը քվեարկել։ Ասում է՝ միջազգային փորձ կա այդպիսի։ Նախագծի հարակից զեկուցող, ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանն էլ է նորմալ համարում այս դրույթը։ Բայց նաև համաձայն է, որ պետք է փոփոխվի այն և հստակ սահմանվի, որ պատգամավորը պետք է փակ ծրարով լիազորի իր խմբակցության ղեկավարին՝ քվեարկելու իր փոխարեն և այնտեղ հստակ նշի՝ կողմ, դեմ, թե ձեռնպահ քվեարկել, որ ըստ հայեցողության չլինի։



Այս մոտեցումն ունի նաև ֆորմալ առումով ԲՀԿ խմբակցության անդամ հանդիսացող, բայց փաստացի արդեն լրիվ այլ քաղաքական ուժի անդամակցող պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Բայց 61-րդ հոդվածն այս տեսքով լինելու դեպքում նա վտանգ տեսնում է այս դրույթում մասնավորապես մեր նկատած՝ ուրիշի փոխարեն քվեարկելն օրինականացնելու մասով։ Նա էլ է կողմ, որ փակ ծրարով հանձնվի լիազորությունը խմբակցության ղեկավարին, և այնտեղ գրվածլինի տվյալ պատգամավորի դիրքորոշումը կոնկրետ հարցի նկատմամբ։ 



Իսկ, ահա, պատգամավորի՝ կուսակցությունը լքելու դեպքում խմբակցությունից դուրս գալու, բայց մանդատը պահպանելու վերաբերյալ դրույթներում, որոնք ամրագրված են երեք տարբեր հոդվածներում, կա որոշակի նուրբ պահ։ Բանն այն է, որ այսօր մենք ունենք խորհրդարանում պատգամավորներ, որոնք ֆորմալ առումով այս կամ այն խմբակցության անդամ են, բայց չեն ներկայացնում այդ խմբակցության շահերը, քազնի ինչ-որ մի պահի որոշել են, որ այլևս չեն հարում, օրինակ, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի կամ «Ժառանգության» գաղափարներին։ Բայց նաև չեն հրաժարվում իրենց մանդատից՝ նշելով, որ սա իրենց վաստակած մանդատն է իրենց ընտրողների քվեների շնորհիվ, և իրենք պարտավոր են ներկայացնել իրենց ընտրողների շահերը։ Միայն ՀՅԴ-ում և ՀՀԿ-ում է, որ նման իրավիճակ չկա։ Այդ խմբակցության անդամներից որոշներն անգամ օգտվում են այդ խմբակցության քվոտայով ստացած տարատեսակ պաշտոնեական հաճույքներից։ Օրինակ՝ կարող են հանձնաժողովի նախագահ կամ տեղակալ լինել, ունենալ ընդարձակ աշխատասենյակ, մեծ աշխատակազմ և ծառայողական ավտոմեքենա, կամ ընդգրկված լինեն տարբեր պատվիրակությունների կազմում և բյուջեի հաշվին հաճախակի մեկնել գործուղում-վոյաժների։ Եվ հաճախ նաև հենց այս հանգամանքն է, որ ստիպում է ընտրողների շահը սպասարկելու անվան տակ արդարացնել մանդատից չհրաժարվելու և այս բոլոր հաճույքներից օգտվելու փաստը։



Հետևաբար, ոչ բոլորն են կարողանում անկեղծ ու բաց խոսել այս հարցի շուրջ և դեմ արտահայտվել ապագայում ստեղծվելիք մի իրավիճակի, որի մասնակիցն են այս պահին իրենք։ Իսկ նոր օրենքով իմպերատիվ կերպով սահմանվելու է, որ պատգամավորը կարող է մանդատը պահպանելով դուրս գալ խմբակցությունից, բայց արդեն զրկվում է հանձնաժողովի նախագահի, տեղակալի պաշտոնից և մնացած այլ լիազորություններից։



«Այստեղ բարոյականության, օրինականության և քաղաքական մշակույթի խնդիրների մեջ է հարցը գտնվում՝ արդյոք մենք իսկապես կարո՞ղ ենք գնալ այդ ինքնահրաժարականի մշակույթի ձևավորմանը»-կարծում է Թևան Պողոսյանը, ով մի անգամ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, երբ հայտարարել է, որ չի կիսում «Ժառանգության» դիրքորոշումը, բայց հետո նորից հետ է վերցրե իր դիմումը։ Իսկ հանձնաժողովներին անդամակցումից չի հրաժարվել, որովհետև, իր իսկ պնդմամբ, ինքը երբևէ չի հրաժարվել իր աշխատանքը կատարելուց հանձնաժողովներում և կյանքի կոչել այն, ինչն ամրագրված է իր նախընտրական ծրագրում։



Էլինար Վարդանյանն էլ հակասություն է տեսնում ընտրության գաղափարախոսության մեջ՝ կողմ լինելով, փաստորեն, խմբակցությունից չհեռանալուն. «Որովհետև, երբ ընտրողը ձայն է տալիս տվյալ կուսակցությանը, ապա նա պատկերացնում է այն քաղաքական կոնյուկտուրան, որ կարող է լինել Ազգային ժողովում։ Եվ հետագայում ֆրակցիայից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում, փաստորեն, խախտվելու է այդ ընտրողի ձայների արդյունքում ձևավորած հարաբերակցությունը»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ