Հրազդանի քաղաքապետարանը ստուգում են

Հրազդանի քաղաքապետարանը ստուգում են

Հրազդանի քաղաքապետարանում միաժամանակ տարբեր մարմիններ ստուգումներ են իրականացնում։ Կոտայքի մարզպետարանն է երկուշաբթի օրվանից իր ստուգողներին գործուղել, Քննչական կոմիտեն է հետաքննություն իրականացնում։ Հրազդանի քաղաքապետը հաստատեց այս լուրը. «Այո, մարզպետարանը հերթական վարչական ստուգումներն է իրականացնում։ Իսկ Քննչական կոմիտեն վաղուց է այստեղ քննություն կատարում, նոր բան չկա»։ Նա չհերքեց, որ քննության թեման Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի նախկին պետ Ռադիկ Հարությունյանի բողոքն է։ Բողոքի բուն բովանդակությունը մոտավոր է հայտնի, քանի որ ոչ Ռադիկ Հարությունյանը, ոչ էլ Արամ Դանիելյանը չեն մանրամասնել այն։ Հայտնի է միայն, որ իրավաբանականի նախկին պետն ինչ-որ չարաշահումների փաստեր է նշել, եւ քրեական գործ է հարուցված 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, ինչը վնաս է պատճառել անձանց։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ռադիկ Հարությունյանի բողոքին, տեղի՞ն է բողոքել։ «Նորմալ ենք վերաբերվում, բողոքել է, եկել են, ստուգում են, կավարտեն, նոր մեր կարծիքը կասենք», - պատասխանեց Հրազդանի քաղաքապետը։ Հիշեցնենք, որ Ռադիկ Հարությունյանը երկրորդ բողոքն է ներկայացնում։ Մի անգամ նա արդեն Արամ Դանիելյանի դեմ դիմել էր իրավապահ մարմիններին, սակայն այն ժամանակ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, եւ դիմումին ընթացք չտրվեց։