Առանց այդ թանկացման չի լինի. Կապանում շարունակում են երթևեկել բարձրացված ուղեվարձով

Առանց այդ թանկացման չի լինի. Կապանում շարունակում են երթևեկել բարձրացված ուղեվարձով

Նոյեմբերի 1-ից Սյունիքի մարզի Կապան համայնքում 8 համարի երթուղու ուղեվարձի գինը 40 տոկոսով բարձրացել էր՝ 50 դրամից դառնալով 70 դրամ: Այս հանգամանքը զայրացրել էր կապանցիներին, նրանք բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ ընդդեմ տրանսպորտի միջոցի թանկացման: Ակտիվ քաղաքացիները կազմակերպել էին ստորագրահավաք, շուրջ 500 կապանցիներ ստորագրել էին, որ դեմ են երթուղայինի ուղեվարձի թանկացման: Այնուհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի տարածքային կազմակերպության անդամ Նարեկ Բաբայանը և ընկերները սեփական մեքենաներով մարդկանց Շինարարների թաղամասից տեղափոխում էին քաղաքի կենտրոն ու քաղաքի կենտրոնից Շինարարների թաղամաս: Դրանով փորձելով սեփականտիրոջը զրկել, գոնե 50 դրամի եկամտից: Չնայած այս բոյկոտին, այժմ 8 համարի երթուղին երթևեկում է բարձրացված ուղեվարձով:



Կապանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի փողոցային լուսավորության եւ ճանապարհատրանսպորտային ծառայության բաժնի պետ Աշոտ Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 8 համարի երթուղին շարունակում է գործել 70 դրամով, 6 համարի երթուղինն էլ նույն գնով է, բացառությամբ 1 ավտոբուսի, որի ուղեվարձը 100 դրամ է: 40 տոկոս թանկացման դեմ պայքարողները շարունակում են իրենց բողոքի ակցիան, սակայն, ինչպես Ոսկանյանը, նշեց ցուցարարներին ամեն ինչ բացատրվել է կապված թանկացման հետ. «Իրենք հասկացել են՝ առանց էդ թանկացման չի լինի, որովհետև մենք սաղ հաշվարկել ենք, սաղ տնտեսական բանով, հանձնաժողովը նորից նայել ա, չի էլ կարա փոխի, որովհետև դա մրցույթով շահած բան ա»:



-Միտում կա՞ ուղեվարձը բարձրացնելու կամ իջեցնելու:



Չէ, չէ տենց բան չկա, 5 տարի ա տենց ա մնալու, ֆսյո:



-Նախորդ տարիներին ի՞նչ սակագնով է գործել:



8 համարը 50 դրամով, մենակ 6 համարն ա, որ 70 դրամ ա եղել:



-40 տոկոսով ուղեվարձն է բարձրացվել, բայց պայմանները բարելավվե՞լ են տրանսպորտի:



Երկուսն էլ նոր մեքենաներ ա բերված: Այո, բարելավվել են: Նոյեմբեր ամսին նիստ ենք ունեցել, իրենց էլ՝ բողոքողներին, հրավիրել ենք, չնայած իրենք չմասնակցեցին, բայց իրենց տեղյակ պահեցինք, որ սենց ա:



-Ի՞նչ պատճառաբանությամբ է ընկերությունը բարձրացրել ուղեվարձը:



Դե արդեն, տվյալ շահող կազմակերպությունը ներկայացրել ա մեզ, թե ինչ հիման վրա ա թանկացրել, մենք էլ նայել ենք, տեսել ենք, որ խելքի մոտ բան է: Իրենք մանրամասն բացատրել են՝ ինչն ինչոց ա, համ աշխատավարձն ա վարորդի բարձրացել:



-Թանկացումից հետո ուղևորների թիվը քչացե՞լ է:



Քչացում եղել ա, պետք ա համեմատում անել, չես կարա տոչնի ասես: