Տեսնենք՝ ինչքանով է հավաստի վարչապետի խոստումները. Վահրամ Միրաքյանը որոշել է բանան ներմուծել Հայաստան

Տեսնենք՝ ինչքանով է հավաստի վարչապետի խոստումները. Վահրամ Միրաքյանը որոշել է բանան ներմուծել Հայաստան

Գործարար, մարքետոլոգ Վահրամ Միրաքյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ մի գործընկերոջ հետ որոշել է ներկրել 10 տոննա բանան. «Գնումն արված է, ARARAT TRANS-ի ֆուռն արդեն գալիս է դեպի Հայաստան: Քանի որ, ինչպես տեսանք, ներկրողներին խանգարելու դեպքեր իրոք եղել են, ես կփորձեմ ներկայացնել ու պատմել ձեզ ամբողջ գործընթացը: Արդյունքում կտեսնենք, թե իրականությունը վարչապետի ասածն է, թե այլ է»:



«Հրապարակ»-ի հետ զրույցում Վահրամ Միրաքյանը նշեց, որ բանանը ներկրվելու է Ռուսաստանից, մեծածախ գնորդների հետ պայմանավորվածություն կա, որոնց միջոցով էլ իրացվելու է այն. «Եթե Լարսը բաց եղավ, մի քանի օրից այստեղ կլինի: Անմիջապես չի գալու վաճառքի դրվի, պետք է հասունանա ինչ- որ շրջան, որովհետև տարբեր վիճակներով կա, մենք մի քիչ երկար դիմացող տեսակն ենք բերել»:



Այն հարցին՝ արդյոք մտավախություն չկա՞, որ խոչընդոտներ կլինեն ներկրման հետ կապված, քանի որ, ըստ մամուլի, դաշտը մենաշնորհային է, Վահրամ Միրաքյանը պատասխանեց, որ երկու տարբերակով էլ ինֆորմացիա կա դաշտում, որ մարդիկ կկարողանան ներկրել, և մարդիկ, որոնց ինչ- որ ձև խոչընդոտվում է. «Արդյունքում կտեսնենք մեր փորձով, ամեն դեպքում նախ սոցիալական փորձ կլինի, որ եթե եղավ, ամեն ինչ նորմալ է, ուրեմն կշարունակվի և այս հարցով չի քննարկվի, որ մենաշնորհ է: Եթե չեղավ նորմալ, կտեսնենք՝ ինչ խնդիրներ կան»:



-Ինչո՞ւ հենց բանան:



Որովհետև բանանի շուրջ ինֆորմացիոն աղմուկ կար, գաղափար առաջացավ՝ փորձենք: Նաև տեսնենք՝ ինչքանով է հավաստի վարչապետի խոստումները:



-Եթե առանց խոչընդոտների կարողանաք ներկրել, միտք կա՞ այլ բան էլ ներմուծելու:



Ինքնանպատակ չէ բոլոր մենաշնորհային թեմաների մեջ մտնել, նաև ինձ գործարար շահերի տեսանկյունից է հետաքրքիր, եթե նորմալ եղավ, շարունակում ենք գործարար շահերից շահույթ ստանալ, եթե վաղը, մյուս օր եղավ հետաքրքիր թեմա, որը գործարար հետաքրքրություն կներկայացնի, կմտնենք այդ թեմայի մեջ, հիմա բանանը հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ ԵՏՄ-ն բացվել է, հեշտացել է, մաքսազերծման խնդիր չկա, հանգամանքներ կան, որոնք գրավիչ են դարձնում: Եթե վաղը բանանը գրավիչ չդարձավ, եղավ խնձորը, ուրեմն կփորձենք խնձորը:



Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած ապրանք ներմուծել Հայաստան՝ առանց խոչընդոտների:



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ