Զբաղվածության պատճառով «Չորսի նախաձեռնության» անդամները չեն հանդիպում

Զբաղվածության պատճառով «Չորսի նախաձեռնության» անդամները չեն հանդիպում

Իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանը, Արթուր Սաքունցը, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը և քաղաքագետ Ստեփան Դանիելյանը դեռ ամիսներ առաջ ստեղծել էին «Չորսի նախաձեռնություն» և հանրային քննարկման ներկայացրել երկրում տիրող ճգնաժամի հաղթահարման ուղիները՝ վստահության մթնոլորտի ձևավորման ուղղված հրատապ քայլեր, կարճաժամկետ հրատապ քայլեր: «Չորսի նախաձեռնություն»-ը նաև առաջարկում էր Ընտրական նոր օրենսգրքի ընդունում, ԿԸՀ լուծարում և հանրության վստահությունը վայելող նոր կազմի ձևավորում, Արցախի հետ կապված բանակցային գործընթացի թափանցիկություն, առկա փաստաթղթերի հրապարակում, ՀՌԱՀ (hեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով) հանձնաժողովի լուծարում և հանրության վստահությունը վայելող անձանց ներգրավում։



Զարուհի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին ակտիվորեն չեն զբաղվում նախաձեռնությունով, քանի որ իրավապաշտպանական գործընթացները այնքան են զարգացել, որ յուրաքանչյուրը իր իրավապաշտպանական ոլորտով է զբաղված. «Այս պահին չենք հանդիպում, չնայած ամեն մեկը առանձին-առանձին իր դիրքորոշումները հայտնում է, փորձում ենք մեր էջում ներկայացնել մեր դիրքորոշումները հանրային տարբեր ոլորտներում զարգացումների վերաբերյալ, մասնավորապես, կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ է եղել անդրադարձեր»:



-Ոչինչ չի փոխվե՞լ Ձեր առաջ քաշած կետերում:



Ոչ, մենք մեր գնահատականները տարբեր կոսմետիկ փոփոխությունների մասին հարցազրույցներով հնչեցրել ենք, ուղղակի ժամանակային խնդիրներ ունենալով, տարբեր ոլորտներում շատ զբաղվածություն ունենալով՝ չենք կարողացել փաստաթուղթ նորից մշակել:



-Նախատեսո՞ւմ եք առաջիկայում հանդիպել:



Հաճախ պլանավորվում է, բայց խափանվում է, որովհետև հաճախ երկրում չենք լինում, ամեն մեկը աշխատում է իր ոլորտում: Այս պահին ուղղակի չենք կարողացել հանդիպել ժամանակային տեսանկյունից, բայց պահանջները ու խնդիրները մնացել են նույնը:



-Մի քանի ամիս է՝ նախաձեռնությունը կա, հայտնիներից առաջարկ եղե՞լ է Ձեզ միանալու:



Նախաձեռնությունը բավականին լայն նախաձեռնություն է, որտեղ միացածներ շատ կան, բավականին հայտնի, ուղղակի մենք չենք ուզում անհատների վրա կենտրոնանալ, այլ ասելիքի վրա կենտրոնանալ, թե ի՞նչ ենք ուզում, ինչպիսի՞ փոփոխություն ենք ուզում տեսնել երկրում: Անհատները այդքան կարևոր չեն, ինչքան կարևոր է այն կետերը, որոնք դրված են եղել մինչ այժմ: Տարբեր ոլորտներում առաջացած խնդիրները լուծելու համար քայլեր ձեռնարկված չեն: