Ամերիան ախմախ բանկ ա. խունկ, զանգեր՝ չար ուժերի դեմ (ֆոտո,վիդեո)

Ամերիան ախմախ բանկ ա. խունկ, զանգեր՝ չար ուժերի դեմ (ֆոտո,վիդեո)

Այսօր մի շարք քաղաքացիներ հավաքվել էին Ամերիաբանկի մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու: 



Ամերիաբանկը պայմանագիր է կնքել Lydian Armenia ընկերության հետ 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին, որն օգտագործվելու է Ամուլսարում ոսկու հանքի ծրագրի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով:



«Ոչ Ամուլսարի հանքին», «Ջուր թե՞ ցիանիդ», «Գնացեք ցիանիդի ծոցը», «Բոյկոտ, Ամերիաբանկ» մակագրությամբ ցուցապաստառներով բնապահպաններն ու քաղաքացիները իրենց հետ բերել էին խունկ՝ չար ուժերին քշելու համար, զանգեր, հարվածային գործիքներ՝ խնդրի մասին ահազանգելու համար: Ակցիայի մասնակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե Ամուլսարը հանձնվի շահագործման, արդյունքում կկորցնենք Սևանա լիճը, Ջերմուկը: Մարդիկ կսկսեն արտագաղթել ոչ թե վատ սոցիալական պայմանների պատճառով, այլ էկոլոգիական խնդիրների, տեղի է ունենալու էկո արտագաղթ: «Ամերիան ախմախ բանկ ա» վանկարկումով ցուցարարները կոչ էին անում բոլոր նրանց, ովքեր ունեն տվյալ բանկում հաշիվներ՝ փակել, այլևս չօգտվել Ամերիաբանկի ծառայություններից:



Այնուհետև ակցիայի մասնակիցները շարժվեցին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակ՝ պահանջով, որպեսզի այս բանկը ևս չհովանավորի Ամուլսարի շահագործմանը: Ներսում ցուցարարներին մոտեցավ ներկայացուցիչներից մեկը, ով չներկայացավ՝ նշելով, որ ֆեյսբուքում տարածած հաղորդագրություններին ծանոթ են, նրանց դիրքորոշումը հաշվի կառնեն:



Այնուհետև բողոքավորները երթով շարժվեցին Կառավարություն, պաշտոնապես հանձնելու իրենց դիմումը, ճանապարհին նրանք բաժանում էին թռուցիկներ, որտեղ ներկայացված է, թե ինչո՞ւ չպետք է շահագործվի Ամուլսարի ոսկու հանքավայրը: Կառավարության մուտքի դիմաց կանգնած էին մի քանի ոստիկաններ, իսկ ակցիայի մասնակիցները այդտեղ նույնպես խոսելով Ամուլսարի շահագործման վտանգի մասին՝ իրենց դիմումը հանձնեցին Կառավարությանը:



Մանրամասները՝ տեսանյութում: