Թշվառությունը՝ Մոնումենտի առանձնատների կողքին (տեսանյութ, ֆոտոշարք)

Թշվառությունը՝ Մոնումենտի առանձնատների կողքին (տեսանյութ, ֆոտոշարք)

Մոնումենտի շքեղ առանձնատների, միլիոնատերերի ու հայտնի չինովնիկների ճոխ դղյակներից ոչ շատ հեռու՝ Արաբկիր 37 փողոցի 3-րդ տանը, ծայրահեղ աղքատության մեջ ապրում է հաշմանդամություն ձեռք բերած 60-ամյա Զուրունյան Նուրիցան: Տիկին Նուրիցան ամուսնացած չէ, ոչ օգնող ազգակից, ոչ էլ հարազատ ունի, հաշմանդամությունն էլ ձեռք է բերել տանիքից ընկնելու պատճառով, երբ բարձրացել էր՝ ուղղելու թիթեղները, ընկել է և կոտրել ոտքը, գումար էլ չի ունեցել, որպեսզի կարողանա վիրահատվել: Եվ այսպես տարիներ շարունակ կոտրված ոտքով, ձեռնափայտի օգնությամբ ապրում է: Տիկին Գայանեն նրա քույրն է, ով ապրում է նույն տանը, սակայն նրանց սենյակները առանձնացված են և այլ մուտքեր ունեն, 50-ամյա Գայանե Զուրունյանը բնակվում է առողջական խնդիրներ ունեցող եղբոր՝ Աշոտի հետ, միայն ինքն է աշխատում է և ստացածն էլ չնչին գումար է, որով մի կերպ կարողանում են դեղորայք գնել:



«Խանութներում էլ ինձ պարտքով բան չեն տալիս, շատ պարտքեր ունեմ, թոշակները ստանում եմ, պարտքերն եմ տալիս: Քույրիկս էլ 50 հազար դրամ ա ստանում, մեկը չկա օգնի, բետոնի վրա ենք»,-նշում է տիկին Նուրիցան:



Տիկնայք պատմում են, որ բազմիցս դիմումներ են գրել «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուին, սակայն այնտեղից ոչ մի արձագանք. «Ոչ մի բան չեն անում, ասում են՝ մենք չեն կարող: 3 հատ նամակ եմ գրել Հրաչ Մուրադյանին, բայց ոչ մի բան: Կներեք, բայց իրենք միայն այլանդակ, այլասերվածներին են բերում, մենակ իրենց համար դա ա: Թող տեսնի Հրաչ Մուրադյանը, որ այս կնոջը չի օգնում»:



Փորձում էի քայլել տան մեջ, գնալ առաջ, որպեսզի կարողանայի նկարել, սակայն երբ ուզում ես ոտքդ գետնին դնել, երաշխիք չկա, որ դու կարող ես քայլ անելուց հետո անվնաս մնալ, քարերով, փոսերով հատակը հաշմադամ կինը դժվարությամբ է հաղթահարում: Ապրելու համար չնախատեսված, առողջության ու կյանքի համար վտանգավոր տանը ապրելով` հաշմանդամ դարձած կնոջ միակ ցանկությունը նորմալ հատակ, չփլվող պատեր, սանհանգույց ունենալն է: Այս տանը տիկին Նուրիցայի հետ ապրում են խավարասերները, որոնք հասցրել են կնոջը վնասել՝ գիշերը կրծելով նրա ականջը: Մկնդեղից ու այլ տարբեր միջոցներից մինչև ստվարաթղթերով անցքերը փակելը փորձել են, միևնույն է «հարազատ» կենդանիները չեն լքում այս տունը:



Տիկին Գայանեն նշում է, որ այս տարիների ընթացքում մոտ 200 հազար դրամ տվել է աշխատանքի տեղավորման գործակալություններին, որպեսզի եղբոր համար աշխատանք գտնեն, սակայն այդպես էլ ոչ մի զանգ գործակալութունների կողմից չի եղել: Խնդրում են նաև պահակի աշխատանք Աշոտի համար, ով ևս ունի առողջական խնդիրներ և կարող է միայն այդ գործը կատարել:



«Օրեր են եղել, որ առանց հաց ուտելու ենք լուսացրել, պարտքով հաց ենք վերցնում, եթե տալիս են ու պահածոներն ենք ուտում, էլ ուրիշ ոչինչ, որ գոնե կարողանանք ապրենք»:



Նրանց վերջին հույսը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն և նրա մայրը՝ տիկին Ռոզան է, խնդրանքով դիմում են նրանց՝ մի փոքրիկ օգնություն ստանալու ակնկալիքով:



Այս ընտանիքի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով`  255427, 077 991611, 093 255422



Առավել մանրամասն՝ տեսանյութում:



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ