Դա արդեն լուրջ կրիմինալ է, պրիմիտիվ գողություն

Դա արդեն լուրջ կրիմինալ է, պրիմիտիվ գողություն

Այսօր Araratnews.am կայքը հարցազրույց էր հրապարակել Թալինի բժշկական կենտրոնի նախկին աշխատակցուհի, մանկաբույժ և շտապօգնության բժշկուհի Կարինե Կուռոյանի հետ։ վերջինս դժգոհել էր ԲԿ-ի տնօրեն Արմեն Ժախատրյանից՝ նշելով, որ վերջինս պարտադրում էր մերժել շտապօգնության կանչերը՝ պատճառաբանելով, թե բենզին չկա, մեքենան կջարդվի քանդված ճանապարհներին, պահանջում էր տաքսիով գնալ, և դրա արդյունքում եղել է, որ մահվան դեպքեր են գրանցվել։



Այս կապակցությամբ Hraparak.am-ը զրուցեց Թալինի նախկին քաղաքապետ, ներկայում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանի հետ։ Վերջինիս կինը մինչև Խաչատրյանի նշանակվելը՝ 2012 թվականը, երկար տարիներ զբաղեցրել է այդ հիվանդանոցի տնօրենի պաշտոնը։ Հիմա մասնավոր կլինիկայում է բժշկական գործունեություն ծավալում։



Մնացականյանն ասաց, որ այս մասին մամուլի հրապարակումներից է տեղեկացել. «Իմ կարծիքով՝ ինչ որ նշվում է այդ հարցազրույցում, կարող է նման բան տեղի ունեցած լինել, բայց մոտիկից ես ծանոթ չեմ, դրա համար կարելի է երևի թե նաև այցելել էդ հաստատություն, զրուցել էդ կոլեկտիվի մյուս անդամների հետ, հասկանալ՝ ինչ է կատարվում։ Ես չեմ էլ փորձում խառնվել էդ կոլեկտիվի ներքին կյանքին, քանի որ նախկին տնօրենը եղել է իմ կինը, ու ինձ թվում է՝ իմ խառնվելու դեպքում կարող է դա շահարկումների, ինչ-որ մանր ներքին խոսակցությունների առիթ տալ, որը ես չեմ ցանկանում։ Բայց որ ինչ-որ բան կա էդ հիվանդանոցում, ու գնալով կամաց-կամաց և՛ հիվանդների քանակն է պակասում, և՛ աշխատողների քանակն է պակասում, ուրեմն մի բան ճիշտ չի կազմակերպվում էդ աշխատանքում»։



Նշենք, որ Թալինի շրջանը 41 համայնք ունի, որտեղ ոչ բոլոր ճանապարհներն են բարվոք վիճակում, և հաճախ դրանք խնդիրներ են հարուցում ժամանակին շտապօգնության հասնելու հարցում։ «Բայց եթե ճիշտ են, իրականում, այդ կնոջ ներկայացրած փաստերը, որ հիվանդանոցի տնօրենն ասել է՝ առանց իրեն հարցնելու շտապօգնության կանչեր չանեն, դա արդեն լուրջ կրիմինալ է, լուրջ հետաքննության թեմա է, որ ասենք, կարա մարդուն ասի փողը վճարում է, ինքը էդ գումարը մուտք չանի էդ հիմնարկության դրամարկղ և այլն, բայց ձևակերպում է պետպատվեր, այսինքն՝ դա պրիմիտիվ խուլիգանություն է, պրիմիտիվ գողություն է»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ