Չի բացառվում՝ «Ժառանգությունը» չմասնակցի ընտրություններին

Չի բացառվում՝ «Ժառանգությունը» չմասնակցի ընտրություններին

Երեկ մամուլը գրել էր, թե ընտրություններին դաշինքով մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունը գլուխ չի գալիս։ Եվ, որպես իրավիճակից ելք, նա առաջարկում է, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գնա «Համախմբում» կուսակցության կամ Գագիկ Ծառուկյանի ցուցակով, Զարուհի Փոստանջյանը՝ «Ազատ դեմոկրատների» հետ, իսկ կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը՝ «ՔՊ»-«Հանրապետություն»-«Լուսավոր Հայաստան», թեեւ նա առաջիկայում մեկնելու է ուսման՝ ԱՄՆ-ի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոց։



Դավիթ Սանասարյանը երեկ այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց, որ այս լուրի միայն վերջին մասն է համապատասխանում իրականությանը, որ ինքը մեկնելու է ԱՄՆ ուսման։
«Ուրեմն նման բան գոյություն չունի, «Ժառանգությունն» այս պահին քաղաքական ուժերի հետ քննարկումների շարք է իրականացնում՝ հնարավորինս լայն դաշինք ստեղծելու ակնկալիքով։ «Ժառանգությունում» նման տրամադրություն չկա, որ ամեն մեկը գնա ինչ-որ մի կուսակցության ցուցակով, «Ժառանգության» անդամների եւ մամուլի այդ հրապարակման մեջ նշված անձանց համար պատգամավոր դառնալը կյանքի նպատակ չէ․ «Ժառանգության» խնդիրը շատ կոնկրետ է՝ իրավիճակ փոխել»։



- Այս պահին ո՞ւմ հետ եք բանակցում եւ ի՞նչ տարբերակով կարող է մասնակցեք ընտրություններին։



- Այս պահին թույլ տվեք չասել։ Երբ որ ավելի շատ կկոնկրետանա, կտեղեկացնենք։ Այս պահին հստակ բան չկա։



- Խոսակցություններ կան, որ «Ժառանգությունը» ռեսուրսների խնդիր ունի, այլեւս չի կարող միանձնյա պայքարի դուրս գալ ու դրա համար է, որ փորձում է ընտրությունների գնալ դաշինքով։



- Այդ խոսակցությունները պատի տակ խոսելու համար են, «Ժառանգությունն» առանձին մասնակցելով, իր թիմով կարող է խորհրդարան անցնել։ Դա խնդիր չէ։ Բայց զուտ խորհրդարան մտնելը մեզ համար նպատակ չէ։ Ես այստեղ չեմ լինելու այդ ժամանակ, հավանաբար, մեկնելու եմ սովորելու, ինչպես որ մամուլում գրված էր, բայց ես վստահ եմ, որ եթե «Ժառանգությունն» առանձին մասնակցի, նորից խորհրդարանում կունենա խմբակցություն։



- Այդ դեպքում ինչո՞ւ եք ուզում լայն դաշինքով մասնակցել ընտրություններին։



- Որպեսզի կարողանանք իրականում այդ փոփոխություններն իրականացնել։ Ոչ մի ուժ Հայաստանում առանձին չի կարողանա իշխանափոխություն անել։ Մեր խնդիրն է մաս կազմել այնպիսի իշխանափոխության, որը Հայաստանում լուրջ փոփոխություններ կբերի։



- Իսկ եթե դաշինքը չստացվի՞։



- Եթե դաշինք չստացվի, «Ժառանգությունը» միայնակ կգնա․․․ ես կարծում եմ, վստահ չեմ կարող ասել, քանի որ այդ վերջնական որոշումը «Ժառանգության» խորհուրդը կամ համագումարը կորոշի։ Բայց այս պահին դեռ շուտ է դրա մասին ասել, չի բացառվում, որ հնարավոր է եւ չմասնակցի ընտրություններին։ Այսինքն՝ այնուամենայնիվ, այդ հարցերին առաջիկայում հստակ պատասխան կտրվի։ Հիմա բանակցությունների փուլ է, իսկ առաջիկայում, երբ որ համագումար տեղի կունենա, այդ ամենի վերաբերյալ հստակ պատասխաններ կտրվեն։



- «Ժառանգության» էլեկտորատը պահպանվե՞լ է, ի՞նչ եք կարծում։



- Տեսեք, երբեւիցե «Ժառանգությունը» հեռու չի մնացել քաղաքական պրոցեսներից, չեք կարող ասել մի միջոցառում, որտեղ «Ժառանգությունը» որեւէ մասնակցություն չի ունեցել։ Կարող եք ասել՝ ՏԻՄ ընտրությունները, ես էլ կարող եմ ասել՝ ՏԻՄ ընտրություններում «Ժառանգությունն» ամեն ինչ արել է, որ առնվազն ընտրատեղամասերում ձայների պահպանման, ընտրությունները վերահսկելու իր գործառույթն իրականացնի։ Փողոցում ինչ միջոցառում եղել է, մասնակցել է․․․



- Այսինքն՝ դա թույլ է տվել պահպանե՞լ «Ժառանգության» էլեկտորատը։



- Ես չեմ կարծում, որ պահպանման մասին է խոսքը, որովհետեւ, այնուամենայնիվ, եթե քաղաքական ուժն իր գիծը չի փոխում եւ շարունակում է իր կոնկրետ գործառույթները, ոչ թե նրա էլեկտորատը պահպանվում է, այլ շատանում է։



- Եթե «Ժառանգությունը» չմասնակցի ընտրություններին, ինչը Դուք չբացառեցիք, ի՞նչ եք կարծում՝ դա ազնի՞վ կլինի «Ժառանգության» ընտրողների հանդեպ։



- Ես հիմա չեմ ուզում դրա մասին խոսել։ Ես զուտ տեսականորեն եմ ասում՝ չի բացառվում, որովհետեւ այս պահին նման միտում չկա։ Բայց, էսպես ասեմ, եթե «Ժառանգությունը» չմասնակցի ընտրություններին, ուրեմն փողոցում ակտիվ գործողությունների է անցնելու։ Դա բացառապես լինելու է ակտիվ գործողությունների պայմաններում։ Այսինքն՝ չի լինելու ուղղակի հետ քաշվել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ