Մեկ միլիարդ՝ կրթական ինչ-որ ծրագրի վրա․ շռայլությո՞ւն, թե՞ անհրաժեշտություն

Մեկ միլիարդ՝ կրթական ինչ-որ ծրագրի վրա․ շռայլությո՞ւն, թե՞ անհրաժեշտություն

Այս տարվա դեկտեմբերից ՀՀ կառավարության որոշմամբ տրվել է «Արարատյան բակալավրիատ» անունն ստացած ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է կրթության գերազանցության ծրագրի շրջանակներում։ Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերի ավագ դպրոցներում առնվազն մեկ դասարանով՝ հետագայում ընդլայնվելու ակնկալիքով։ Դրա համար պետք է նախ ընտրվեն այդ դպրոցները, հետո վերապատրաստում անցնեն ուսուցիչները, որոնք դասավանդելու են այս ծրագրով։ Ծրագրի հեղինակն «Այբ» հիմնադրամն է։ Այն պիլոտային տարբերակով արդեն իսկ գործարկվում է այդ հիմնադրամի կողմից գործող համանուն «Այբ» դպրոցում, նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցում։ Երեկ այս ծրագրի հետ կապ ունեցող երեք անձ՝ կրթության եւ գիտության նորանշանակ փոխնախարար Դավիթ Սահակյանը, ով մինչ այդ «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրենն էր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանն ասուլիս էին հրավիրել ու փորձում էին բացատրել, թե որն է այս ծրագրի էությունը, ինչու է անհրաժեշտ մեզ նման ծրագիր եւ այլն։ Ասուլիսին պետք է մասնակցեր նաեւ պաշտպանության փոխնախարար, «Այբ»-ի համահիմնադիր Դավիթ Փախչանյանը, բայց նա չկար։



Այս անգամ էլ ծրագիրն առաջ տանողները մի շարք կոնկրետ հարցերի չկարողացան հստակ ու սպառիչ պատասխան տալ, համոզել մեզ ու մեր միջոցով հանրությանը, թե ինչով է վատը մեր կրթական պետական ծրագիրը, ինչով է ապազգային եւ ոչ հայեցի, որ հիմա պետք է մասնավոր մի կառույց ստանա պետական աջակցություն եւ պետբյուջեից միլիոններ՝ իր կրթական ծրագիրը ներդնելու համար, եւ ինչպես է արտահայտվելու այդ ծրագրի ներդրումը։ Ծրագրի մեխը, որն իրենք համարում են ազգային կրթական ծրագիր, որով մեր աշակերտները պետք է ավելի հայեցի կրթություն ստանան, այն է, որ այս ծրագրով դպրոցն ավարտողները հետո կկարողանան հայերեն քննություններ հանձնելով՝ ընդունվել արտասահմանյան բուհեր։ Թեեւ անհասկանալի է մնում, թե ինչու պետք է, օրինակ, Քեմբրիջի կամ Օքսֆորդի համալսարան ընդունվել ցանկացողը Հայաստանում հայերենով քննություն հանձնի, եթե մեկ է, հետո կրթությունն այնտեղ օտար լեզվով է ստանալու։



«Ինչպես գիտեք, երկու տարի առաջ ազդարարվեց այս ծրագրի սկիզբը, որի նպատակն է լավագույն կրթական բովանդակությունը եւ տեխնոլոգիաները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր երեխաներին»,-ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը՝ նշելով, որ ծրագիրը ձեռք է բերել միջազգային ճանաչում Քեմբրիջի համալսարանի կողմից։ Ծրագրով, ըստ քահանայի, պետք է նոր սերնդի ուսուցիչներ պատրաստեն։ Բացի դպրոցներից, նրանք մտադիր են մոտ ապագայում այս ծրագիրը ներդնել նաեւ Հայաստանի համալսարաններում՝ որպես կրթության մագիստրատուրայի աստիճան։ Դավիթ Սահակյանն էլ ասաց, որ դպրոցներում ներդնելով այս ծրագիրը, աշակերտները պետք է ընտրեն՝ ուզո՞ւմ են նույն դպրոցում առանձին հոսքով այս ծրագրով ուսանել, թե՞ ոչ։ Եթե այո, ապա պետք է համապատասխան քննություններ հանձնեն, եւ 2018-ի սեպտեմբերից կլինեն առաջին աշակերտները, որոնք ավագ դպրոցի առայժմ միայն 10-րդ դասարանում կուսանեն «Արարատյան բակալավրիատի» ծրագրով՝ անվճար հիմունքներով։



Մենք մի քանի հարց ուղղեցինք բանախոսներին։ Նախ՝ որտե՞ղ կարող ենք գտնել այս ծրագիրը, որտե՞ղ է հրապարակված այն։ Որքա՞ն գումար է պետբյուջեից հատկացված այս ծրագրին եւ մինչ այժմ որքա՞ն գումար է փոխանցվել ու ծախսվել այս նպատակով։ Ինչո՞վ էր վատ մեր պետական ծրագիրը, ինչո՞վ հայեցի չէ մեր այսօրվա գործող ծրագիրը, որ պետք է հենց այս ծրագիրն այդ բացը լրացնի։



Մեր հարցերին պատասխանեց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, որը, սակայն, հստակ ու սպառիչ պատասխաններ չտվեց։ «Առաջին հարցը՝ կրթական ծրագրի հայեցակարգը դրված է «Արարատյան բակալավրիատի» ՖԲ էջում եւ կայքում (կայքը, ինչպես հետո տեղեկացանք, դեռեւս չի գործում)։ Իսկ կրթական ծրագիր կոչվածը մոտ 4-5 հազար էջանոց փաստաթուղթ է, որը ներկայացվել է Քեմբրիջի համալսարանին եւ մեր Կրթության ազգային ինստիտուտին, անցել է բոլոր փորձագիտական շտկումները եւ ճանաչվել է մեր ԿԳ նախարարութան կողմից։ Ես կարծում եմ՝ դա ավելի շատ կրթության մասնագետների գործն է այդ հազարավոր էջերը նայելը»,-ասաց նա՝ խոստանալով հարկ եղած դեպքում տրամադրել մեզ, որ ուսումնասիրենք։



Պետբյուջեից գումարների մասով էլ ասաց․ «Այդ բոլոր գումարները ֆինանսների նախարարության կայքի վրա կախված են, ես այս պահին չեմ կարող այդ բոլոր երեք տարիների թվերը գումարել եւ Ձեզ ասել»։ Երրորդ հարցին էլ այսպես պատասխանեց․ «Երբ ասում ենք՝ հայալեզու, մենք չենք ասում՝ մեր կրթական համակարգը հայալեզու չէ։ Մենք խոսում ենք միջազգայնորեն ճանաչելի հայալեզու կրթական ծրագրի եւ քննությունների մասին»։ Նկատենք, որ մենք այլ հարց էինք տվել՝ ինչո՞վ հայեցի չէ, բայց քահանա Արամյանը լրիվ այլ բան պատասխանեց։



Ինչ վերաբերում է պետբյուջեից ստացած գումարներին, ապա դրանց մասին մենք ժամանակին գրել ենք, որ շուրջ 1 միլիարդ դրամի մասին է խոսքը, եւ առաջին փուլում դրանից մոտ 250-300 մլն․ դրամն արդեն փոխանցվել է այս ծրագիրն իրականացնողներին։ Թե ինչ են արել այդ գումարները, ինչի վրա են ծախսել, ծրագրի հեղինակները չնշեցին՝ թողնելով անհայտ։



Տեր Մեսրոպը խնդրեց փողի մասին այդքան չմտածել։ «Եթե ծրագիրն իսկապես լավը լինի, փողը կգա ծրագրի հետեւից։ Պետությունը չունենա, մասնավորից կգա այդ փողը, որովհետեւ սա, ի վերջո, մեր արժանապատվության խնդիրն է»,-ասաց նախագահի խորհրդական քահանան՝ հիշեցնելով Էքզյուպերիի խոսքերը, որ միանգամից տան արժեքից չխոսենք, նախ խոսենք տան գեղեցկության մասին։ Մենք նկատեցինք, որ պատերազմող երկրի արժանապատվությունը նախեւառաջ պետք է սահմանը պահելը, զինվորին ու բանակը ֆինանսավորելը լինի՝ արդյո՞ք նման թանկարժեք ծրագիրը, որի հիմնավորվածությանը հենց կրթության համակարգի մասնագետներն են կասկածում, հույժ անհրաժեշտություն է այսօր։ Տեր Մեսրոպը համաձայնեց, որ պաշտպանական խնդիրներն այսօր առաջնային են մեզ համար․ «Թե՛ պետությունը, թե՛ մեր փոքրիկ «Այբ» համայնքը պակաս ուշադրություն չեն դարձնում այդ խնդիրներին։ Դե, մեզ համար սրբության սրբոց է, եւ խնդրում եմ հակադրության մեջ չդնել»։



Քահանա Արամյանը նշեց նաեւ, որ իրենց նպատակն է, որ «Արարատյան բակալավրիատը» մուտք գործի բոլոր ավագ դպրոցներ։ Ապա հպանցիկ նշեց, որ հենց պետությունն է դիմել իրենց, որ նման ծրագիր ներկայացնեն։ Պետությունից կոնկրետ ո՞վ, Արամյանն ասաց՝ պետության ղեկավարությունը՝ նախագահի մակարդակով։ Իսկ մրցույթ հայտարարվե՞լ է։ Այս հարցին պատասխանեց Դավիթ Սահակյանը․ «Մրցույթ՝ ինչի՞ համար։ Այսինքն, գալիս ասում են՝ Վահե ջան, դու քո մոտ մի հատ բան ես արել, շատ լավն է, ո՞նց անենք, որ քո օրինակը տարածվի։ Բայց եկեք մրցույթ անենք, թող մեկ ուրիշը դա տարածի»։ Նրան լրացրեց տեր Մեսրոպը․ «Հենց որ Հայաստանում որեւէ մեկն ի վիճակի լինի համակարգ ստեղծելու, իր հետեւից, հավատացեք՝ վազելով գնալու են։ Որեւէ մեկը գնացել դիմե՞լ է պետությանը, ցույց տվե՞լ է, որ ինքն ունի ստեղծած ինքնուրույն ծրագիր»։ Սակայն ամբողջ բանն այն է, որ ինքնուրույն ծրագրի, այն էլ հաջողված ծրագրի մասին խոսելը դեռ շատ վաղ է՝ այդ դպրոցը դեռ անգամ շրջանավարտներ չի տվել, ի՞նչ արդյունքների մասին է խոսքը։ Գուցե արդյունք են դիտում այն, որ մի խումբ մեծահարուստներ իրենց երեխաներին իրենց դպրո՞ցն են տարել։ Բայց «Այբ»-ի հիմնադիրներն այլ կարծիքի են՝ Արամյանն ասում է․ «Այն, ինչ մենք արել ենք միջազգային չափանիշներով, դա մեծագույն հանդգնություն ենք համարում, որովհետեւ այսօր աշխարհում մարդկանց 99 տոկոսն զբաղված է պատրաստի կրթական ծրագրեր սպառելով, որեւէ մեկը չի մտածում իրենն ստեղծել»։ Ըստ էության, ճիշտ է ասում՝ մեծագույն հանդգնություն է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին անհասկանալի ու այդպես էլ լիարժեք ընկալելի չդարձած մի ծրագրի մեկ միլիարդ դրամ տրամադրելը, բայց Արամյանը հակառակ կարծիքին է․ «Մենք չունենք այդպիսի շռայլություն, որ կրթության վրա տնտեսենք»։



Ի դեպ, որպես այս ծրագրի հիմնավորում, ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանը հռետորական հարց է հնչեցնում․ «Հարց եմ տալիս՝ ազգային բանակ պե՞տք է, թե՞ պետք չէ։ Ինչի՞ համար, գուցե ամերիկյան բանակն ավելի՞ լավն է, իսկ գուցե Ռուսաստանի՞ հետ պայմանավորվենք՝ գա մեզ ապահովի»։ Դավիթ Սահակյանին ընդամենը հիշեցրինք, որ այս ընթացքում ԵՊՀ-ում, Մատենադարանում եւ տարբեր տեղերում այս ծրագրի քննարկումներին շատերն են դեմ արտահայտվել, քննադատել «Այբ»-ի ծրագիրը։ Սահակյանը համաձայնեց՝ այո, շատերը, հետո նկատեց, որ մեր գրած հոդվածների հետ էլ որոշ մարդիկ համաձայն չեն։ Օրինակ՝ ինքը։ Մի տարբերությամբ, որ մեր գրած հոդվածների վրա պետությունը փող չի ծախսում, այն էլ իր վճարած հարկերից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ