Ռուս-թուրքական բալլադ. մերձեցո՞ւմ, թե՞ նոր չարիքի նախադուռ

Ռուս-թուրքական բալլադ. մերձեցո՞ւմ, թե՞ նոր չարիքի նախադուռ

Ռուսները չեն սխալվում, երբ հայտարարում են, որ իրենց դեսպանի ահաբեկումն Անկարայում փորձ է` սեպ խրելու ռուս-թուրքական հարաբերություններում:



Թե ինչով կարող են ավարտվել ռուս-թուրքական չափից դուրս մերձեցումները, միջազգային հանրությունը լավ է հասկանում: Ուղիղ 100 տարի առաջ թուրք-բոլշեւիկյան դաշինքի պրոդուկտը դարձավ ԽՍՀՄ-ը եւ Առաջին համաշխարհային պատերազմով որոշված աշխարհաքաղաքական կարգի աղավաղումը, այդ թվում նաեւ հայկական հարցի տապալումը: Այսօր այդ նույն մերձեցման արդյունքում տապալվում են Իսրայելն անբարեհամբույր ռեժիմների շրջափակումից դուրս բերելու, տարածաշրջանում ռուս-թուրքական ժանդարմերիայից ձերբազատվելու ձգտումները: Նկատենք` Արեւմուտքն ամեն ինչ արեց ռուս-թուրքական դաշինք թույլ չտալու համար, ընդհուպ համաձայնեց Իրանի միջուկային ծրագրի բավարարմանը, սակայն Էրդողանն շտապեց ներողություն խնդրել Ռուսաստանից Су-24-ի միջադեպի համար եւ սիրիական պատերազմում ակնհայտ ռուսական կողմնորոշում որդեգրեց` ՆԱՏՕ-ի իր գործընկերներին թողնելով ձեռնունայն: Դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը հերթական Су-24-ի խոցում էր` մեսիջ Ռուսաստանին եւ Թուրքիային այն մասին, որ այդ երկրների լավ հարաբերությունները, այնուամենայնիվ, ունեն մի սահման, որից այն կողմ անցնել չի կարելի: Այս օրերին Մոսկվայում գտնվող Չավուշօղլուն չեղյալ հայտարարեց իր այցն Ուկրաինա, եւ սա Թուրքիայի պատասխանն էր Արեւմուտքին` դեսպանի սպանության համար:



Ռուսաստանը, ի զարմանս շատերի, բավականին թեթեւ տարավ սպանությունը: Սա մեկ բան կարող է նշանակել` Су-24-ի պատմությունից հետո շատ բան է փոխվել ռուս-թուրքական հարաբերություններում: Չի բացառվում, որ մասնատման վտանգ զգացած Թուրքիան այդ ընթացքում հասցրել է նորանոր քաղաքական համաձայնություններ ձեռք բերել Ռուսաստանի հետ ոչ միայն Ուկրաինայի, Ղրիմի եւ Սիրիայի հարցերում, այլեւ նոր ձեւավորվող միության` ԵԱՏՄ-ի, որի մասին խոսելիս, վերջերս, ՌԴ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց, թե չի բացառում հետխորհրդային տարածքներում նույն կազմով միության ձեւավորման հնարավորությունը: Պատմությունը, ինչպես ասում են, կրկնվելու հատկություն ունի, իսկ այս դեպքում նույնիսկ խաղացողներն են նույնը` Ռուսաստանը եւ Թուրքիան:



Ռուսաստանը, որ փշերով էր ընդունում թուրք-սիրիական սահմանի երկայնքով թուրքական ինքնաթիռների թռիչքն անգամ, «ԻՊ»-ի միջոցով սիրիական նավթի գողության մեջ մեղադրում Թուրքիայի նախագահի ընտանիքին, համաձայնեց, որ թուրքական զորքերը ներխուժեն Սիրիա եւ իրականացնեն Էրդողանի վաղեմի երազանքը` այդ սահմանի մոտ, այսպես կոչված, ոչ թռիչքային գոտի ստեղծելու ուղղությամբ: Սիրիայի եւ Թուրքիայի քրդերը դարձյալ խաբվեցին, մինչդեռ ամիսներ առաջ Ռուսաստանը խրախուսում էր քրդերին:



Թուրքիան եւ Ռուսաստանը մշտապես են կեղտոտ խաղերի մեջ: Երկուսն էլ ձգտում են տիրապետության մերձավորարեւելյան տարածաշրջանում: Չունենալով միմյանց նկատմամբ նկատելի առավելություն` նրանք կամ անհաշտ պայքարի մեջ են, կամ ոխերիմ բարեկամության, որը ժամանակ առ ժամանակ պայթեցվում է տհաճ միջադեպերով: Ռազմական հեղաշրջումները, ռուսական ինքնաթիռի խոցումը, դեսպանի սպանությունն այդ շարքից են:



Ռուս-թուրքական բարեկամությունը 100 տարի առաջ ողբերգական հետեւանքներ ունեցավ հայության համար: Տապալվեց Սեւրի դաշնագիրը, Հայաստանի Հանրապետության փոխարեն ի հայտ եկավ Սովետական Հայաստանը, Ղարաբաղը եւ Նախիջեւանն արհեստականորեն միացվեցին Սովետական Ադրբեջանին` ըստ էության արհեստականորեն ստեղծված երկրորդ Թուրքիային` ի նշան բարի կամքի: Այս քայլերով Ռուսաստանը, փաստորեն, փրկեց Թուրքիային «միջազգային իմպերիալիզմի» հեռավոր գաղութը դառնալու հեռանկարից: Որոշ ժամանակ անց, սակայն, Խորհրդային Միությունն ստիպված էր ռազմագիտության դպրոցական դասագրքերում Թուրքիայի բանակը ներառել հակառակորդ բանակների շարքում, որովհետեւ ինքզինքը վերագտած Թուրքիան արդեն հասցրել էր հիտլերյան կոալիցիայում լինել եւ անդամագրվել ՆԱՏՕ-ին` դաշնակցից վերածվելով հակառակորդի:



Վստահաբար, ժամանակավոր բնույթ է կրում նաեւ ռուս-թուրքական ներկայիս մերձեցումը: Այն պայմանավորված է Սիրիայում ռուսական զենքի հաջողություններով: Արեւմուտքի սխալ հաշվարկներն Իրաքում եւ Սիրիայում նպաստեցին Թուրքիայի դերակատարության կարեւորության բարձրացմանը: Դիցուք` Սիրիայի հարցում Արեւմուտքի կողմից Թուրքիան նկատվում էր որպես Ռուսաստանին զսպող ուժ: Սակայն փորձը ցույց տվեց, որ Թուրքիային իր սեփական խնդիրներն են ավելի շատ հուզում, քան Արեւմուտքի ծրագրերը:



Ո՞ր կետում Ռուսաստանը եւ Թուրքիան կհասկանան, որ չեն կարող հաշտության մեջ ապրել, եւ միշտ կլինեն պահեր, երբ նրանց կայսրապաշտական ձգտումները կծառանան միմյանց դեմ, ժամանակի հարց է:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ