Քաղաքացին բողոքում է «Երեւան Սիթիից»

Քաղաքացին բողոքում է «Երեւան Սիթիից»

Hraparak.am-ի խմբագրություն զանգահարած Երեւան քաղաքի բնակիչ Էդուարդ Գեւորգյանը ասում է, որ ինքը միշտ առեւտուր է անում Մալաթիայի «Երեւան Սիթի» սուպերմարկետից։ Հունվարի 9-ին նա գնել է կարմիր պղպեղ եւ դդմիկ, վճարել է 1500 դրամ, սակայն հետո պարզել է, որ այդ մթերքը փչացած է։ Մթերքը, ըստ նրա, եղել է փաթեթավորված։ Երբ քաղաքացին ասել է, որ մթերքը փչացած է, սուպերմարկետից արձագանքել են, թե ինչու գնելուց առաջ նախապես չի ստուգել այն։ Մակաթիա- Սեբաստիա վարչական շրջանի «Երեւան Սիթի» սուպերմարկետի մենեջեր ներկայացած աշխատակցուհին նախ հրաժարվեց որեւէ պարզաբանում տալ հեռախոսով։ Հետո, այնուամենայնիվ, հարց ուղղեց հեռախոսով․ «Դուք տեսե՞լ եք ապրանքը, ե՞րբ է գնել այն։ Երբ ապրանք եք գնում, հստակ նայում եք, ապրանքը տեսանելի է, փաթեթավորումը փակ չէ։ Դուք կգնե՞ք բորբոսնած ապրանք։ Ես կարող եմ ասել, որ նման բան չի եղել, քաղաքացին ապրանքը գնել է ամսի 9-ին, նորմալ վիճակում, տարել է տուն։ Մենք ի՞նչ իմանանք, թե ինքը ինչ պայմաններում է պահել ապրանքը, ինչ սառնարանում, պահում է երեք օր, հետո բերում, որ օրը վերցրել էր, թող նույն օրը բերեր»։ Մենեջերը տեղեկացրեց, որ քաղաքացին գնված ապրանքը այսօր է բերել սուպերմարկետ։