Օպերային թատրոնը պետք է ռեբրենդինգ անել

Օպերային թատրոնը պետք է ռեբրենդինգ անել

Թատերական գործիչ Արթուր Ղուկասյանը դեկտեմբերի վերջին նշանակվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր պրոդյուսեր: Արթուր Ղուկասյանը թատերական աշխարհում ճանաչված ֆիգուր է, 2002-ից` «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահն է, դասավանդում է նաեւ արվեստի կառավարում եւ մշակութային քաղաքականություն Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, իսկ օպերային թատրոնում իր՝ գլխավոր պրոդյուսերի աշխատանքը համարում է մարտահրավեր, որը փորձելու է հաղթահարել։



- Պարոն Ղուկասյան, տարեվերջին նշանակվեցիք օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր, ի՞նչ փոփոխություններ եք նախանշել թատրոնում եւ որտեղի՞ց եք դրանք սկսելու։



- Դեռ ծանոթանում եմ կոլեկտիվի հետ, որովհետեւ բավականին մեծ կոլեկտիվ է՝ մոտ 650 մարդ, որտեղ կա 4 մաս՝ երգչախումբ, նվագախումբ, բալետ, օպերային մաս եւ մեկ բեմ։ Մինչդեռ Մեծ թատրոնում կամ Ստոկհոլմի Թագավորական թատրոնում կա մի քանի բեմ, նվագախմբի մի քանի կազմ, որն ավելի է հեշտացնում աշխատանքը։ Իհարկե, մինչ այդ չէի պատկերացնում, թե ինչ բարդ է այդ ամեն ինչը, բայց մենք արդեն աշխատում ենք թիմով՝ թե տնօրենի եւ թե գեղարվեստական ղեկավարի հետ։ Խնդիրն այն է, որ մենք ունենք լավ մեներգիչներ, լավ պարողներ, լավ երաժիշտներ, բայց արտադրանքը մեզ մոտ կարծես կաղում է, այսինքն՝ 21-րդ դարի չէ, պետք է ավելի ժամանակակից դարձնենք, ավելի մրցունակ ուրիշ երկրների օպերային թատրոնների հետ։ Ես չեմ սպասում, որ մեզ մոտ միանգամից ամեն ինչ կլավանա՝ հասկանալով երկրի վիճակը եւ այն ռեսուրսները, որ կարելի էր մի քիչ ավելի շատ տրամադրել երկրի գլխավոր թատրոնին, բայց մենք կլայնացնենք եւ կստեղծենք կապեր տարբեր երկրների մեր գործընկեր օպերային թատրոնների հետ, որպեսզի մեր օպերային թատրոնը մտնի տարբեր ցանցերի մեջ։ Դա կօգնի եւ ինֆորմացիոն առումով, եւ համարտադրությունների, եւ ներկայացուցչական մեր ֆունկցիաները զարգացնելու համար։ Մեզ մոտ պետք է արվի նաեւ ռեբրենդինգ, որպեսզի օպերային թատրոնը լինի ավելի ընդունելի եւ ընկալելի հանդիսատեսի կողմից, նաեւ պրոֆեսիոնալ հանդիսատեսի մակարդակը բարձրանա։ Այս գաղափարը կոչվում է հանդիսատեսի հետ աշխատանք, որը, միանշանակ, պետք է զարգանա։



- Վերջին տարիներին Օպերայում ստեղծվել էր PR-ի բաժին, դա փակվելո՞ւ է, թե՞ դրա ռեսուրսները նույնպես օգտագործելու եք։



- Կա մենեջմենթի բաժին, որտեղ կա PR-ի ուղղվածությունը, ու դա ոչ թե կփակվի, այլ կզարգանա, կլայնանա, որովհետեւ օպերային թատրոնի բոլոր նախագծերի պատասխանատուն ես եմ լինելու եւ աշխատելու եմ գեղարվեստական ղեկավարի հետ, որը պետք է գծի մշակութային քաղաքականությունը։ Դա համար մեկ աշխատանքն է, որը մեր տեսակի երկրներում դեռ չեն հասկանում եւ մտածում են, որ գեղղեկը պետք է գլխավոր ռեժիսորը լինի։ Դա այդպես չէ, նա կարող է ռեժիսոր չլինել, բայց լինել արվեստագետ, որը հասկանում է, թե ինչպես է զարգանալու, եւ որն է բուն իմաստը ազգային թատրոնի։



- Թատրոնում կոնկրետ Ձեր գործառույթներն ինչո՞ւմ են կայանալու, այդ մշակութային քաղաքականությունն ավելի արդյունավետ ներկայացնելու մե՞ջ։



- Այո, նաեւ ստեղծել ապրանք, որ այս ամեն ինչն ավելի լավ զարգանա, եւ բոլոր այն նախագծերը, որի մեջ ներգրավված է օպերային թատրոնը, առաջ եմ տանելու ես, այսինքն՝ յուրաքանչյուր տեսակի համարտադրություն կամ աշխատանք՝ արտասահմանցի մասնագետների հետ, զարգացնելու ենք ազգությամբ հայ երգիչների, պարողների, ռեժիսորների հետ, որոնք արդյունավետ աշխատում են ուրիշ երկրներում, թող նրանք չմոռանան Հայաստանի մասին եւ այստեղ էլ դա անեն։ Բարդ է, բայց հնարավոր է, գլխավորը սկսելն է, իսկ ինչի՞ց սկսել՝ սկզբից։ Վերջին տարիներին «էլիտար» բառը շատ պարզունակացվեց, գովազդների մեջ էլիտար էլ ինչ ասես չեն գովազդում, բայց մենք, միանշանակ, պետք է հասկանանք, որ էլիտարն արվեստն է, որը բարձրացնում է երկիրը։



- Օպերայի վարկանիշը նաեւ ընկավ, երբ նրա դռները բացվեցին ամեն տեսակ փոփ ու ռաբիս երաժիշտների առաջ։ Կարելի՞ է ենթադրել, որ Օպերան Ձեր մատնանշած էլիտար սանդղակին հասցնելու համար կփակեք վարձակալության դռները բոլոր տեսակի էժանագին կատարողների առաջ։ Այսինքն՝ ինչքանո՞վ կխստացնեք այդ չափանիշները։



- Արդեն խստացվել է, եւ այն ահավորությունը, որ կոչվում էր ռաբիսի փառատոն ու կար Օպերայում, դա արդեն չկա, ցածրամակարդակ փոփ երգիչների համերգները կխստանան, էլի խիստ է, բայց ավելի կխստանա։ Մյուս կողմից էլ՝ ես հասկանում եմ իրենց՝ բա ի՞նչ անեն, գումարները որտեղի՞ց գան, պետությունը շատ հստակ բաների համար է գումար տալիս ՝ աշխատավարձ, շենքի պահպանություն, եւ նույնիսկ ներկայացումների վրա շատ քիչ գումար է հատկացնում։ Հետո ուրիշ բան էլ կա․ Երեւանը չունի մեծ, պրոֆեսիոնալ դահլիճներ։ Բայց, միանշանակ, պետք է ինչ-որ բաներ տարանջատենք, ընտրություն կատարենք, որ եւ գումար գա թատրոն, եւ չընկնի թատրոնի անունը։



- Որպես գլխավոր պրոդյուսեր, Դուք Ձեր քայլերը պարտադիր համաձայնեցնելո՞ւ եք թատրոնի տնօրենի եւ գեղղեկավարի հետ, թե՞ անկախ եք գործելու։



- Միանշանակ՝ համաձայնեցնելու եմ, հասկանալի է, որ մանր հարցերի դեպքում՝ ոչ, բայց մեծ նախագծերի դեպքում միասին ենք աշխատելու, թու-թու-թու, իրար հասկանում ենք կես բառից, եւ դեռ չեմ տեսել տարաձայնություններ։ Մի գլուխը լավ է, 3 գլուխը՝ ավելի լավ, բոլորն էլ շատ լավ մասնագետներ են եւ մեծ փորձ ունեն։



- Բայց Կոնստանտին Օրբելյանի դեպքում դժվարություններ չե՞ն առաջանա, նա անընդհատ գնում-գալիս է։



- Գեղղեկն իրավունք ունի այս ամենն անելու, քանի որ ինքը ռազմավարական հարցերն է մշակում, բայց առաջիկա մի քանի ամիսն այստեղ կլինի։ Հետո ինքը, որ գնում-գալիս է, դա մեր շնորհքն է ու պատիվը, որովհետեւ դրսում ինքն արդեն ներկայանում է որպես Հայաստանի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար։



- Այսինքն կարծում եք, որ աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը չի տուժի դրանից։



- Կփորձենք ամեն ինչ անել, որ ոչ միայն չտուժի, այլեւ շատ արագ զարգանա։



- Իսկ արդեն կա՞ն կոնկրետ նախանշված ծրագրեր, թեկուզ առաջիկա 6 ամսվա համար։



- Բնականաբար կան, ու մինչեւ իմ գալն արդեն կային որոշակի ծրագրեր, բայց այն, ինչ մենք ենք մտածում, ու այն գաղափարները, որ ես ունեմ ու կիսում եմ իմ գործընկերների հետ, դեռ նոր-նոր ենք ձեւավորում, որի արդյունքը կտեսնեք 2017-ի ընթացքում։ Երկարաժամկետ ծրագրեր էլ ունենք, բայց միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ մեզ արդյունք է պետք։



- Հասկանում եմ, որ Ձեզ համար հիմա դժվար կլինի առնվազն սոլիդարությունից ելնելով ասել, թե ինչ բացթողումներ ունի թատրոնը մենեջմենթի, կառավարման տեսանկյունից, բայց, այնուամենայնիվ, նշեք թատրոնում առկա այն խնդիրները, որ միանգամից լուծում են պահանջում։



- Այն ամենը, ինչ արդեն ասացի, չի նշանակում, որ այնտեղ մարդիկ նստած բան չեն անում, իրենք աշխատում են, պարզապես հիմա գուցե միասին ինչ-որ բաներ շտկենք, ուղղություն ցույց տանք, ասենք, օրինակ, որ պետք չէ այս պատը ջարդել, կարելի է ընդամենը պատուհանը բացել, ու օդը կգա։ Դրսի հայացքն ուրիշ է, եւ այն փորձը, կապերը, կրթությունը, որ ունեմ ես որպես արթմենեջեր, եւ այն արդյունքները, որին հասել ենք՝ զրոյից անելով փառատոն, այս ամենն ինձ տալիս է վստահության այն կրեդիտը, որ մարդիկ ասում են՝ եթե Արթուրն ասում է, ուրեմն գիտի։



- Երբ իմ ծանոթներին հարցնում էի, թե ինչ սպասելիքներ ունեն Ձեզնից, նրանք ասում էին, որ ուզում են հանդիսատես բերեք թատրոն, քանի որ ներկայացումների մեծ մասը կիսադատարկ դահլիճներում է անցնում։ Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր եք անելու։



- Առաջինը, բնականաբար, պիտի հասկանանք, թե ինչի վրա են գալիս մարդիկ, որ ներկայացումներն են իրենց դուր գալիս, որ ներկայացումները պետք է շտկել, կան ներկայացումներ, որ ընդհանրապես պետք է հանել եւ ուրիշ ներկայացումներ բերել։ Ինձ համար, որպես հանդիսատես, ամենակարեւորը թատրոնում այն է, որ ներկայացումը լինի ներկայացում, ոնց են երգում, խաղում, այդ ամբողջ անտուրաժը։ 2-րդ․ պետք է օգտագործել այն լծակները, հնարքները, որ մենք ունենք, եւ զարգացնենք այն, ինչ կապված է սոցիալական ցանցերի, նաեւ արտաքին գովազդի հետ, օպերային թատրոնի շենքն օգտագործենք ինչ-ինչ բաների համար, որպեսզի գրավենք ուշադրություն, ինչպես նաեւ ԶԼՄ-ների հետ աշխատանք տանել։ Ամբողջ թատրոնը դրա վրա պետք է աշխատի՝ հասկանալով, որ ամենակարեւոր բանը դա այն է, որ հանդիսատեսը գա ու տեսնի ներկայացում։ Ընդհանրապես, կան թատրոններ, որոնք ժամանակ առ ժամանակ մոռանում են հանդիսատեսի մասին, ու ոնց որ իրենց համար ինքնանպատակ լինի այս կամ այն գործը բեմադրելը, որը մի քանի անգամ խաղալուց հետո վերջանում է, բայց չէ՞ որ այդ ներկայացումն անելու վրա ծախսվել են գումարներ, ներվեր, աշխատանք, ժամանակ, եւ դա ստեղծագործողների մոտ առաջացնում է առնվազն անհավեսություն։



- Վերջերս երաժիշտներից մեկն ինձ ասաց, որ Օպերային թատրոնի վարկանիշի եւ հանդիսատեսի հարցը լուծելու համար պետք է այն ընդգրկել տուրիստական ուղեցույցների մեջ եւ Հայաստան այցելած տուրիստին ցույց տալ մեր այցեքարտային ներկայացումները՝ «Անուշը», «Սպարտակը», «Գայանեն»։



- Դա արդեն հաշվի ենք առել, եւ այն պետք է արվի ոչ թե տրեխական, այլ բարձր մակարդակով։ Տուրիզմի եւ տուրիստական սեզոնի հետ կապված, միանշանակ, մտածել ենք քայլեր ձեռնարկել, որովհետեւ գիտեմ մարդկանց, որոնք ասում են՝ լավ, գնացինք Գառնի-Գեղարդ, այս կամ այն ռեստորանը, բայց հետո ի՞նչ անենք, ի՞նչ մշակութային օջախ գնանք։



- Մեր երկրում մշակույթին շատ քիչ գումարներ են տրվում, որպես պրոդյուսեր՝ այդ ֆինանսները որտեղի՞ց եք հայթայթելու։



- Ցավոք սրտի, բոլոր երկրներում է այդպես։ Կփորձենք տարբեր տեղեր դիմել, բնականաբար՝ նաեւ պետությունից ստանալ գումարներ՝ առաջարկելով նոր նախագծեր եւ ապացուցելով, որ, միանշանակ, դա անհրաժեշտ է։ Բայց, պետությունից բացի, կան նաեւ գործընկերներ, որոնք պետք է լավ իմաստով ցավով վերաբերվեն օպերային թատրոնին եւ ասեն՝ զուր չի գնում այն գումարը, որ տալիս եմ այդ թատրոնին, ես էլ եմ գործընկեր եւ ես էլ իմ լուման ունեմ, որ օպերային թատրոնը զարգացավ։ Բնականաբար, զարգացնելու ենք արտասահմանի հետ կապերը, տարբեր ցանցերում մեր ներգրավվածությունը, որտեղ հնարավորություն կլինի որոշակի համարտադրությունների։ Այսինքն՝ օգտագործելու ենք եւ դրսի, եւ մեր ներքին ռեսուրսները։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ