Կուզեինք լինել օրիգինալ եւ նկարել հայկական ֆիլմեր ոչ «Օսկարի» համար

Կուզեինք լինել օրիգինալ եւ նկարել հայկական ֆիլմեր ոչ «Օսկարի» համար

2016թ-ի սեպտեմբերին հայկական կինոշուկայում էկրան բարձրացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որը կարճ ժամանակում դարձավ ոչ միայն ամենաքննարկված, այլ նաեւ ամենասիրված ֆիլմը։ Ֆիլմը գնահատեց ոչ միայն սովորական հանդիսատեսը, այլ նաեւ պրոֆեսիոնալ կինոգործիչները, դա փաստեց 2016թ-ի դեկտեմբերին կայացած Ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունը, որի ժամանակ  ֆիլմը մրցանակ նվաճեց միանգամից մի քանի անվանակարգերում` լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն օպերատոր (Վահագն Տեր-Հակոբյան), լավագույն դերասան (Սամվել Թադևոսյան):



«Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումների ընթացքում էլ հենց սկսվեց ապրիլյան պատերազմը, որը պրոդյուսերներին եւ ռեժիսորին դրդեց մտածել 2-րդ ֆիլմի ստեղծման մասին: Երեկ արդեն մեծ էկրան բարձրացավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2, 25 տարի անց» ֆիլմը, որը, ռեժիսորի խոսքերով, մեր հերոսների մասին է։



«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի հերոսները ճանաչելի են էկրանից, նրանցից յուրաքանչյուրի ճակատագրի միջով տեսնում ենք մեր անցած ճանապարհը, ձեռքբերումները, ձախողումները: Ֆիլմում շատ են հերոսների բերանից հնչող եւ այսօրվա մեր բարքերին ուղղված մեսիջները. արտագաղթ, սոցիալական ծանր վիճակ, օլիգարխ դարձած մերօրյա երբեմնի հերոսներ։ Ժամանակը կարծես կանգ է առել․ ինչպես 25 տարի առաջ, հիմա էլ պատերազմ է, թշնամու ձեռագիրը չի փոխվել, թարմ են հիշողությունները ապրիլյան պատերազմից եւ Թալիշի ահասարսուռ դեպքերից, այդ ամենը կա ֆիլմում, բայց ամենից շատ ֆիլմում կա սեր՝ զինվորին պատերազմից տուն հասցնող մեծ սեր։ Դա միակ բանն է, որ ապրեցնում է կյանքում ու կռվում։ Գուցե նաեւ դրանով էր պայմանավորված, որ ֆիլմի 2-րդ մասում հերոսը չի մեռնում, նրան փրկում է սերը։ Բայց, ինչպես ռեժիսորն է կատակով նշում ֆիլմի պրեմիերայից հետո, «2-րդ հերոսի մահն ինձ արդեն չէին ների»։



Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նարինե Գրիգորյանը, Անի Ղազարյանը, Արծրուն Չոբանյանը, Դիանա Մալենկոն, Դմիտրի Մարյանովը, Գագիկ Մադոյանը, Արմեն Մարգարյանը, Վարուժան Մարգարյանը։     



«Ֆիլմը Ղարաբաղյան պատերազմի մասին չէ, այն երիտասարդների մասին է, որոնց կյանքը ուրիշ կերպ դասավորվեց։ Ֆիլմը նրա մասին է, որ 25 տարի է անցել, բայց մենք դեռ կռվի, պատերազմի մեջ ենք»,-ասում է պրոդյուսեր Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ նպատակ չեն ունեցել ֆիլմ նկարել ապրիլյան պատերազմի մասին, ավելին՝ այն այսօրվա մասին է։ Ղազարյանը ընդգծում է՝ ֆիլմը նկարահանել են հայ հանդիսատեսի համար, բայց բացառված չէ, որ այն ներկայացնեն նաեւ տարբեր փառատոնների։   



Ռեժիսորին ուղղված այն հարցին, թե պատրաստվում են ֆիլմը ներկայացնել «Օսկարի՞», նման խոսակցություններ են շրջանառվում, Մհեր Մկրտչյանը նկատեց. «Կուզեինք լինել օրիգինալ եւ նկարել հայկական ֆիլմեր, որոնք չեն նկարվում «Օսկարի» համար»,-ասում է ռեժիսորն ու ընդգծում, որ ֆիլմ նկարելուց փորձում է անել լավագույնը. «Իհարկե, ես կուզեի, որ ֆիլմը դիտելուց հետո շատ մարդկանց մոտ շատ բան փոխվի։ Մեծամիտ են եւ կեղծ այն ռեժիսորները, ովքեր գիտեն, որ իրենց ֆիլմը կունենա հաջողություն»,-ասաց նա ու նշեց, որ դժվար թե լինի «Կյանք ու կռիվ 3»։



Ի դեպ, «Զանգակ» հրատարակչությունը, հաշվի առնելով հանրության մեծ ուշադրությունը ֆիլմի նկատմամբ, որոշել է հրատարակել ֆիլմի սցենարի վրա հիմնված «Կյանք ու կռիվ» վեպը: Վեպի հեղինակը հայտնի արձակագիր, դրամատուրգ, վերջին երկու տասնամյակում Հայաստանում ամենից ընթերցվող հեղինակներից մեկն է` Գուրգեն Խանջյանը: Ինչպես նշեց գրականագետ Հայկ Համբարձումյանը, գրքի առաջին մասն արդեն գրված է, 2-րդ մասը հեղինակը կավարտի մայիսին։ Ըստ Համբարձումյանի, հիմնական մեսիջները պահպանել են եւ փորձել ամբողջացնել նաեւ ժամանակաշրջանը։ Նա նկատում է՝ սա կայացման վեպ է ոչ միայն երկրի, այլ նաեւ հերոսների, որը նաեւ զոհաբերման մասին է։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ