Մենք այս երկրի գործերին մասնակից ենք լինելու, բայց ոչ միայն երկիրը սիրելով

Մենք այս երկրի գործերին մասնակից ենք լինելու, բայց ոչ միայն երկիրը սիրելով

Հունվարի 29-ին Լոս Անջելեսում՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, համաժողով էր կազմակերպվել՝ նվիրված Հայաստանի ժողովրդավարացման խնդիրներին։ Այն կրում էր «Աստեղային դիվանագիտություն։ Վերասահմանելով Հայաստանի նշանակությունը Սփյուռքում» խորագիրը։ Համաժողովին ելույթ ունեցան փորձագիտական մի քանի խմբեր՝ դասախոսներ, ակադեմիկոսներ՝ տարբեր համալսարաններից, ովքեր մեծ փորձ ունեն ժողովրդավարացման ոլորտում։ Քննարկման հաջորդ փուլում արդեն ելույթ ունեցան նշանավոր դեմքեր, որոնց մեջ էին ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, կատակերգու Վահե Բերբերյանը, ովքեր 2016թ․ սեպտեմբերի 21-ին Սփյուռքում սկիզբ դրեցին «Արդարադատություն Հայաստանում» քարոզարշավին։ Բանախոսներին ուղղված հիմնական հարցադրումն այն էր, թե ինչպիսին պետք է լինի Սփյուռքի դերը Հայաստանի քաղաքական կյանքում եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում։



Դերասանուհի Արսինե Խանջյանն իր խոսքում նշեց, որ թեեւ միշտ էլ կապ է ունեցել Հայաստանի կյանքի հետ, բայց ավելի մոտիկից առնչվեց հայաստանյան խնդիրներին հուլիսյան դեպքերից հետո, ըստ այդմ՝ պատասխանատվության զգացումն էլ ավելի մեծացավ։ Դրան նպաստեց նաեւ ապրիլյան պատերազմը, որից հետո Սփյուռքում ապրողներն սկսեցին այլ կերպ ընկալել այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում. «Անկախության առաջին օրերից Հայաստանը սոցիալական, քաղաքական ինքնություն է ձեւավորում ոչ կայուն հարթակների վրա։ Երկրի անվտանգությունն ամենակարեւորն է, բայց այս ստատուս քվո վիճակն արդեն ամենավտանգավորն է երկրի համար...։ Հայաստանում կա քաղաքացիական հասարակություն, եւ մենք դրա մասին գիտենք, այլ հարց է, թե ինչքանով են կարողացել իրենց ձայնը լսելի դարձնել։ Քաղաքացիական հասարակություն կա նաեւ Սփյուռքում, որոնց միջեւ մինչ օրս կապ չի եղել։ Այս 25 տարիներից հետո եկել է պահը, որպեսզի հասկանանք, որ օժանդակել պետությանը՝ նշանակում է օժանդակել նաեւ պետության քաղաքացիական հասարակությանը, բնակիչներին, ժողովրդին։ Վերջին 25 տարիներին մենք ժողովրդի ձայնը չենք լսել, տարբեր կառավարությունների, իշխանությունների ձայնը լսել ենք, նրանք փորձել են ժողովրդի ձայնն արտահայտել, բայց մենք գիտենք, որ այդ կապը չկա։ Ես խոսում եմ սեփական փորձիցս, եւ շատ դեպքերում Երեւանում, բառացիորեն՝ փողոցում, ինձ խնդրում են, որ Սփյուռքը պատասխանատվություն ստանձնի եւ օժանդակի երկրի քաղաքացիական հասարակության բոլոր ջանքերին։ Այդ ջանքերը եւ պատասխանատվության մակարդակը տարբեր են, խրթին, բայց ամենակարեւորն այն է, որ դեռ մի փոքր հույս կա, ամեն ինչ կարելի է փոխել, եւ դա կարող է միայն մեր մասնակցությամբ տեղի ունենալ։ Ինչո՞ւ սփյուռքահայությունն այսօր չի զգում, որ իր ձայնը պետք է հաշվի առնվի հայաստանյան գործընթացներում, Հայաստանի բնակիչները մեզ դիմում են, որ ներգրավվենք, ոչ թե գանք թելադրենք, թե ինչ պետք է լինի, այլ իրենց հավատալ տանք, որ մենք կարող ենք լծակ ու ռեսուրս լինել, օգնել իրենց, որպեսզի իրենք հասկանան, թե ինչ տարբերակներ կարող են ներքեւից բերել։ Սփյուռքում չպետք է մտածենք, որ անփոփոխ իրավիճակ պահպանելն է միայն կարեւոր պետությանը սատարելու հարցում, որն իր ինստիտուտներից շատերով կառավարության եւ օլիգարխիայի կողմից զավթված է եւ չի անում այն, ինչ մարդկանց է պետք։ Այսօր բնակչության համար ամենամեծ խնդիրը դա է, եւ չենք կարող ասել, որ մենք դերակատարում չունենք, որովհետեւ այն, ինչ մեզնից խնդրում են, օժանդակությունն է»։



Ներգրավվածության տարբեր աստիճաններ կան․ վստահ է ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ում կարծիքով՝ իրենց ներգրավվումը չպետք է սահմանափակվի պարզապես այստեղ ներկա լինելով. «Ապշեցուցիչ է, որ դա մինչեւ վերջերս չէինք հասկացել, մենք պարզապես ներկաներ չենք, մենք տեսնում ենք բնակչության զանգվածային արտահոսք եւ հիմա վճռորոշ հանգրվանի ենք հասել, պետք է հասկանանք, որ այսպես այլեւս բավարար չէ մտածել, որ ընտրության արդյունքն է կանխորոշելու մեր մասնակցության աստիճանը, դա կարճատեսություն է, եւ մենք պետք է մեր ակնկալիքները կառավարենք։ Իրական ճգնաժամը հետեւյալն է․ մենք գիտենք, թե ընտրության արդյունքում ինչ է լինելու։ Մենք պետք է դժգոհ լինենք, քաղաքական կարծիք հայտնող մարդիկ բանտարկվում են, մենք չպետք է դա ընդունենք, չկա իրավաչափ այլընտրանք, դա էլ է ճնշման ձեւ։ Ընտրության արդյունքը մենք արդեն գիտենք, բայց մենք պետք է մտածենք, թե ընտրությունից հետո ինչ է լինելու, մենք, որպես սփյուռքահայեր, այս երկրի գործերին մասնակից ենք լինելու, բայց ոչ միայն երկիրը սիրելով, մեզ հայտնի անձանց ներգրավման միջոցով պետք է մի խնդրի հարմարվենք։ Իսկ խնդիրն այլեւս ցեղասպանության խնդիրը չէ, դա այլ տեսակի վերապրողի մարտահրավերի խնդիր է։ Ես շատ հպարտ եմ, որ Հայաստանի հետ այսպիսի կապ եմ ձեռք բերում, մենք, որպես արվեստագետներ, կարոտաբաղձության, հայրենասիրության, ինքնության հարցեր ենք առաջ քաշում, բայց հիմա ասում ենք՝ հաջորդ քայլն Արսինեի ասածն անելն է, Արսինեն այդ օրը որ ձերբակալվեց, դրա խորհրդանիշն էր։ Եկեք իրական հարց դարձնենք մեր առօրյա գոյության հարցը եւ երկրի գործերին մասնակից լինենք, լսենք այն կոչը, որն ուղղված է մեզ, իսկ մեզ կոչ են անում, որպեսզի մասնակից լինենք՝ գնանք-նստենք փողոցներում, եթե ստիպված ենք փողոցում նստացույց անել, գնանք ասենք, որ մենք մասնակից ենք, եւ խորը մակարդակով հիմա պետք է ներգրավվենք, որը լուրջ քայլ է դեպի առաջ»։



Հայտնի կատակերգու Վահե Բերբերյանի դիտարկմամբ էլ՝ Սփյուռքի դերը 2 ձեւով կարելի է իմաստավորել, նա մասնավորապես նկատեց. «Այստեղ նստածներիցս ոչ մեկը Հայաստանից չենք եւ անմիջական շահեր չունենք՝ կապված Հայաստանի ընտրության արդյունքների հետ։ Մենք բավական հարմարավետ կյանքով ենք ապրում Սփյուռքում, Հայաստանի քաղաքականությունն անմիջականորեն չի ազդում մեզ վրա, մեր որդիները չեն գտնվում սահմանի առաջին գծում, ստիպված չենք պաշտոնյաներին կաշառել ինչ-որ ծառայություն ստանալու համար, օլիգարխի համար աշխատող մի հաստավիզ չի ճնշում մեզ՝ իմանալով, որ օրենքից վեր է ու կարողանալու է անպատիժ մնալ։ Ոմանք կարող են կարծել, որ երկերեսանիություն կա այստեղ՝ Սփյուռքի կոմֆորտում ապրելու եւ հայրենիքում փոփոխությունների համար պայքարելու միտումների մեջ, սակայն խորապես անընդունելի է լինել ավելի երկերեսանի, երբ կողմնակի դիտորդ ենք ձեւանում, թե մեզ համար միեւնույն է, թե ինչ է տեղի ունենում մեր հայրենակից հայերի հետ հայրենիքում։ Մենք չենք թելադրում, թե ում ընտրել կառավարության ղեկավար, մենք պարզապես ասում ենք, որ նրանք ունեն արդար կառավարություն ընտրելու իրավունք, որը նրանց չի զրկի արժանապատվությունից»։



Քննարկման ընթացքում համաժողովին սկայպի միջոցով միացավ նաեւ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ով նկատեց, որ իրենք միավորվեցին այն բանից հետո, երբ «Սասնա ծռերի» դեպքերն սկսվեցին Հայաստանում. «Մենք, որպես արվեստագետներ, բոլորս մտահոգ էինք այդ իրադարձություններով։ Մենք մտահոգ էինք, որ երկրի ներքին անարդարությունների դեմ մարդկանց դժգոհությունն այն աստիճանի է հասել, որ խնդիր է, եթե մենք որեւէ կերպ ներգրավվածություն չունենանք։ Բոլորս սպասում ենք խորհրդարանական ընտրություններին, միայն այդպես կարելի է այդ դժգոհությունը պարպել, ցավն ամոքել։ Բոլորն այդ առումով նույն մտահոգությունն ունեն, եւ բոլորս միակամ ենք, որ չլինի արյունահեղություն, չլինի ծայրահեղ արձագանք մեր փոքր, խոցելի երկրում, ուստի մենք միավորվել ենք եւ սկսել ենք սրա մասին մտածել։ Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման կապակցությամբ մենք համերգ ունեցանք Հայաստանում։ Զարմանալի հույս, եռանդ, էներգիա տեսանք, Հայաստանի ապագան տեսանք մարդկանց դեմքերին։ Ես վստահ եմ, որ Հայաստանը պայծառ ապագա ունի, ես համոզված եմ, որ ապագայի առաջնորդները, ովքեր իմ դիմաց էին եւ ռոքի միջոցով արտահայտում էին իրենց հույզերը, հրաշալի առաջնորդներ են լինելու։ Իրական հարցն այն է, թե ինչպես անենք մենք, որ նրանք չլքեն երկիրը։ Ահա այս տեսանկյունից եմ նայում ես խնդրին։ Ինչպես աջակցենք նրանց, որ հարմար զգան իրենց երկրում, հնարավորություն ունենան լինելու արժանապատիվ քաղաքացի։ Մեր՝ արվեստագետներիս մոտեցումները ոգեշնչելու վրա են հիմնված, ոգեշնչելու, որ փոփոխությունը հնարավոր է։ Հայաստանում թեեւ հետխորհրդային համակարգն էվոլյուցիա է ապրել, սակայն յուրատեսակ ձեւով ձգտում է իշխանության պահպանման։ Մեր խնդիրն է աշխատել քաղաքացիական հասարակության հետ, փորձել բացել այդ դռները։ Եթե մենք կարողանանք գոնե մի փոքր փոփոխության հասնել, ասում եմ մենք՝ նկատի ունենալով քաղաքացիական հասարակությանը Հայաստանում եւ Սփյուռքում, երկարաժամկետ հատվածում դա շատ կարեւոր կլինի»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ