Մնացել են բարերարների հույսին

Մնացել են բարերարների հույսին

Օրեր առաջ Վրաստանից ահազանգ հնչեց՝ Ախալցխայում վաճառվում է հայ մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի տունը: Սեփականատիրոջ խոսքերով, Վարդգես Սուրենյանցի տունը ներկայումս պահպանել է իր նախկին տեսքը, եւ նա միտումնավոր չի վերանորոգել այն ժամանակակից ձեւով, քանի որ դեռ հույս ունի, թե կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան գնել նկարչի տունը եւ կվերածեն այն թանգարանի: Վարդգես Սուրենյանցի տունը, որը ներկայումս վաճառվում է 90 հազար դոլարով, ունի հինգ միջին չափի սենյակ եւ տան հետեւի մասում՝ փոքրիկ պարտեզ: Դեռ 2009-ին Ախալցխայում գտնվող տան պատի վրա բացվեց նկարչին նվիրված հուշաքարը:



Թե ինչ է մտածում այս ուղղությամբ հայկական կողմը, եւ մեծանուն նկարչի տան ճակատագիրը փրկելու ուղղությամբ ինչ քայլեր են արվում, դիմեցինք մշակույթի նախարարություն, որտեղից մեր գրավոր հարցերին պատասխանել էր նախարար Արմեն Ամիրյանը, մասնավորապես նշելով, որ կապ չեն հաստատել Վարդգես Սուրենյանցի տան սեփականատիրոջ հետ, որովհետեւ «սեփականատիրոջը ներկայացնելիք որեւէ առաջարկ չունի նախարարությունը»։ Բայցեւայնպես, նախարարությունը որեւէ քայլ ձեռնարկե՞լ է՝ մասնավոր ներդրողներին հորդորելու գնել այդ տունը. «Ինչպես ամիսներ առաջ է հայտարարվել, հիմա էլ մշակույթի նախարարությունը մեծապես կողջունի, եթե որեւէ մասնավոր անձ կամ անձինք գնեն այդ տունը։ Իսկ թանգարանի վերածվելու դեպքում նախարարությունը կաջակցի իր լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում (ցուցադրանքի կազմակերպում, մասնագիտական խորհրդատվություն եւ այլն)»։ Այսքանը։



Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ճանապարհներ է տեսնում Սուրենյանցի տունը պահպանելու եւ հետագայում այն թանգարանի վերածելու հարցում։ Նա նախ նշեց, որ, դժբախտաբար, իրենք որեւէ կապ չունեն տան եւ սեփականատիրոջ հետ, երկրորդ՝ ցանկալի է, որ պետական ատյանները մտածեն դրա մասին, կամ որեւիցե հայ բարերար գներ տունը եւ դա պահպաներ որպես թանգարան, հակառակ դեպքում այն կկորչի. «Չգիտեմ՝ պետությունն ի վիճակի է գումարներ հատկացնել, թե ոչ, բայց, դժբախտաբար, Նկարիչների միությունը չի կարող։ Դա հայտնի է, մենք ինքներս ենք պարտքերով ապրում, այնպես որ... շատ եմ ափսոսում, բայց բարերար գտնելը կարեւոր է, եւ սա ամեն դեպքում մշակույթի նախարարության գործառույթների մեջ պետք է լինի, այդ թվում՝ բարերար գտնելը»։



Աղամյանը հիշում է, որ ինքը ներկա է գտնվել, երբ Սուրենյանցի տան պատին փակցվել է նրա հուշաքարը։ Ասում է, որ նույն այդ բարերարների համար շահագրգռող հանգամանք պետք է լինի այն, որ ներդրողի անունը նույնպես նշվի, թե ում շնորհիվ է պահպանվել թանգարանը։ «Եվ թանգարանն էլ պետք է դառնա թանգարան եւ ոչ թե ուղղակի տուն, որտեղ ծնվել ու մեծացել է Սուրենյանցը։ Իսկ թանգարան դառնալու համար նորից ծախսեր են պետք։ Նոր գնորդը կամ տերը պետք է իմանա, որ պետք է պահպանի այն, ինչ այդ շենքի հետ է կապված, եւ ոչ թե քանդի՝ մեկ ուրիշ բան սարքի կամ ձեւափոխի այն։ Բայց ուրիշ երկրի գործառույթների մեջ չես կարող խառնվել, միակ տարբերակն այն կլիներ, որ մեկը վերցներ այն ու պահպաներ»,-ասաց Աղամյանը։



Մնում է միայն փաստել, որ անկախ նրանից՝ պետությունը, մշակույթի նախարարությունը գումարներ ունի Վարդգես Սուրենյանցի տունը ձեռք բերելու համար, թե ոչ, այդուհանդերձ, պետք է ձեւավորի այնպիսի մշակութային քաղաքականություն, որը պետական մակարդակով միտված կլինի հայկական ժառանգության պահպանությանը թե Հայաստանում եւ թե Հայաստանից դուրս։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ