Արզումանյանը տեղյակ չէ Հասմիկ Պողոսյանի ու Արմեն Սմբատյանի պլաններից

Արզումանյանը տեղյակ չէ Հասմիկ Պողոսյանի ու Արմեն Սմբատյանի պլաններից

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Մեկ այլ հրամանով Անդրանիկ Արզումանյանը նշանակվել մշակույթի նախարարի խորհրդական, իսկ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա։



Օպերային թատրոնի արդեն նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր աշխատանքից ազատման իր պատճառը, ինչո՞ւ է դիմում գրել. «Հրավերք եմ ստացել գնալ ուրիշ աշխատանքի», այսինքն նախարարի կողմից աշխատանքի հրավերն արվել է մինչեւ իր դիմումը գրե՞լը. «Այո, դիմումը կապված է այդ հրավերքի հետ»,-ասաց նա՝ նշելով, որ որեւէ կոնֆլիկտ կամ անհամաձայնություն չի ունեցել թատրոնում։



Մեր այն հարցին, որ տարբեր խոսակցությունների համաձայն՝ այդ որոշումն իրեն պարտադրվել է, քանի որ նախագահի խորհրդական, մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանն այդ պաշտոնում իր թեկնածուն ունի՝ նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ում օպերա գնալու մասին լուրերը դեռ նրա նախարար լինելու օրոք սկսեցին շրջանառվել, Արզումանյանը պատասխանեց. «Ես առաջին անգամ եմ նման բան լսում, ասեկոսեներ են...։ Եթե 2 տարի խոսում են, ինչու չեն կարող մի քանի օր էլ խոսել»։



Թե որպես խորհրդական ի՞նչ է անելու նախարարությունում, արդեն պա՞րզ են իր անելիքները, Արզումանյանն ասաց. «Ես գնում եմ նախարարի խորհրդական, թե հիմա մենք այնտեղ ինչ ծրագրեր կանենք..., բնական է, որ ծրագրեր կան ու շատ աշխատանքներ կա, դրա համար էլ ինձ հրավիրել են այնտեղ, որ մենք միասին շարունակենք աշխատել, ես նույն ոլորտի մեջ եմ մնում աշխատելու։ Բնական է ամեն ինչ կանեմ, որ օգտակար լինեմ եւ օպերային թատրոնին եւ մնացած կրթօջախներին։ Իսկ ծրագրերի մասին մենք արդեն կխոսենք առաջին աշխատանքային օրը՝ երկուշաբթի»։