Շանթը գտնված թեկնածու է՝ վստահ է ՀԹԳՄ նախագահը

Շանթը գտնված թեկնածու է՝ վստահ է ՀԹԳՄ նախագահը

Գորիսի Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին 2 հոգի է դիմել, որոնցից մեկը դերասան, նույն թատրոնում աշխատող Շանթ Հովհաննիսյանն է, ով շատերին հայտնի է «Գարեգին Նժդեհ» ֆիլմից։ Որոշ խոսակցությունների համաձայն, թատրոնում որքան կողմ, նույնքան էլ դեմ են նրա թեկնածությանը՝ նշելով հատկապես նրա բարդ, կոնֆլիկտային բնավորությունը։ Նշում են՝ բացառված չէ, որ որոշ մարդիկ ինքնակամ հեռանան թատրոնից, եթե նա տնօրեն նշանակվի։ 



Մրցույթին ընդառաջ, որը տեղի է ունենալու փետրվարի 17-ին, փորձեցինք խնդիրը հասկանալ՝ զրուցելով թե կոլեկտիվի անդամների եւ թե թատրոնի տնօրեն Համլետ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, թե չի կարծում, որ դժգոհությունն ընդհանուր է, ավելին․ «Լինելով դերասան՝ նա ունի այդ կազմակերպչական ջիղը, որ կարողանա ղեկավարել թատրոնը։ Բացի այդ, նա ղեկավարել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը։ Շնորհաշատ դերասան է, բավականին երկար տարիներ աշխատում է թատրոնում, ինձ թվում է՝ պրոբլեմ չի լինի, կարող է սկզբի համար ցանկացած մարդ էլ մի փոքր դժվարություն ունենա, հետագայում ի՞նչ խնդիր պետք է առաջանա թատրոնում, որ չաշխատի»։



Հարությունյանն այդ խոսակցությունները բամբասանքի մակարդակի բան է համարում, ասում է՝ հավաստի չեն. «Որովհետեւ ցանկացած կոլեկտիվում էլ կան մարդիկ, ովքեր կուզենան եւ չեն ուզենա։ Բայց դա չի նշանակում, որ խնդիր կա»։ Տնօրենն ամեն դեպքում չի տեսել եւ չի լսել որեւէ դժգոհություն դերասանի առաջադրման հետ կապված։ «Պետք է համերաշխ լինեն, գլուխները կախեն ու աշխատեն, որ դրանից թատրոնը չտուժի։ Հիմա իմ տարիքը լրացել է... բոլորս հո հավերժ չե՞նք, կա ժամանակ, որ աշխատում ես, կա ժամանակ, որ պետք է փոխարինեն քեզ, մարդիկ պետք է համերաշխ աշխատեն»,-ասում է նա ու նշում, որ եթե ինչ-որ մեկը դժգոհ է, թող իր անունով հանդես գա, որ հասկանան, թե ինչին է դեմ, ինչին՝ կողմ։ Հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ կոնֆլիկտային մարդ է Հովհաննիսյանը եւ այդ առումով խնդիրներ է ունենում կոլեկտիվի հետ։ «Ամեն մարդ ունի իր պազիցիան, սովորաբար պազիցիոն մարդուց մի քիչ ավելի շատ են դժգոհում, մարդ կա՝ մի քիչ ավելի լոյալ է, մարդ կա՝ գործին մի քիչ ուրիշ ձեւ է նայում, կախված է իր աշխատանքի սկզբունքից, թե ինչ աշխատանքի սկզբունք ինքը կդնի»։



Ներկայիս տնօրենը մի քիչ վիրավորված է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի՝ մամուլում արած այն արտահայտությունից, որ եթե պեղես էլ, այլ թեկնածու չես գտնի, եւ ինքը բացահայտ պաշտպանելու է Շանթի թեկնածությունը. «Ես այդպես չեմ կարծում, որովհետեւ ոչ ես եմ միակը, ոչ Շանթը, ոչ էլ Պողոսը։ Ի՞նչ է նշանակում՝ պեղես էլ, չես գտնի, այսինքն՝ այս հանրապետությունում էլ մարդ չկա՞, եթե ուզում ես իրեն պաշտպանես, էդպես էլ ասա՝ սատարում եմ իրեն, բայց որ պեղես... հո ամբողջ Գորիսի արգանդը չի՞ չորացել, ուղղակի ցանկացող չի եղել կամ չի դրել»։ Իսկ եղե՞լ են այլ թեկնածուներ, որ ցանկացել, բայց չեն առաջադրվել՝ Հովհաննիսյանի անձով պայմանավորված։ «Ճիշտն ասած՝ չեմ էլ տեսել, որ կոնկրետ թատրոնում որեւէ մեկն ուզենա առաջադրվել, համենայնդեպս, եթե եղել է՝ ինձ չեն ասել։ Ում էլ որ ընտրեն, թող գա հանգիստ աշխատի»։



ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ զրույցում նկատեցինք, որ թատրոնում որոշ մարդկանց նեղացրել է նրա հայտարարությունը, որտեղ նա բացահայտ սատարում է Շանթ Հովհաննիսյանին՝ դրանով կանխակալ վերաբերմունք ցուցադրելով, տեղյա՞կ է կոլեկտիվի ներսում առկա դժգոհություններից։ «Ես գիտեմ, որ թատրոնում կան մարդիկ, ովքեր չեն ուզում Շանթին, եւ գիտեմ, թե ինչու չեն ուզում»։ Եվ ո՞րն է պատճառը։ Ղազանչյանը չասաց. «Շանթն իր աշխատանքի ընթացքում կասի, եւ ամեն ինչ ի հայտ կգա։ Մի բան կասեմ միայն եւ կարծում եմ՝ իմ ասածից հետեւություններ կանեն բոլորը, այդ թվում՝ Գորիսի թատրոնը։ Ես համոզված եմ՝ Շանթն ուզում է, որ Գորիսի թատրոնը պրոֆեսիոնալ թատրոն դառնա։ Այն թեեւ պրոֆեսիոնալ թատրոն է համարվում, բայց իր որակով, ցավոք, չի կարող այսօր պրոֆեսիոնալ թատրոն համարվել։ Ես համոզված եմ, որ բավականին տաղանդավոր երեխաներ, որ սովորեցին ու ավարտեցին թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը եւ տարբեր պատճառներով այսօր թատրոնում չեն, կգան թատրոն, նաեւ թատրոնի ստեղծագործական կազմը կվերակոմպլեկտավորվի։ Համոզված եմ՝ այն մարդիկ, ովքեր չեն ուզում Շանթին, վախենում են հենց այս պարագայից, բայց պրոֆեսիոնալ թատրոնում պետք է աշխատեն պրոֆեսիոնալ մարդիկ, եւ նույնիսկ պետականորեն պրոֆեսիոնալ կրթության պահանջը պարտադիր է։ Այդ սկզբունքը, ցավոք, շատ մարզային թատրոններում չի պահպանվում։ Շանթի թեման ես բարձրացրել եմ դեռեւս 3 տարի առաջ, երբ ներկայիս տնօրենի ժամկետը լրացել էր, եւ բոլորս գիտեինք, որ վաղ թե ուշ պետք է փոխվի տնօրենը։ Այդ մասին ես ասել եմ բազմիցս եւ նախկին նախարարին, եւ նախկին մարզպետին, ավելին ասեմ՝ Շանթին բերել ու ներկայացրել եմ Հասմիկ Պողոսյանին, եւ մենք արդեն 2-3 տարի է՝ սպասում էինք, որ այս հարցը պետք է լուծվեր»։



Այն հարցին, թե ինչ վիճակում է հիմա թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը, քանի որ թատրոնի ոչ այդքան լավ վիճակը կապում են հենց Շանթ Հովհաննիսյանի հետ, Ղազանչյանն ասաց. «Այդպես չէ, թերություններ կարելի է գտնել բոլոր մասնաճյուղերում, բայց այստեղ խնդիրը նրանում է, թե ով պետք է ղեկավարի արվեստանոցը, եթե արվեստանոցի ղեկավարումն ամբողջությամբ հանձնարարում ենք տեղի թատրոնի կադրերին եւ այդպես ենք առաջ շարժվում, իհարկե, կլինեն խնդիրներ։ Ես շատ մասնաճյուղեր գիտեմ, որտեղ պատահական մարդիկ են դասավանդում կուրսերը։ Այսինքն՝ Շանթն այնքան էլ մեղք չունի, այստեղ պետք է ինստիտուտը մտածի, թե ով է ղեկավարում կուրսը։ Եթե պրոֆեսիոնալ մարդ է, այդ կուրսը չի կարող վատը լինել, Շանթը զուտ կազմակերպչական խնդիրներով է զբաղվել»։ Ղազանչյանն ընդգծում է, որ, ղեկավարելով թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը, դերասանն ունի նաեւ պահանջվող պետական կառավարման փորձը, ծանոթ է դաշտին եւ իր հեղինակության շնորհիվ կարող է ցանկացած թատերական բեմադրիչի խնդրել, որ Գորիսի թատրոնում ներկայացում անեն։ «Շանթն այսօր ամենահայտնի դերասաններից է, ով այնքան է վաստակում, որ կարող է գալ-ապրել Երեւանում եւ աշխատել որեւէ առաջնակարգ թատրոնում, բայց մինչեւ այսօր չի լքում իր գյուղը, սիրում է Գորիսը, նվիրված է այդ տարածքին։ Հայտնի մարդ է ու կարող է նաեւ գործարարների դռներ թակել, դա քիչ բան չէ, կարող է լրացուցիչ ֆինանսավորում բերել թատրոն։ Դրա համար եմ ասում, որ Շանթը գտնված թեկնածու է։ Շատ մարդիկ կարող է իրեն չհավանեն, անգամ ամենալավ արվեստագետին շատ մարդ չի հավանում, դա նորմալ է։ Եթե Շանթն այդ քննություն կոչվածը հանձնի եւ նշանակվի տնօրեն, կասկած չունեմ՝ մի տարի էլ չի տեւի, եւ մենք որոշակի էական փոփոխություններ ենք տեսնելու»,-վստահ է ՀԹԳՄ նախագահը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ