«Արեգակն» ինձ վարկային ծուղակի մեջ է գցել

«Արեգակն» ինձ վարկային ծուղակի մեջ է գցել

Մեզ է դիմել Արարատի մարզի Այնթապ համայնքի բնակչուհի Ռուզաննա Մանվելյանը, ով երկար տարիներ եղել է «Արեգակ» վարկային կազմակերպության վարկառու, վարկը միշտ մարել է ժամանակից շուտ, ոչ մի խնդիր չի ունեցել: Զբաղվել են հողագործությամբ՝ վարկով տեխնիկա, պարարտանյութ, սերմ են ձեռք բերել: Ռուզաննան պատմում է․ «2015 թ․ հունիսին ամուսինս էլ վարկ վերցրեց՝ էլի մեր հոգսերի ու գործերի համար: Նույն թվականի հոկտեմբերին «Արեգակի» աշխատակից Վարդան Սաֆարյանը մեզ առաջարկեց նոր վարկ վերցնել, ես ասացի, որ դեռ մնացորդ ունեմ՝ 300 հազար 700 դրամ: Ասաց՝ ոչինչ, վարկը կվերցնես՝ դա կմարես: Համաձայնեցի: Հոկտեմբերի 29-ին, երբ արդեն բոլոր փաստաթղթերս պատրաստ էին նոր վարկի համար, Վարդանն ասաց, որ անպայման պետք է մնացորդը վճարեմ, հետո միայն նոր վարկն ստանամ: Ստիպված՝ պարտք արեցի, մնացորդը մարեցի: Առավոտյան ժամը 11-ին ես անչափահաս երկու երեխաներիս հետ գնացի գրասենյակ՝ վարկը վերցնելու: Բայց Վարդան Սաֆարյանն այնպես արեց, այնքան ձգձգեց, որ ես ամենավերջում մնամ մենակ: Շենքում այլեւս մարդ չկար, ես էի, երկու երեխաներս, իսկ աշխատակիցներից՝ Վարդանը, Աղասի Կարապետյանը, Կարինե Հովհաննիսյանը եւ հաշվապահը: Վերջինս այդ գումարը տվեց ինձ եւ մաղթեց, որ նպատակային ծախսեմ, որ տասնապատկեմ այն: Երբ երեխաներիս հետ ուզում էի դուրս գալ գրասենյակից, դեմս կտրեց Վարդան Սաֆարյանը, փակեց մուտքի դուռը եւ պահանջեց, որ մարեմ ամուսնուս ամբողջ վարկը: Ես զարմացա, քանի որ մենք վճարումները ժամանակին կատարում էինք, իսկ պայմանագրի ժամկետի ավարտին դեռեւս 8 ամիս կար: Բնականաբար, չհամաձայնեցի, ես այդ վարկով պետք է ոչ միայն առավոտյան վերցրած պարտքս մարեի, այլեւէ դաշտում մշակած 3000 քմ ավելը տեխնիկայով հնձել տայի եւ մեքենաներով տեղափոխեի տուն, քանի որ այն արդեն հասունացել էր: Այդպես էլ բացատրեցի։ Միեւնույն է՝ Վարդանն իր ասածն էր պնդում: Երբ նորից փորձեցինք դուրս գալ շենքից, Վարդանն իմ 13 տարեկան երեխային հրելով գցեց գետնին եւ ինձ ստիպեց, որ վճարեմ: Ես խնդրեցի բաց թողնել, երեխաներս մեղք են՝ ասացի, վախենում են, առավոտից քաղցած են, ասաց՝ խղճահարություն չառաջացնես, ոչ ես եմ մեղք, ոչ էլ իմ երեխաները: Երեխաներիս այդ վիճակից դուրս բերելու համար ես ստիպված վճարեցի նրա պահանջած գումարը՝ 200 հազար դրամը, դուրս եկանք շենքից։ Նա մեր ետեւից անգամ վիրավորական արտահայտություններ էր բղավում: Փաստորեն, ստացվեց այնպես, որ այդ վարկի գումարը՝ 690 հազար դրամը, որ մենք վերցրել էինք հատուկ նպատակով, 500 հազարը նորից մուծեցինք իրենց, իսկ մնացած գումարից մարեցինք առաջին անհրաժեշտության պարտքերը, ապառիկներ, հողի վարձակալության գումարը եւ այլն, եւ մնացինք ձեռնունայն: Ու չգիտեմ ինչու՝ մտանք ավելի մեծ վարկային բեռի տակ, որը նպատակին չծառայեց, մեզ պարզապես գցեցին վարկային ծուղակի մեջ: Մինչդեռ մեր մշակած ավելը մեզ տալու էր ավելի քան մեկուկես միլիոն դրամի եկամուտ: Քանի որ ես այդ ամբողջ ընթացքում բողոքել եմ տարբեր ատյաններ, իմ վարկային վճարները չեմ կատարել՝ դա համարելով ինձ ապօրինի ծուղակի մեջ գցել: Հիմա մենք հայտնվել ենք դատարանի առջեւ, եւ մեր գույքի վրա պետք է բռնագանձում կատարվի: Թեեւ գույք էլ չունենք, հայտնի չէ, թե ինչն են բռնագրավելու: Դիմել ենք եւ «Արեգակի» կենտրոնին, այնտեղ պաշտպանեցին իրենց աշխատողին եւ մեզ նոր երկարաժամկետ վարկ առաջարկեցին, որպեսզի մարենք այդ վարկը: Դիմել ենք ֆինանսական հաշտարարի գրասենյակ, արդարադատության նախարարություն, Արարատի մարզի դատախազություն: Բայց ապարդյուն: «Արեգակը» հմտորեն կեղծում է իրադարձության ընթացքը, փաստաթղթերը, որպես ականատես՝ ոստիկանի եւ այլ անհայտ անձանց ներգրավում, որոնք այդ ժամանակ ընդհանրապես դեպքի վայրում չեն եղել, պայմանագրեր է կեղծում: Դատախազությունը գործն ուղարկել է Արարատի մարզի քննչական վարչություն: Այն քննել է ՀԿԳ քննիչ, արդարադատության կապիտան Կարեն Իսրայելյանը: Իրավապահ մարմինների հատուկ ուշադրությունը հրավիրում եմ այս քննիչի գործունեության վրա:



Նա մեզ հրավիրեց իր մոտ՝ լսելու մեր բողոքը: Սկզբում խոստացավ, թե ամեն ինչ լավ է լինելու, եւ մեր հանդեպ լավ էր տրամադրված: Բայց մեր զրույցի ընթացքում իրեն զանգ եկավ, նրա խոսելուց հասկացանք, որ զանգը մեր գործին էր վերաբերում: Դրանից հետո փոխվեց նրա վերաբերմունքը: Նա բացահայտ ուղղորդում էր, թե մենք ինչպես գրենք ցուցմունքը: Երբ ես ասում էի, որ Վարդան Սաֆարյանը կանգնել էր իմ ու երեխաներիս առջեւ եւ չէր թողնում, որ դուրս գանք շենքից, քննիչն ասաց, թե կարող էի նրան հրել-գցել գետնին եւ նստել վրան: Հետո ասում էր, թե այն, ինչ արել է Վարդանը մեր հանդեպ, բռնություն չէ, պետք է դանակ կամ ատրճանակ պահեր մեր վրա, որ նրա արարքը բռնություն որակվեր: Այնուհետեւ հարցաքննության կանչեց իմ տասներեք տարեկան աղջկան եւ ամուսնուս ներկայությամբ ու մի կնոջ, որին որպես մանկավարժ էին ներկայացրել, սկսեց հարցաքննել անչափահաս աղջկաս եւ շատ անհեթեթ հարցեր տվեց: Օրինակ, թե ի՞նչ մակնիշի ավտոմեքենա էր այն տաքսին, որով մենք վերադարձանք տուն, ի՞նչ էր վարորդի անունը: Բացի այդ, նա ասաց, որ կգա եւ կնկարի մեր դաշտի փչացող ավելը, բայց այդպես էլ չեկավ եւ հիմք ընդունեց «Արեգակի» տված կեղծ փաստերը»:
Տիկինը վստահ է, որ վարկային կազմակերպությունն ունի ուժեղ տանիք, որը կարող է կոծկել նրանց բոլոր ապօրինությունները: Նա անգամ դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նրան պատասխանել են, որ քանի որ վարկային կազմակերպությունները մասնավոր ընկերություններ են, նրանց գործունեությանը միջամտելը դուրս է կառավարության իրավասության շրջանակներից: Ռուզաննան նշեց նաեւ, որ այդ օրը դեպքի վայրում՝ «Արեգակի» գրասենյակում, եղել են տեսախցիկներ, որոնք հետագայում անհետացել են: Նա վստահ է, որ իրավապահ մարմինները ցանկության դեպքում կարող են բացահայտել կատարվածը եւ ամեն ինչ ջրի երես հանել:
Մենք զրուցեցինք նաեւ «Արեգակ» ՈՒՎԿ գործադիր տնօրեն Մարիամ Եսայանի հետ։



«Այդ ամենը հերյուրանք է, խորհուրդ կտամ գլուխ չդնել հետը: Հարցն իրավական լուծում է ստացել, եթե իրավապահները գտել են, որ ոչ մի խաբեություն կամ բռնություն չի եղել, ուրեմն ես էլ ի՞նչ կարող եմ ասել: Եթե համաձայն չէ իրավական վճռի հետ, թող դիմի ֆինանսական հաշտարարին, Կենտրոնական բանկին, այլ իրավապահ մարմինների, հարցին իրավական լուծում գտնի։ «Հրապարակն» ի՞նչ է անելու, որ Ձեզ է դիմել: Դուք հարցնում եք՝ Ձեր աշխատակիցը բռնություն կիրառե՞լ է, թե՞ ոչ, բնականաբար, ես պիտի ասեմ, որ ոչ, բայց դա հարցի լուծում չէ»,-պատասխանեց տիկին Եսայանը: Իսկ ինչպե՞ս է վարկային կազմակերպությունը համարձակվել մեծ գումարի վարկ տրամադրել մի ընտանիքի, որը ոչ մի սեփականություն չունի, տիկին Եսայանը պատասխանեց․ «Հիմա ես Ձեզ հեռախոսով ներկայացնե՞մ մեր ընթացակարգերը, թե ինչպես է լինում»:



Հ․Գ․ Ի դեպ, այս վարկային կազմակերպությունից վերջին շրջանում բազմաթիվ բողոքներ են ստացվում։ Բոլոր բողոքների մեջ կարմիր թելի նման անցնում է այն, որ խաբեությամբ, օգտվելով մարդկանց անտեղյակությունից, անգրագիտությունից, հատկապես գյուղացիներին, ներքաշում են վարկային ծուղակների մեջ, եւ նրանք կուտակվող տոկոսներից այլեւս աչք չեն բացում։



Նաիրա ՎԱՆՅԱՆ