Կուսակցությունները կարող են հեշտությամբ խաբել Պետռեգիստրին

Կուսակցությունները կարող են հեշտությամբ խաբել Պետռեգիստրին

Ապրիլյան ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից 5-ը կուսակցություններ են, 4-ը՝ դաշինքներ։ Նրանք արդեն ներկայացրել են իրենց ցուցակներն ու փաստաթղթերը ԿԸՀ, որն էլ այս օրերին զբաղված է դրանք ստուգելով։ Նկատենք, որ «Կուսակցությունների մասին» գործող օրենքի համաձայն՝ կուսակցությունը գրանցման պահին պետք է ունենա 200 հիմնադիր անդամ եւ նվազագույնը 2 հազար շարքային անդամ։ Կուսակցությունը պետք է նաեւ մարզերում իր տարածքային կառույցներն ունենա։ Անցյալ տարվա նոյեմբերին խորհրդարանը քննարկեց եւ ընդունեց ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը՝ այս օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ վերոնշյալ 200 հիմնադիր անդամի փոխարեն առաջարկվում էր 100 անդամ, 2 հազար շարքային անդամի փոխարեն էլ՝ 1000։ Օրենքի նախագիծն ընդունվել է, բայց ուժի մեջ կմտնի ապրիլից հետո։



Այս պահին դեռ հին օրենքն է գործում։ Կուսակցությունները գրանցվում են ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում։ Ռեգիստրը կուսակցության գրանցման հայտը վերցնելիս նայում է՝ արդյոք ներկայացվա՞ծ են վերոնշյալ 200 հիմնադիր եւ 2 հազար ընդհանուր անդամների անունները, մյուս պահանջվող փաստաթղթերն է նայում եւ որոշում՝ գրանցել կամ մերժել։ Բայց Պետռեգիստրը, պարզվում է, վերահսկողական եւ այդ տվյալների իսկությունն ստուգելու որեւէ գործառույթ չունի։ Այսինքն՝ նրանք չեն կարող պարզել, թե ներկայացված տվյալները որքանով են համապատասխանում իրականությանը։



Նրանք վերահսկողական որեւէ գործառույթ չունեն նաեւ այդ կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցելու հետ կապված։ Օրերս «Ժառանգություն» կուսակցության մի քանի անդամներ նամակով հանդես եկան, որտեղ նշել էին, թե «Ժառանգության» վարչությունը լեգիտիմ չէ եւ օրենքի խախտմամբ է նիստ գումարել ու որոշում կայացրել՝ միանալ Օհանյան-Օսկանյան դաշինքին։ Ըստ նրանց՝ կուսակցությունը երկու տարուց ավելի է՝ համագումար չի հրավիրել, ինչն օրենքի խախտում է, նոր վարչությունը պետք է այդ համագումարով ընտրվեր, մինչդեռ հիմա հին վարչությունն է գործում, որը, փաստորեն, լեգիտիմ չէ։



Սրանից բացի, նույն ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների մեջ կարող են լինել այնպիսիք, որոնք մինչ օրս 2 հազար անդամ չունեն, տարածքային կառույցներ լիարժեք չունեն։ Կասկածի տակ չդնելով որեւէ կուսակցության գոյության օրինականության հարցը՝ այդուհանդերձ, կարող ենք նշել, որ շատ կուսակցությունների մոտ կան նման խնդիրներ՝ հաշվի առնելով, որ դրանց մեջ կան ոչ այնքան խոշոր կուսակցություններ։ Բայց ՀՀ ԱՆ-ն՝ ի դեմս Պետռեգիստրի գործակալության, միայն գրանցման հետ գործ ունի։ Անգամ գրանցման պահին փաստաթղթերի, ներկայացված տվյալների իսկությունն ստուգելու պարտականություն նրա վրա դրված չէ, ուր մնաց գրանցումից հետո հետեւողական լինի այս հարցում։



«Ոչ, ռեգիստրը որեւէ վերահսկողություն չի իրականացնում։ Պատկերացրեք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը նաեւ առեւտրային կազմակերպությունների գրանցումով է զբաղվում, եկեք դեռ հասարակական միավորումների գրանցումը թողնենք, պատկերացնո՞ւմ եք՝ ռեգիստրը մի հատ էլ մտածի՝ էսինչ ՍՊԸ-ն հերթական ժողովն արե՞լ է, թե՞ չէ»,-մեզ հետ զրույցում վերահսկողություն չիրականացնելու տրամաբանությունն այսպես մեկնաբանեց ՀՀ ԱՆ պետռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի պետ Հարություն Խուդգարյանը։ Հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչպե՞ս են ստուգում, թե իրենց մոտ գրանցվող կուսակցություններն իսկապես ունե՞ն 2 հազար անդամ, տարածքային կազմակերպություններ եւ այլն։ «Ոչ թե ստուգվում են, այլ մեզ ներկայացրած տեղեկություններն արժանահավատ են այնքան ժամանակ, ինչքան մենք դրա հակառակն ապացուցող բան չունենք։ Մենք այդ 2 հազար անդամների թիվն ստուգելու իրավասություն չունենք»,-ասաց պարոն Խուդգարյանը՝ նշելով, որ իրենք «ստուգում են» ուղղակի գրածով։ Այսինքն՝ գրանցման պահին թղթի վրա գրանցվող կուսակցությունը ներկայացնում է 2 հազար անուն, եւ դա որպես հիմք է ընդունվում Պետռեգիստրի կողմից։



- Ստացվում է՝ իրենք կարող են հեշտությամբ ձեզ խաբել, սխալ տվյալներ ներկայացնել, եւ դուք կհավատա՞ք։



- Էսպես ասեմ․ եթե հասուն մարդը թույլ կտա թղթային ապացույց մեզ հանձնի, որ մի հատ էլ դրա հետեւում նաեւ խաբկանք լինի, ուրեմն մեզ կխաբի, մենք էլ կխաբվենք։



- Օրենքն ու մարդու հասունությունը թերեւս անհամատեղելի են, այս առումով դժվար թե դիմացինի հասունությանն ապավինելն օրենքի պահպանման գրավական է։



- Էդ տարբերակով՝ իրենց իրավագիտակցության չափման միավոր պիտի սահմանվի, որ հասկանանք՝ ինքը հասկանո՞ւմ է, թե օրենքով ինչ է իրեն սպասվում, որ դա անում է։



- Այսինքն՝ հասուն մարդիկ չե՞ն կարող խաբել, սխալ տվյալներ ներկայացնել, բազմաթիվ նման դեպքեր ունենք, ի վերջո՝ հասուն մարդիկ այսօր երկիր են ղեկավարում ու էլի խաբում են, խախտումներ են անում։



- Էդ արդեն, կներեք, չպատասխանեմ։



- Այդուհանդերձ, կուսակցություններ կան, որ այս պահին 2 հազար անդամ գուցե չունեն, բայց հայտ են ներկայացրել՝ մասնակցելու ընտրություններին։ Եղե՞լ է դեպք, որ գրանցումից հետո Պետռեգիստրը հետեւողական լինի եւ պարզի, որ այսինչ կուսակցության անդամների թիվը, օրինակ, պակասել է, կամ տարածքային կառույցները փակվել են, եւ որոշի լուծարել այդ կուսակցությունը։



- Ամեն դեպքում՝ իմ պաշտոնավարման ընթացքում, որ նոյեմբերի 21-ից է, ես չեմ հիշում նման դեպք։



- Դեպք չի եղել, որովհետեւ դուք հետեւողական եք եղել, փորձել եք պարզել եւ չե՞ք հայտնաբերել որեւէ խախտում, թե՞ ուղղակի չեք փորձել պարզել։



- Ներողություն, նորից եմ կրկնում՝ դա մեզ վրա դրված չէ, որ մենք պարզենք։



ՀԳ․ Զրուցեցինք նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ։ Վերջինս ասաց, որ ԿԸՀ-ն կուսակցությունների անդամների քանակն ու օրենսդրությանը համապատասխանելուն առնչվող այլ տվյալներ ստուգելու որեւէ իրավասություն չունի։ Իրենք հիմք են ընդունում այն, որ տվյալ կուսակցությունը գրանցված է Պետռեգիստրում, եւ վերջ։ Ինչ վերաբերում է «Ժառանգության» մի խումբ անդամների ներկայացրած դիմումին, Մուկուչյանն ասաց, որ իրենք երեկ նամակն ստացել են, որոնք մի քանի քաղաքացիներ են ստորագրել, բայց դեռ պետք է ուսումնասիրեն բովանդակությունը, եւ չի բացառվում, որ քննարկման առարկա դարձնեն նամակում նշված հարցը, որն ըստ էության վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության վարչության լեգիտիմությանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ