Ալիեւի ընտրությո՞ւնը

Ալիեւի ընտրությո՞ւնը

ԱՄՆ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական օդուժի հենակետերից մեկին: Ռուսաստանը դա համարել է «ինքնիշխան պետության դեմ ագրեսիա» եւ ՄԱԿ ԱԽ-ին կոչ արել անհապաղ քննարկումներ կազմակերպել: Ի՞նչ կհետեւի դրան՝ չափազանց անորոշ է: ԱՄՆ պետքարտուղարն արդեն իսկ հայտարարել է, որ «այդպես է լինում, երբ անցնում են կարմիր գիծը»։ Ակնարկը Սիրիայի՞ն է վերաբերում, թե՞ Ռուսաստանին, մնում է միայն ենթադրել:



Իսկ ահա haqqin.az-ը նույն ժամերին՝ երբ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը դիվանագիտական «հաճոյախոսություններ են փոխանակում», հրապարակում է ծավալուն հոդված, որտեղ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Սեկուտային բաց տեքստով առաջադրված է երկու մեղադրանք: Առաջինը՝ որ նա իր նստավայրում պարբերաբար ընդունելություններ է կազմակերպում «օրինական իշխանության ամենակատաղի հակառակորդների համար եւ փորձում է ի մի բերել աշխարհիկ եւ կրոնական ընդդիմությունը ներկայացնող խմբերին»: երկրորդը՝ որ դեսպան Սեկուտան վերջերս այցելել է Զաքաթալա եւ «հանդիպել անջատողական տրամադրություններ ունեցող մարդկանց հետ»:



Որեւէ կապ կա՞ Սիրիայում ԱՄՆ գործողությունների եւ Ադրբեջանում այդ երկրի դեսպանի դեմ հրապարակման միջեւ: Հարցը կարող է թվալ անտրամաբանական: Բայց ինչու՞ haqqin.az-ը Բաքվում ԱՄՆ դեսպանի «գաղտնի ծրագրի» մասին հոդված է տպագրել հատկապես Սիրիայում Միացյալ Նահանգների իրականացրած հարձակումից անմիջապես հետո: Կարելի՞ է ենթադրել, որ Իլհամ Ալիեւը Սիրիայի հարցում պաշտպանում է Ռուսաստանի դիրքորոշումը, բայց այդ մասին պաշտոնապես հայտարարելու փոխարեն նախընտրում է Բաքվում ԱՄՆ դեսպանի «ընդհատակյա գործունեության բացահայտման» ճանապարհը՝ ակնարկելով, որ Միացյալ Նահանգները ոչ միայն Սիրիայում, այլեւ Ադրբեջանում է գործում «օրինական իշխանության դեմ»:



Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Լավորվը կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի մասնակցությունը եվրասիական նախագծերին ողջունելի կլիներ: Բաքվից այս կապակցությամբ հնչել էր մի տեսակետ, որ առայժմ Ադրբեջանը «տնտեսական եւ քաղաքական շահ չի տեսնում, որպեսզի անդամակցի ԵԱՏՄ-ին»: Բավական խուսափողական տեսակետ է: Բայց երբ իշխանության խոսափող լրատվամիջոցը, որպիսին haqqin,az-ն է, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին մեղադրում է «պետական հեղաշրջում կազմակերպելու» մեջ, մնում է ենթադրել, որ Ալիեւը կատարել է ընտրությունը...



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ