Հաճելի է ներքին փոփոխություն տեսնելը

Հաճելի է ներքին փոփոխություն տեսնելը

Հազիվ թե իր ատամհատիկի ժամանակ Տարոն Մարգարյանը ձեռքը տարած լինի դեպի Երեւանի քաղաքապետի լանջաշղթան: Բայց կյանքը, ինչպես տեսնում ենք, շատ բան է փոխում, եւ Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետն է, իսկ եթե լսենք ՀՀԿ-ին` նա ուղղակի անփոխարինելի է այդ պաշտոնում:



Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանն էլ, երեւի, իրենց ամենագունավոր երազում չեն տեսել Երեւանի քաղաքապետի աթոռը: Բայց նորից կյանքն իր սրբագրումներն է արել, եւ նրանք այսօր պայքարում են (եթե պայքարում են) Երեւանը ղեկավարելու համար:
Ինչեւէ, Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների մասնակիցների շրջանը գծված է` ՀՀԿ, «Ելք» դաշինք եւ «Երկիր ծիրանի» կուսակցություն: Երեւանի ընտրությունների քաղաքական ֆոնը, կարծես, ապահովված է` մեկ իշխանական եւ երկու ընդդիմադիր ուժ պայքարելու են քաղաքապետի աթոռի համար, ինչը նշանակում է, որ քարոզարշավի ժամանակ փոխադարձ քաղաքական կսմիթների պակաս չի լինելու, թեեւ Երեւանի ընտրությունն ավելին չէ, քան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունը, եւ քաղաքականության ավելորդ չափաբաժինը քարոզարշավը կարող է վերածել միայն ու միայն զավեշտի: Առաջին պլանում պետք է լինեն Երեւանի խնդիրները, մինչդեռ, մենք տեսնում ենք, որ քարոզարշավը չսկսված՝ ոմանք արդեն սկսել են ՀՀԿ-ին մեղադրել աշխարհում գործված ու չգործված բոլոր մեղքերի մեջ, իսկ ընտրությունների էլ գնում են իշխանությունը ՀՀԿ-ից խլելու վճռականությամբ: Մեր կարծիքով` ընդդիմադիրների խնդիրն իրականում ՀՀԿ-ից ավելի լավ ծրագիր ներկայացնելն է, երեւանցիներին հրապուրելը, եւ դա պետք է անել ամենայն լրջությամբ: Ի դեպ, այս ընտրություններին առանձին առանցքային ուժերի չմասնակցելու պատճառներից մեկն էլ այն էր, որ պետք էր կարճ ժամանակում կազմել Երեւանի զարգացման այնպիսի ծրագիր, որը ոչ միայն իրատեսական կլիներ, այլեւ իր գրավչությամբ կգերեր ընդամենը օրեր առաջ ՀՀԿ-ին գլխապատառ ձայն տված երեւանցիներին: Եթե «Ելք» դաշինքը կամ «Երկիր ծիրանին» ունեն նման ծրագրեր, ապա մենք միայն ողջունում ենք նրանց համարձակությունը:



Հակառակ պարագայում կարելի է ասել, որ նրանց մասնակցությունն այս ընտրություններին զուտ հայրենասիրական ժեստ է, ՀՀԿ-ին միայնակ չթողնելու բարի կամք: Պատկերացրեք` այս փուլում դա նույնպես ողջունելի է:
Մի քիչ էլ խոսենք ՀՀԿ-ի գործերից, ամեն ինչ կարգի՞ն է, արդյոք, եւ, ինչպես հին ու բարի ժամանակներոմ, արդեն կրել-պրծե՞լ են այս ընտրությունները: Գուցե վստահում են միայն Տարոն Մարգարյանի անձնական հմայքի՞ն: Իսկ ՀՀԿ-ում հաշվի առե՞լ են, որ այն ամենը, ինչ արել են ԱԺ ընտրությունների ժամանակ, այս ընտրություններում աշխատելու է իրենց դեմ: Ի՞նչ տեղի կունենա, եթե ընտրակաշառքի սովոր զանգվածին ներկայանան ձեռնունայն, ինչպե՞ս կվարվի ՀՀԿ-ի խաբված եւ խորհրդարան չանցած, ինչպես նաեւ քաղաքապետի աթոռի ակնկալիքներ փայփայած հատվածը, Երեւանում չի՞ միավորվի, արդյոք, ընտրություններին չմասնակցող ընդդիմադիր կուսակցությունների ազատված ընտրազանգվածը: Տարոն Մարգարյանի թիմը, կարծում ենք, այս հարցերի մի մասի պատասխանն ունի ընդամենը, այն էլ ոչ հաստատ պատասխանը, որովհետեւ հայաստանյան ընտրությունները, ինչքան էլ կանխատեսելի, ինտրիգներ, այնուամենայնիվ, պարունակում են իրենց մեջ: Մենք տեսանք, չէ՞, ինչ տեղի ունեցավ Գյումրիում եւ Վանաձորում: Իսկ ինչո՞ւ նույնը չի կարող լինել Երեւանում: Մի՞թե միայն այն պատճառով, որ Երեւանը Հայաստանի կեսն է: Երեւանում էլ իրենց չափերով են մեծ հակաիշխանական «դավադրությունները»: Այնպես որ, ամեն ինչ պրոպորցիոնալ տեսանկյունից նույնն է, իսկ Երեւանում «շուստրիները» մի քանի անգամ գերազանցում են Գյումրու եւ Վանաձորի ողջ միամիտ բնակչությանը:



Մի խոսքով` հետաքրքիր ընտրություններ են լինելու: Ընդդիմադիրները երգում-պարում են, երեւանյան բլուրներն են մագլցում… Մի տեսակ դրական աուրա կա նախընտրական օդում, իսկ դա շատ կարեւոր է խորհրդարանական կառավարման մոդել որդեգրած երկրի համար: Ընտրություններով, ի վերջո, կյանքի ու մահու հարց չի որոշվում: Ընտրությունը շատ երկրներում տոն է` որոշ երկրներ ընտրություններով իրենց ժողովրդավարությունն են ցուցադրում, որոշ երկրներ` պետության կայունությունը, իրենց ժողովրդի հավատն ապագայի հանդեպ: Մեզ մոտ այդ ամենին առայժմ խանգարում են երիտասարդ անկախությունը, դեռեւս 90-ականներից եկող «աֆերիստությունը», ՀՀԿ-ի՝ ամեն ինչ իրենով անելու իներցիան: Երեւանի այս ընտրությունները, կարելի է ասել, նաեւ նախկին վախերից ազատվելու ընտրություններ են: Միանգամից չենք ազատվում, հասկանալի է, բայց, ամեն դեպքում, հաճելի է ներքին փոփոխություն տեսնելը:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ