Գյումրին այս անգամ էլ տարբերվեց՝ ցեղասպանությանը նվիրված հարգանքի տուրքով

Գյումրին այս անգամ էլ տարբերվեց՝ ցեղասպանությանը նվիրված հարգանքի տուրքով

ՀանրապետությաՆն երկրորդ քաղաքում, ի տարբերություն մայրաքաղաքի եւ մյուս քաղաքների, ջահերով երթը ապրիլի 23-ին չկազմակերպվեց, այն կայացավ ապրիլի 24-ին: Երթի մեկնարկը տրվեց ՍԲ Հակոբ Մծբնեցի եկեղեցու հարակից տարածքից: Հարյուրավոր երիտասարդներ հասան Վարդանանց հրապարակ, որտեղ ի հիշատակ մեր հերոսների եւ նահատակների՝ խնկարկում եւ մոմավառություն կազմակերպեցին:



Սա Եղեռնի 102-րդ տարելիցի վերջին ակորդն էր, իսկ մինչ այս Գյումրու Սբ. Յոթ Վերք եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մատուցեց հոգեհանգստի պատարագ : Այս արարողակարգը ավանդական է: Վերջին 2 տարիներին ավանդական է դարձել նաև քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաների եւ բնակիչների այցը Գյումրու Բագրատունյաց պուրակ, որտեղ վեր է խոյանում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողը:Իսկ ամենից անխախտ ավանդույթը քաղաքից դուրս, Շիրակի եւ Լոռու մարզերի սահմաններում գտնվող Հեր Հերի /Ջարդի/ ձոր այցելությունն է: Այս անգամ էլ մարզային, համայնքային իշխանության ներկայացուցիչները, մարզի նորընտիր պատգամավորները եւ անգամ ռուսական 102-րդ ռազմաբազայի սպաները այցելեցին Հեր Հերի /Ջարդի/ ձոր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Պատմական աղբյուրների վկայությամբ միայն այստեղ՝ այս ձորում անխնա ջարդի են ենթարկվել 12հզր մարդ, ովքեր եղել են Ղարաքիլիսայի եւ Ալեքպոլ գավառի բնակիչները: Ժողովրդի մեջ տարածված է Ջարդի ձոր անունը, որն առաջացել է ջարդ բառից:



Ծառուկյան դաշինքով ԱԺ վարկանիշային թեկնածու ընտրված Վարդևան Գրիգորյանն ամեն տարի լինում է Ջարդի ձորում, այս տարի այստեղ է որպես նորընտիր պատգամավոր, բայց ինչպես ինքն է ասում, զգացողությունը նույնն է: « Սա մի սերունդի պայքար չէ, սա սերունդների պայքար է: Մինչև աշխարհը չճանաչի, պայքարը չի դադարելու: Առաջինը դա իրենք պետք է գիտակցեն, իրենց է պետք, իսկ քաղաքական գործիչները պիտի գիտակցեն, որ պետության շահը կա, բայց ամենաբարձր շահը մարդկային արժեքն է, որը պետք է անպայման գնահատվի»,-ասաց Վարդևան Գրիգորյանը:



Նշենք, որ բացի ընտրված պատգամավորներից նահատակներին հարգանքի տուրք մատուցելու էին եկել մարզի պարտված պատգամավորները ևս՝ ՀՀԿ ցուցակով առաջադրվածներ Մարտուն Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանը եւ այլք:



Գնահատելի էր նաև Գյումրիում ռուս ուղղափառ եկեղեցու վարդապետ Անդրեյ Վացի ներկայությունը: Նա նշեց, որ հազարավոր քրիստոնյաների արյուն է թափվել այս հողի վրա, չհիշել նրանց, հարգանքի տուրք չմատուցել, ուղղակի անհնար է եւ որպես քրիստոնյա կիսում են հայ ազգի վիշտը:



Արևիկ Հակոբյան