Կիսատ-պռատ օգնություն. գյուղացին կրկին դժգոհ է

Կիսատ-պռատ օգնություն. գյուղացին կրկին դժգոհ է

Կառավարությունը վերջին տարիներին, այսպես ասած՝ լավություն էր անում գյուղացիներին՝ սուբսիդավորված գնով պարարտանյութ ու դիզվառելիք տրամադրելով: Սա գյուղնախարարության ամենամեծ ծրագիրն էր: Եթե 2012 թվականին ծրագրի համար հատկացվել էր 1 մլրդ․, 2016 թվականին՝ 3.1 մլրդ․ դրամ, որը կազմում է գյուղատնտեսության բյուջեի 23.1 տոկոսը կամ պետական բյուջեի 0.2 տոկոսը: 



Սա այն փոքրաթիվ ծրագրերից էր, որից գյուղացիները քիչ թե շատ կարողանում էին օգտվել. վերջին երեք տարիների ընթացքում օգտվել է գյուղացիական տնտեսությունների 66 տոկոսը: Մատչելի գներով որեւէ կարգի պարարտանյութեր է ձեռք բերել ԳՏ-ների 64.3, իսկ դիզելային վառելիք՝ 15.6 տոկոսը: 2015 թվականին պարարտանյութեր է ձեռք բերել գյուղացիական տնտեսությունների 56.4, իսկ 2016-ին՝ 50.8 տոկոսը: Եվրամիության գումարներով իրականացված հետազոտության համաձայն, պարարտանյութերից չօգտվելու հիմնական պատճառը պատվերի ձեւակերպման ժամանակահատվածում ֆինանսական ռեսուրսների բացակայությունն է: Նման խնդիր է բարձրացրել հարցվածների 57.4 տոկոսը: Մարդիկ դժգոհում են, որ գումարը վերցնում են աշնանը, պարարտանյութը տալիս են գարնանը: Այնինչ աշնան այդ հատվածում կանխիկ դրամ ունենալը բարդ է: Անվճարունակության պատճառով հաճախ պարարտանյութերը ձեռք են բերվում վերավաճառողներից կամ պարտքեր են ձեւավորում: 22 տոկոսն էլ դժգոհում է պարարտանյութերի որակից: Մարդիկ ասում են, որ հիմնականում բերվում է վրացական պարարտանյութ, որը որակական խնդիրներ ունի: Գյուղացիների 28 տոկոսի համար պարարտանյութը թանկ է: Մարդկանց մի մասն էլ դժգոհում է ժամկետների խախտումից, երբեմն տեղի են ունենում ուշացումներ:



Որ պարարտանյութը թանկ է, պարզվում է, որ դրանում մեծ դերակատարում ունի կառավարությունը: 2016-ին ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է արել Հայաստան ներմուծվող պարարտանյութի շրջանառության եւ իրացման ոլորտում: Պարզվել է, որ պարարտանյութի հիմնական մատակարարը եղել է «Մասիսի բերրիություն» ընկերությունը, որը պետության հիմնական մատակարարն է: Երկրորդը՝ «Գրիմ պրոդուկտ» ընկերությունը, ներմուծել է 12 հազար տոննա եւ հիմնականում իրացրել գյուղացիական տնտեսություններին: 2013 թվականից մինչ օրս հիմնական մատակարարը հենց այս ընկերությունն է: Պարզվում է, որ մեկ տոննան 84 դոլարով թանկ ենք գնել, քան կարող էինք ձեռք բերել, եթե ձեռք բերեր այլ ընկերություն: Դրամով տուժել ենք 43.6 հազար՝ յուրաքանչյուր տոննայի դիմաց: Քանի որ 2015 թվականին ներմուծել ենք 32.721 տոննա, ուրեմն տուժել ենք 1.5 մլրդ․ դրամի կարգի: Տուժել ենք, ինչը չէր լինի բաց ու հրապարակային մատակարարման պարագայում: Պարարտանյութեր մատակարարող կազմակերպության ընտրության գործընթացը թափանցիկ չէ, պարարտանյութերի շուկայում ստեղծվել են մրցակցային անհավասար պայմաններ՝ սահմանափակելով ինչպես ներմուծման, այնպես էլ ներքին արտադրության զարգացումը: Արդյունքում բաշխվող պարարտանյութերի գները հիմնավորված չեն եւ նվազման հնարավորություններ ունեն: Ըստ այդմ` հիմնավորվում է պարարտանյութերն առնվազն 36 տոկոսով ցածր սակագնով գյուղացիներին տրամադրելու հնարավորությունը:
Ծրագրի դրական կողմն այն է, որ իրազեկման մակարդակը բարձր է, եւ ֆինանսական միջոցների առկայության դեպքում բոլորը կարողացել են օգտվել:



Ինչ վերաբերում է դիզելային վառելիքին, 2015-ին ֆինանսական ռեսուրսներ չեն ուղղվել, քանի որ տարվա ընթացքում ձեւավորված պահանջարկը ծածկվել է նախորդ տարվա մնացորդի հաշվին: 2016-ին դիզելային վառելիք է սպառել ԳՏ-ների 11.9 տոկոսը, որը 2015-ի համեմատ ցածր է 1.2 տոկոսային կետով: Դիզվառելիքից քիչ են օգտվել, քանի որ, նախ՝ շատ անհրաժեշտ չէ, բացի այդ՝ շուկայականից քիչ է էժան:
Դիզվառելիքի գինը 2016-ին կազմել է 280 դրամ՝ 1 լիտրի համար, կառավարությունը սուբսիդավորել է 55 դրամ: Մեկ պարկ ազոտական պարարտանյութը կազմել է 6 հազար դրամ, կառավարությունը սուբսիդավորել է 2 հազար 730 դրամ:
Ծրագիրը եւ գործող աջակցության համակարգը սկզբունքային փոփոխությունների կարիք ունեն։ Ներկրվող պարարտանյութերի գինը եւ որակը մասնագիտական եւ հանրային քննարկումների առարկա պիտի դառնան: Ծախսային արդյունավետությունը եւս պետք է հիմնավորվի: Պետք է վերանայել կանխավճարը: Պետք է ուսումնասիրել տվյալ հողին եւ դրա վրա աճեցվող մշակաբույսին ամենահարմար պարարտանյութն ու դրա անհրաժեշտ քանակը։



Հաճախ են բարձրացվում խնդիրներ, որ համայնքների ղեկավարներն ուռճացնում են մշակվող վարելահողերի քանակը, վերցնում են սուբսիդավորվող գներով վառելանյութը եւ վաճառում տեղի շուկայում՝ բենզալցակայաններին:
Համակարգը ներդնելով՝ կառավարությունը նախատեսել էր, որպես վերջնական արդյունքի ցուցանիշ, գյուղատնտեսական մթերքի եւ դրա վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացում: Պետք է փաստել, որ նախորդ տարվա տվյալներով՝ այդ արդյունքին չենք հասել, քանի որ գյուղատնտեսությունն անկում ապրեց:
Կառավարությունը խնդիրներին ուշագրավ լուծում է գտել. 2018 թվականից կհրաժարվի պարարտանյութերի սուբսիդավորումից: Դիզվառելիքի սուբսիդավորումը նախարարությունը դադարեցրել է արդեն այս տարի: Վերլուծությունը ցույց է տվել, որ ավելի ճիշտ է սուբսիդիաներ տրամադրել գյուղտեխնիկայի լիզինգի համար: Իսկ պարարտանյութեր գյուղացիները, այսպես, թե այնպես, կշարունակեն օգտագործել: Ըստ գյուղնախարարության, առանց սուբսիդիայի պարարտանյութի պարկը կարող է 1000 դրամով թանկանալ, եւ հազիվ թե գյուղացին հրաժարվի պարարտանյութից: Իսկ մեր զրուցակից գյուղացիների համար անգամ սուբսիդավորված պարարտանյութն է թանկ:



Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ