Ֆրանսիացին ընտրել է «լվացքի մեքենային»

Ֆրանսիացին ընտրել է «լվացքի մեքենային»

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլում արտասովոր քվեարկությունների պակաս չի եղել, հաղորդում է La Voix du Nord պարբերականը:



Նշվում է, որ ըստ ՆԳՆ տվյալների ընտրություններին մասնակցությունը կազմել է 74,5 տոկոս: Ընտրատեղամասեր չի ներկայացել 12 միլիոն ընտրող: Ընտրությանը մասնակցածների 6,35 տոկոսը մաքուր քվեաթերթիկ է տվել՝ չնշելով թեկնածուներից ոչ մեկի անունը, անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 2,21 տոկոսը: Այդ ամենը միասին կազմում է մոտ ավելի քան 4 միլիոն մարդ:



Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Դանկերկ քաղաքի ընտրատեղամասերից մեկում ընտրողը ծրարի մեջ քվեաթերթիկի հետ լվացքի մեքենայի նկար է դրել և մակագրել՝ «Ընտրեք լվացքի մեքենային, որովհետև միայն նա է կատարում իր ծրագիրը»:



Մեկ այլ տեղամասում, արդեն երկրի արևելում, քվեատուփից հանել են մի քվեաթերթիկ՝ գեներալ Դը Գոլի նկարով, իսկ Գրենոբլում ընտրողը քվեարկել է Մարին Լը Պենի օգտին և ավելացրել. «կատակեցի»:



Մի ֆրանսիացի էլ ծրարի մեջ քվեատուփ է նետել մաքուր քվեաթերթիկ՝ դերասան Միշել Բլանի լուսանկարի հետ միասին, որի ազգանունը թարգմանվում է «սպիտակ»՝ ցանկանալով ընդգծել իր «սպիտակ» քվեն: