Վեց փաստ որ պետք է իմանալ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մասին

Վեց փաստ որ պետք է իմանալ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մասին

Սպասվում է, որ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսական աճն այս տարի կկազմի 3,1%, 2016 թվականի` 2,4%-ի համեմատությամբ, եւ այդ աճը պայմանավորված է նախ եւ առաջ արտաքին միջավայրի բարելավման հետ: Մասնավորապես այն կապված է Ռուսաստանում նկատվող տնտեսական աճի հետ, Չինաստանի հետ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման հետ, որը նաեւ բերում է տնտեսական հեռանկարների բարելավում, եւ վերջապես նաեւ մասնակիորեն այն կապված է հումքային ապրանքների գների վերականգնման հետ: Սակայն նախորդ տասնամյակի աճի տեմպերը կրկին ապահովելու համար անհրաժեշտ է որպեսզի ռեգիոնը ձեռնամուխ լինի արմատական բարեփոխումների որպեսզի բարձրացնի տնտեսական կայունությունը եւ նվազեցնի հումքային ապրանքներից եւ դրամական փոխանցումներից ունեցած կախումը: Այս մասին Six Things to Know About the Economic Outlook for the Caucasus and Central Asia վերնագրով հոդվածում գրում են International Monetary Fund-ի վերլուծաբանները` հղում տալով ԱՄՀ կանխատեսումների վերաբերյալ հրապարակված տվյալներին: Նշենք, որ Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի զարգացման հեռանկարները ներկայացվել են մայիսի սկզբին Դուբայում եւ Ալմաթիում տեղի ունեցած տնտեսական ֆորումի ժամանակ: Ներկայացնում ենք այդ հեռանկարները վեց կետերով, ըստ վերոնշյալ հոդվածի բովանդակության.



1. Աճը կշարունակվի այս տարի, կապված արտաքին ֆոկտորների բարելավման հետ: Անհաջող 2016 թվականից հետո սպասվում է, որ աճը 2017-ին կլինի 3,1%, իսկ արդեն 2018-ին կհասնի 4,1%-ի: Սա պայմանավորված է առավելապես Ռուսաստանի զարգացման կայուն տեմպերով եւ Չինաստանի հեռանկարների դրական տեղաշարժերով, ինչպես նաեւ հումքային ապրաքների գների մասնակի վերականգնմամբ:



2. Ֆինանսական աջակցությունը եւ արտարժութային կարգավորումները օգնեցին մեզմել արտաքին ցնցումների որոշ հետեւանքներ: Պետական ծախսերի աճը ապահովեց ներքին պահանջարկի այդքան անհրաժեշտ աջակցությունը: Միեւնույն ժամանակ արտարժույթի գնանկումը շատ դեպքերում փոխհատուցվեց ֆիսկալ եւ արտաքին կորուստներով, որոնք կապված էին հիմնականում հումքային ապրանքների գների նվազման եւ դրամական փոխանցումների դանդաղման հետ: Ամորտիզացիան օգնեց պահպանել արտաքին եւ հարկային հոսքերի արժեքականությունը տեղական արժույթով եւ էքսպորտը դարձրեց ավելի գրավիչ:



3. Այս գործողությունները սակայն ռեգիոնը դարձրեցին ավելի խոցելի, ավելի մեծ դեֆիցիտներով եւ պարտքերով: Բյուջետային մուտքերի նվազումը եւ պետական ծախսերի աճը բերեցին բյուջետային դեֆիցիտի աճի հատկապես նավթի իմպորտյորների միջավայրում: Այդպիսին կարելի է համարել Ղրղզստանին, որը գործնականորեն թաղվեց այս գործողությունների մեջ` հետագա ցնցումներից խուսափելու համար: Պետական պարտքը, որը նախկինի նման մնում էր ցածր ըստ միջազգային ստանդարտների, շատ երկրներում ավելացավ մի քանի անգամ եւ սպասվում է, որ հետագա մի քանի տարիների ընթացքում պարտքերը կաճեն: Այստեղ կարեւոր դերակատարություն ունեցավ իհարկե նաեւ արտարժույթի գնանկումը: 2014-ին օրինակ պետական պարտքերի ավելացման ուղիղ կեսը կապված էր հենց այդ արժութային փոխարժեքների փոփոխություններով, քանի որ պետական պարտքերի մի զգալի մասը հենց արտարժութային էր:



4. Անհրաժեշտ էր ֆիսկալ կոնսոլիդացիա որը պետք է ներառի իր մեջ ինչպես ծախսերը, այնպես էլ եկամուտները: Պետությունները նախաձեռնեցին պետական ներդրումների կրճատումներ, ինչը բերեց նախկին ներդրումային արտակարգ մեծ հոսքերի շեշտակի փոփոխությունների: Արդյունքում արդեն առկա արտադրական հարթակներում ավելացավ արտադրողականությունը: Մյուս կողմից անհրաժեշտ է պետական ծախսերի արդյունավետության բարձրացում եւ ամենից կարեւոր սոցիալական ծախսերի պահպանում, որոնք պաշտպանում են բնակչության ամենից խոցելի խավերին: Միաժամանակ նաեւ, ըստ հրապարակման պետությունները փորձելու են նոր եկամտի աղբյուրներ գտնել, որոնք կնվազեցնեն կախվածությունը հումքային ապրանքներից:



5. Ֆիանսական սեկտորի թույլ կողմերը կարիք ունեն փոփոխությունների: Բանն այն է, որ տնտեսական անկումը զուգորդվելով փոխարժեքային կուրսի գնանկման հետ, հարվածեցին լրջորեն դոլարացված ֆինանսական սեկտորին: Չնչին բացառություններով վերակառուցված կամ վերաձեւակերպված եւ երկարաձգված վարկերը մեծացան արտարժույթի աճական տատանումներին համընթաց: Բանկերը ծախսեցին իրենց ռեզերվները ձգտլելով պաշտպանել իրենք իրենց դժվար ժամանակներում: Այս խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է բացահայտել վատ վարկերը եւ բացասական կապիտալային պահանջմունքները, ինչպես նաեւ ապահովել խնդրահարույց բանկերին օգնությամբ, սակայն բարդ պայմաններով: Բացի այդ վատ ակտիվների լիկվիդացիան եւ բաց ու թափանցիկ գործելաոճը նոր կապիտալի համար պետք է նպաստի մրցունակության բարձրացմանը: Այստեղ շատ կարեւոր է որպեսզի ամրապնդվեն ճգնաժամային կարգավորման մեխանիզմները, ինչպես նաեւ ապահովեն այդ կարգավորումների պահպանումը:



6. Կառուցվածքային փոփոխությունները այս դեպքում առավել քան երբեւէ կարեւորություն են ձեռք բերում: Սպասվում է, որ միջնաժամկետ աճը կմնա միջին պատմական ցուցանիշից ցածր, ինչն արտացոլում է թույլ արտաքին հեռանկարները եւ ներքին աճին խանգարող խոչընդոտները: Թույլ են այն ֆինանսական սեկտորները, որոնք դիվերսիֆիկացված չեն եւ անարդյունավետ գործարար միջավայրում են գտնվում: Բարեփոխումները պետք է ուղղված լինեն հումքային կախվածությունից ազատագրմանը, դրամական փոխանցումներից կախվածության ազատագրմանը: Օրինակելի է այս իմաստով Ղազախստանում “Հարյուր կոնկրետ քայլեր” անունով հայտնի բարեփոխումների փաթեթը կամ Վրաստանի քառաստիճան բարեփոխումների համակարգը: Սրանք կօգնեն որպեսզի պետությունները հասնեն իրենց նպատակներին եւ լինեն ավելի կայուն ցնցումների դիմաց: Սակայն կա նաեւ մի գայթակղության վտանգ: Արտաքին պայմանների լավացումը կարող է բերել այդ բարեփոխումների ժամանակավոր հետաձգմանը: