Առանց գլխավոր հատակագծի Երեւանն այսօր քայքայում է ամբողջ Հայաստանը

Առանց գլխավոր հատակագծի Երեւանն այսօր քայքայում է ամբողջ Հայաստանը

Երեւանի քաղաքապետարանում «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ նախօրեին տեղի ունեցավ հանրային քննարկում՝ Երեւանի գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ։ Թեեւ քննարկման մասնակիցների ցանկն անցնում էր 3 տասնյակը, բայց բուն քննարկմանը մասնակցում էին քչերը։ Հատկանշական է, որ տարբեր գերատեսչություններից՝ Քաղշինկոմիտե, Ճարտարապետների պալատ, Երեւաննախագիծ, այդ թվում՝ քաղաքապետարանի համապատասխան վարչություններ, մարդ չկար, ներկա էին հիմնականում անկախ ճարտարապետներ, քաղաքաշինարարներ։

Իր բացման խոսքում Հայկ Գրիգորյանը կարճ ձեւակերպեց խնդիրը՝ ո՞րն է Երեւանի գլխավոր հատակագիծը եւ դրա բաղադրիչները․ «Խնդիրն այն է, որ գլխավոր հատակագիծ այսօր չկա, բայց իրավաբանորեն կա, քանի որ ժամկետը երկարացվել է, այդուհանդերձ, չկա հստակ զոնավորում, քաղաքային պլանավորում»։ 

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր խոսքում նշեց, որ քննարկվող հարցն օրհասական է ու մեր բոլորի համար խիստ կարեւոր, որը, ցավոք, միայն զրույցով ու բարի ցանկություններով չես կարգավորի․ «Մենք չունենք շենքերի շահագործման եւ պահպանման մի օրենք, որովհետեւ հենց այդտեղից էլ առաջանում են բոլոր խնդիրները։ Մենք ինչքան էլ լավ ու գրագետ գլխավոր հատակագիծ անենք, դրա մեջ պետք է կառուցվեն շենքեր, եւ այդ շենքերը պետք է ունենան օգտագործման եւ շահագործման վերահսկողություն»։

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն էլ նկատեց, որ լավ կլիներ՝ քննարկմանը «Երեւաննախագծից» ներկա մարդ լիներ, քանի որ, ինչքանով տեղյակ է, սկսել են աշխատել գլխավոր հատակագծի վրա, իսկ Թամանյանի գլխավոր հատակագծից այսօր գրեթե բան չի մնացել․ «Միայն մի փոքր հատված է մնացել՝ Կենտրոն թաղամասը, որը Թամանյանը նախագծել էր որպես մի ամբողջական քաղաք՝ 150 հազար բնակչության համար, ոչ թե միլիոնից ավելի։ Կարծում եմ՝ «Երեւաննախագիծն» այսօր մի հերոսական քայլ պետք է անի․ այդ խնդիրները դնի, լուծման ճանապարհներ փնտրի ու դրանք առաջարկի քաղաքապետարանին։ Այսօր գլխավոր հատակագիծն անելուց առաջ պետք է վերանայել նաեւ տարաբնակեցման նախագիծը, որոշել, թե մենք ինչ ենք ուզում, որ Երեւանը լինի, ինչքան մարդ կարող է այս տարածքում ապրել, ինչքան մարդ ենք ուզում, որ ապրի Գյումրիում, Սյունիքում, Վանաձորում եւ ամեն տեղ, ու հետո նոր այս գլխավոր հատակագիծն արվի։ Գլխավոր հատակագիծն անելուց հետո նոր կարելի է անցնել զոնինգ պլաններին, թաղամասերին ու կառուցապատման նախագծերին, որոնց խախտումները պետք է նաեւ պատժվեն, հակառակ դեպքում մենք չենք ունենա գլխավոր հատակագիծ։
Երեւանը նայել ոչ թե առանձին կտոր, այն դիտարկել ոչ թե առանձին թաղամասերով ու կտորներով, այլ նայել նրան որպես Հայաստանի ամենամեծ քաղաք։ Մենք ուրախանում ենք Երեւանով, բայց այն քայքայում է ամբողջ Հայաստանը, արվարձանները, գյուղերը դատարկվում գալիս են Երեւան, Ադրբեջանը սպասում է այն օրին, երբ Սյունիքը կդատարկվի, ու իրենք հանգիստ ոտքով կմտնեն այդ գյուղեր»։

Քաղաքային պլանավորման մասնագետ, Կենտրոնի նախկին թաղապետ, Երեւանի ընտրություններում քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն էլ նշեց, որ Երեւանի խնդիրներն այսօր չեն նկատվում ու չեն լուծվում, փոխարենը՝ կոմունալի եւ մայթ բարեկարգելու մակարդակի է այսօր կառավարվում Երեւանը ու դարձյալ՝ վատ։ «Վիրավորական է, որ այս քննարկմանը ոչ միայն քաղաքապետարանի պատասխանատուները ներկա չեն, այլ նաեւ տարբեր ֆրակցիաներից ավագանու այլ անդամներ, ինչպես նաեւ ճարտարապետներ՝ ի դեմս պալատի նախագահի։ Սա անարգանք է երեւանցու հանդեպ»,- նշեց Վ․ Մնացականյանը։ 

«Այն փաստաթուղթը, որ պետք է Երեւանին, շատերը կոչում են գլխավոր հատակագիծ, բայց դա այն փաստաթուղթը չէ, որ մեզ պետք է։ Մենք ո՛չ այդ մասնագետներն ունենք, ո՛չ ներուժը, դա այն փաստաթուղթը չէ, որը մեզ պետք է լինելու»,- այսպիսի կարծիք հայտնեց քննարկման մասնակից, ճարտարապետ Ավետիք Էլոյանը, ում խոսքով՝ գլխավոր հատակագծի միակ նպատակն է՝ սահմանափակել Երեւանի աճը․ «Հասկանում եմ, որ Երեւանի մասին ենք խոսում, բայց ընթացքում կորցնում ենք երկիր։ Եթե Երեւանում տարեկան 30 հազար բնակարան է կառուցվում, այդ մարդիկ Լոս Անջելեսից չեն գալու այստեղ բնակվելու, գալու են Մեղրիից, մարզերից, գյուղերից, որտեղ ի վիճակի չենք եղել ստեղծել այն պայմանները, որպեսզի մարդիկ ուզենան մնան այնտեղ։ Այդ տեսակետից գլխավոր հատակագիծը պետք է տարաբնակեցման նախագծի սահմաններում արվի եւ ոչ ավելի։ Դա աշխարհում տարբեր անուններ ունի, կարող է լինի մաստեր պլան, զոնավորման նախագիծ եւ այլն, դրանք կետային խնդիր են լուծում քաղաքի մասշտաբով»։

«Փարիզ Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանն էլ նկատեց, որ նոր հատակագծի մշակումը դեռ 6 տարի առաջ պետք է սկսվեր․ «2006-ից սկսեց գործել գլխավոր հատակագիծը, որը մինչեւ 2020-ը ներառյալ ուժի մեջ էր, իսկ նոր հատակագծի մշակումը պետք է սկսվեր առնվազն 2018-ից, որն ուշացավ, եւ մի քիչ երկարացրին, բայց անվերջ չեն կարող երկարացնել եւ պետք է նոր գենպլան մշակեն։ Իբրեւ ֆոն, գենպլանի ժամկետը կերկարացնեն, իսկ մնացած գործերը կանեն հատուկ նախագծերի տակ։ Ստացվում է՝ եթե գենպլան չկա, կառավարության որոշումներով է արվելու ամեն ինչ։ Սրա վատն էլ այն է, որ դրանք հետո ավտոմատ կմտնեն գենպլանի մեջ»։ 

Քննարկմանը կեսից միացավ նաեւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ով ավագանու անդամների, քաղաքապետարանի, քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների բացակայությունը քննարկմանը բացատրեց նրանով, որ այդ մարդիկ կա՛մ խուսափում են, կա՛մ էլ վախենում են մասնակցել այսպիսի միջոցառումներին, որովհետեւ կարող են կորցնել իրենց աշխատանքը․ «Այսօր մենք հասել ենք մի իրավիճակի, որից ուզում էինք դուրս գալ 2018-ին, բայց ոնց որ թե ավելի խորն ենք խրվել։ Եթե այն ժամանակ գոնե ձեւական կասեին՝ գնա, մասնակցի, գլխով անընդհատ այո, այո արա, հետո կգաս, քո ուզածը կանես կամ մեր ասածը կանես, հիմա անգամ դրա համար էլ են պատժում»։

Մարությանի կարծիքով, ճարտարապետների ակտիվ մասնակցությամբ Երեւանն աղավաղվել եւ աղավաղվում է։ Այս խնդրին լուծում տալու համար առաջարկեց ճարտարապետների շրջանում մի շարժում սկսել, սկզբունքային ճարտարապետների մի խումբ ստեղծել, որոնք կկարողանան համայնքը միավորել եւ ներսից կանգնեցնել քաղաքն աղավաղող գործընթացը։

«Ես, որպես քաղաքապետ, որ բախվել եմ խնդրի, դա կառավարություն եւ քաղաքապետարան համագործակցությունն էր։ Ինչ էր կատարվում՝ կառավարությանը պետք էր մաքսիմալ մեծ շինարարություն, որովհետեւ պետք է ապահովել տնտեսական աճ։ Ինձ մեղադրում էին, թե ձեր օրոք այդքան մեծ շինարարություն եղավ, բայց հետաքրքիրն այն է, որ նույն իշխանությունն այն ժամանակ ասում էր՝ էս ի՞նչ է, ոնց որ դանդաղ է գնում շինարարությունը, նույն այդ իշխանությունն ասում է՝ Մարությանի ժամանակ էդ ի՞նչ շինարարություն էր, տեսա՞ք, թե էդ ինչեր կառուցվեցին։ Հարցն այն է, որ կառավարությանը միշտ է պետք լինելու շինարարությունը, պարզապես քաղաքապետարանը պետք է հանդես գա որպես մարմին, որը կարողանա դիմակայել կառավարությանը, նաեւ դիմակայել բիզնեսին, մեծ գումարներին, ոչ թե ուղղակի մերժել, այլ ճիշտ ուղղությամբ զարգացնել»,- ասաց Մարությանը։

Նրա դիտարկմամբ՝ այսօրվա քաղաքային իշխանությունը պարզագույն հաշվարկներ չի կարողանում անել, պարզագույն որոշումները չի կարողանում ճիշտ ընդունել։ «Մարտնչող անգրագիտություն է, եւ որքան մարդն անգրագետ է ու չի տեսնում մեծ պատկերը, գիտի, թե ինքը ճիշտ է անում, այնքան ավելի եռանդով գնում է իր հիմար գործողությունն անելու։ Եթե մի քաղաքապետ գա եւ ուզի իրականում քաղաքը կարգի բերել, հավատացեք, այսօրվա օրենսդրական կարգավորումներով չի կարողանա, առավել եւս, եթե նրա թիկունքին պետությունը կանգնած չէ։ Երեւանում առանց կոշտ լուծումների, քաղաքական լուծումների քաղաքաշինությունը չես կարող իրագործել»,- ասաց Մարությանը։