Ես հրաշքով եմ փրկվել, 3 գիշեր թափառել անտառներում

Ես հրաշքով եմ փրկվել, 3 գիշեր թափառել անտառներում

Մեր ժողովրդի մտածող, վերլուծող մի ստվար հատված դարձել է քաղաքական, ռազմական վերլուծաբան։ Երկիրը հեղեղվել է հակառուսական, սորոսական ելույթներով, այս օրհասական պահին քաղաքական գործիչները, քաղաքագետները, տեսնելով պատերազմի վտանգը, ակամայից ավելի շիկացրին մթնոլորտը։ Ստեփան Գրիգորյանին 10 տարով չէ, այլ ընդմիշտ պետք է վտարեին Ռուսաստանից։ Գոնե հիմա, երբ մենակ ենք ամբողջ աշխարհում, էլի՝ լավ թե վատ, օգնությունը Ռուսաստանից է, մի՞թե տեղին էին Ստեփան Գրիգորյանի հակառուսական հայտարարությունները։ Մեկ ամիս առաջ՝ Նիկոլի հետ հանդիպումներից մեկի ժամանակ, մի երիտասարդ հարց տվեց, թե ինչու են կառավարության կազմում այդքան շատ սորոսականներ։ Նիկոլն ափերից դուրս եկավ եւ քիչ էր մնում այդ տղային անձամբ ասֆալտին փռեր․ կես ժամ գոռում էր, թե ինչ ասել է սորոսական, եւ այդպես էլ կոնկրետ չպատասխանեց, ավելի շատ հարց տվողին նսեմացրեց։

Դեռ ամիսներ առաջ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժություններն էին ընթանում՝ մեր սահմանին շատ մոտ, մի՞թե համապատասխան մարմինները չհասկացան, որ պատերազմի շեմին ենք, մի՞թե չտեսան, թե ինչ ժամանակակից զենք ու զինամթերք է ցուցադրվում։ Նրանք զինվում ու պատրաստվում էին, իսկ մենք գլուխ էինք գովում ու մեծ-մեծ խոսում՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», կամ՝ Կոմանդոսի այն հայտարարությունը, թե «90-ականների կռիվներին թուրքերին վազել սովորեցրինք, հիմա էլ լողալ կսովորեցնենք»։ Հայաստանում չկա՞ն հետախուզություն, անվտանգության մարմիններ, թե՞ վերջին 2,5 տարում նրանք զբաղված են եղել միայն Նիկոլին պաշտպանելով եւ նախկիններին հետապնդելով ու վարկաբեկելով։ Ահա թե որն է մեր խայտառակ պարտության պատճառներից մեկը։ Մենք մի ամբողջ սերունդ կորցրինք, լուսավոր, ջինջ տղաներ, եւ սա ավելին էր, քան 15 թիվը, սա մի անփարատելի վիշտ ու կսկիծ է յուրաքանչյուր հայի համար։ Որքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը հակասություններ ունենան ռուսների հետ, կարողանում են ուզած պահին սիրաշահել, շողոքորթել, խորամանկել եւ համոզել, որ իրենք ամենահավատարիմ ու վստահելի պարտնյորներն են։ Իսկ մենք ի՞նչ ենք անում․ բանը հասավ նրան, որ հավասարման նշան դրվեց մեր եւ Ադրբեջանի միջեւ։ Նույնիսկ այս պահին, երբ ռուս-թուրքական շահերի բախում կա Մերձավոր Արեւելքում, երբ ռուսական նավթամուղի դատարկ խողովակներ կան Բաքու-Ջեհյանին զուգահեռ, տեռորիստների առկայություն՝ Հյուսիսային Կովկասում, դարձյալ Պուտինը պահպանում է չեզոքությունը՝ չնեղացնելով թուրքերին։

Իսկ ի՞նչ է տիրում այսօր բանակում, եթե կա այդպիսին։ Հրաշքով փրկված տղաներն արձակուրդ են գալիս, գալիս են հյուծված, դժոխքի միջով անցած, խարխլված առողջությամբ եւ խեղված հոգեբանությամբ։ Նրանցից մեկը, որը ծառայում էր Թալիշում, պատմեց իր տեսածը։
Պատերազմի հենց առաջին գիշերը 300-ից ավելի ժամկետային զինծառայող արթնացել են ուժեղ կրակոցներից, չի եղել ոչ մի հրամանատար, ղեկավար կազմից որեւէ մեկը։

Պարզվում է՝ նրանք իմացել են պատերազմի սկսման մասին լուրը եւ ժամանակին հասցրել են փախչել՝ թողնելով երիտասարդ տղաներին թշնամու բերանում։ Ահավոր ռմբակոծությունից արթնացած զինծառայողներից ով ինչպես կարողացել է, հագնվել է, մի մասը՝ ոտաբոբիկ, կիսամերկ, դուրս են փախել։ Եվ պարզ է, որ ոչ բոլորն են հասցրել դուրս գալ։ Մեր զրուցակիցն ավելի ճարպիկ ու արագաշարժ է գտնվել, եւ 4 հոգով շնչակտուր վազել են մոտակայքի անտառը՝ չիմանալով եւ չպատկերացնելով, թե ուր են գնում՝ դեպի մա՞հ, թե՞ փրկություն։ Հետո հոգնած եւ ուժասպառ քայլել են դեպի անտառի խորքերը՝ հույսով, որ կհանդիպեն հայերին։ 3 գիշեր մնացել են անտառում՝ քաղցած, ծարավ, անհույս եւ անմխիթար վիճակում։ Եվ միայն 4-րդ օրը մտել են ինչ-որ գյուղ, որը դատարկ եւ անմարդաբնակ է եղել։ Գիշերել են տներից մեկում՝ ուտելու որոշ բան են գտել տանը, հաջորդ օրը նորից շարժվել են անհայտ ուղղությամբ։ Վերջապես հայտնվել են Մարտակերտի մոտակայքում տեղակայված տանկային պոլիգոնում, որը ժամանակին եղել է ուսումնական կենտրոն։ Տարածք, որտեղ հոսանք, կապ եւ ընդհանրապես՝ ոչ մի կենսական պայման չկա մարդ արարածի համար։ Սննդի մասին խոսելն էլ ավելորդ է, զորամասում բավականին զինվորականներ են եղել, սակայն խոհանոց չի եղել, լավագույն դեպքում տուշոնկա են տվել զինվորներին եւ անտառից կտրած փայտով տաքացրել ու սպասել։ Եվ այսպես պատերազմի ողջ 2 ամսվա ընթացքում։ Երիտասարդը համարում է, որ հրաշքով է փրկվել, որ շատ քչերին է նման բախտ բաժին ընկել։

Այս օրերին բազմաթիվ ծնողներ կառավարության եւ ՊՆ շենքերի մոտ բողոքում էին երեխաների անմարդկային պայմաններից։ Հնարամիտ պաշտոնյաներից մի քանիսը ակտիվ բողոքողների տվյալներն էին վերցրել՝ խոստանալով զբաղվել նրանց տղաների հարցով, որպեսզի բողոքի ալիքը լայն մասշտաբներ չընդգրկի։ Հետո պարզվեց, որ, իսկապես՝ նրանց տղաներին անտառներից տեղափոխել են Ստեփանակերտի բարեկարգ, նորմալ պայմաններով զորամասեր։ Եվ այս լուրն էլ տարածվեց զինծառայողների հարազատների շրջանում՝ նորից ցավ ու անարդարության զգացում առաջացնելով։

Լավ, որքա՞ն կարելի է մորթապաշտի նման մտածել միայն աթոռների մասին, իսկ մյուսը մերը չե՞ն։ Զենք չկարողացաք առնել, զինվոր չեք պահում, բանակ արդեն չունենք, միայն միլիոններ եք ծախսում՝ «ֆեյքեր» կոչված խայտառակությունը ֆինանսավորելով։ Ե՞րբ է վերջանալու այս մղձավանջը, հրաշքով փրկված տղաներին վերադարձրեք վերջապես Հայաստան, սա պատերազմի ավարտի չափ սպասված հարց է այսօր։

Ո՛չ օրվա խնդիրներն եք լուծում, ո՛չ հեռանում եք։ Հեռացեք, որ այս ազգն իր մեջքը շտկի, կենտրոնանա իր անելիքի վրա, համախմբվի, սկսի ելքեր փնտրել ու գտնել։ Մենք պետք է վերագտնենք մեր կորուսյալ դրախտը՝ մեր Հայաստան աշխարհը։

Սիրանուշ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ