«Դավին անտեղյակ, ցավին անտարբեր». ամփոփելով 2020-ը

Հայաստանը 2020թ. քաղաքական տարին ավարտում է պարտությունների ծանր բեռով եւ կապիտուլյացիոն աղետով: 2020-ի օրացուցային եւ քաղաքական նահանջ տարով փակվում է նաեւ հայկական հեղափոխության էջը: Հեղափոխություն, որը հաղթեց ներքին կյանքում, սակայն պարտվեց թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական առումով, թե՛ աշխարհաքաղաքականության մեջ՝ վտանգելով Հայաստանի պետականությունը: Հեղափոխությունը, ինչպես սկսեց առանց քաղաքական օրակարգի, այդպես էլ ավարտվում է: Համաշխարհային հեղափոխությունների պատմության մեջ դժվար է գտնել երկրորդ այնպիսի հեղափոխություն, որը քաղաքական խնդիրներ չառաջադրեց, արտաքին քաղաքականությունը չվերանայեց եւ 2.5 տարի անց լիովին մսխվեց-սպառվեց:
Իհարկե, 2020թ. առնվազն վեց ամիսները թե՛ Հայաստանի, թե՛ այլ պետությունների արտաքին քաղաքականության առումով մեծ դադարի ամիսներ էին, դադար, որ իր հետ պարտադրաբար բերել էր աշխարհը պատուհասած համաճարակը, երբ պետությունները զբաղված էին դրա տարածման կանխարգելմամբ:
Միաժամանակ, անդադար տարփողելով հայկական հեղափոխությունը եւ այն մատուցելով որպես Հայաստանի միջազգային վարկանիշի սնուցման անսպառ աղբյուր՝ Նիկոլ Փաշինյանը դրանով փորձում էր քողարկել թե՛ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի բացակայությունը, թե՛ միջազգային հարաբերությունների սեփական անգիտությունը, որոնք, ի վերջո, պատուհաս դարձան Հայաստանի եւ Ղարաբաղի համար:
Հետհեղափոխական 2.5 տարվա ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական խնդիրները կա՛մ իրավիճակային լուծումներ էին ստանում, կա՛մ էլ պարզապես այդ քաղաքականությունը սառեցվում էր: Ուշագրավն այն էր, որ չնայած ռուսագիծ արտաքին քաղաքականությանը, Մոսկվայի քմահաճույքները կատարելու գործնական պատրաստակամությանը՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելով, միջազգային կառույցներում ռուսական օրակարգը պաշտպանելով, Հայաստանը նաեւ Ռուսաստանին որպես դաշնակից ձեռք չէր բերում, միաժամանակ վանում էր Արեւմուտքին՝ որպես գործընկեր: Առանց արտաքին քաղաքական օրակարգի, տարածաշրջանային սրընթաց փոփոխությունների անտեղյակությամբ Հայաստանն աշխարհաքաղաքական հակասությունների եռացող կաթսա նետելու համար կա՛մ պետք էր անգետ եւ անտեղյակ լինել, կա՛մ արկածախնդիր: Այնպիսին, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն էր:
Այս առումով ղարաբաղյան հիմնախնդիրը գտնված առիթ էր Հայաստանի շուրջ ներքին եւ արտաքին դավադրության իրականացման համար: Պատերազմով այդ խնդիրը լուծելը բարդ էր, քանի որ հայ զինվորները կռվում էին աննահանջ: Անկարան Մինսկի խմբի անդամ, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի սպասողական հայացքի ներքո նորանոր զինուժ եւ զինտեխնիկա էր նետում ռազմադաշտ: Երեւանը չէր նկատում ուրվագծվող ռուս-թուրքական դավադրությունն ընդդեմ Հայաստանի եւ Ղարաբաղի:
Ղարաբաղյան հիմնախնդիրը հետխորհրդային Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առանցքային հարցն է եղել մշտապես: Հայաստանի նախկին ղեկավարներն իշխանության են եկել հենց ղարաբաղյան հողի վրա: Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը ղարաբաղյան Շարժման ծնունդ էին՝ հիմնախնդրի կարգավորման տարբեր տեսլականներով: Նիկոլ Փաշինյանը Շարժման ծնունդ չէր ոչ միայն տարիքի առումով, այլեւ Շարժման քաղաքական արժեքներին ու սկզբունքներին անհաղորդ եւ անմասն մնալով: Փաշինյանի քաղաքական սկզբունքները՝ ընդհանրապես, ղարաբաղյան խնդրի շուրջ՝ մասնավորապես, ձեւավորվել էին Աշոտ Բլեյանի պարտվողական-պացիֆիստական հայացքների ազդեցությամբ:
Փաշինյանը հիմնախնդրի կարգավորման «սեփական կետից» ծնված իրարամերժ սկզբունքներին չանդրադարձավ ո՛չ հեղափոխության ընթացքում, ո՛չ էլ իշխանությունը ստանձնելուց հետո: Խարխափելով հիմնախնդրի պատմության անտեղյակության, հարափոփոխ աշխարհաքաղաքական իրողությունների հարահոսում՝ պաշտոնական Երեւանը հայտնվում էր երկու ծայրահեղությունների ծուղակում՝ կա՛մ անատամ, կա՛մ արկածախնդիր արտաքին քաղաքականություն էր վարում:
Թեպետ ՀՀ արտաքին քաղաքականության իրական պատասխանատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, սակայն այդ քաղաքականության մեջ ներառված էին այլ պատասխանատու դերակատարներ եւս. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա գործուղումները ՀՀ արտաքին քաղաքականությանը ոչինչ չտվեցին. նա կա՛մ մանդատ չէր ստացել Փաշինյանից միջազգային հարաբերություններում գործնական մասնակցություն ունենալու համար, կա՛մ նախագահին միայն արտերկրի գործողումների բերկրանքն էր հետաքրքրում: Զոհրաբ Մնացականյանի վրա էր դրված արտաքին քաղաքականության հիմնական բեռը, սակայն նա անգամ բրիտանական BBC-ի «Ծանր զրույցին» չէր կարողանում դիմագրավել: Արտաքին քաղաքականության մնացյալ պատասխանատուները վայելում էին արտաքին քաղաքական անգործությունը:
Ահա արտաքին քաղաքականության այս բազմադեմ պարադիգման իրականում ոչ միայն դիվանագիտական պատերազմին պատրաստ չէր, այլեւ անպատրաստ էր պատերազմի դիվանագիտությանը, եւ հայկական կողմի պարտությունը մեծապես պայմանավորված էր Փաշինյանի երկնած արտաքին քաղաքականության տապալմամբ:
Հայաստանի կապիտուլյացիան եւ Ղարաբաղի հանձնումը գուժող ամոթալի համաձայնագրի ստորագրման հետ Հայաստանի ինքնիշխանությունը, հայկական դրամի պես, ամեն օր ավելի ու ավելի է նվազում: Երկրի կառավարման մանդատը հանձնելով Ռուսաստանին՝ Հայաստանն արագորեն զրկվում է միջազգային հարաբերություններում սուբյեկտությունից: Երեւանն անմասն եւ անհաղորդ է աշխարհաքաղաքական սրընթաց եւ սպառնալից զարգացումներին, տարածաշրջանում Թուրքիայի գործոնի անկանգ աճին, Հայաստանի շուրջ եւ հայկական շահերի հաշվին արագորեն ձեւավորվող ռուս-թուրքական նոր դաշինքի կայացմանը:
Ղարաբաղում եւ Հայաստանի հարավային սահմանների շուրջ ընթացող զարգացումները ցավալիորեն վկայում են, որ հայ-ադրբեջանաթուրքական այս պատերազմից հետո պաշտոնական Երեւանն անհաղորդ է իր վերաբերյալ կայացած որոշումներին, ուր Հայաստանի շահերն անվերջ ոտնահարվում են: Ռուս-թուրքական դավադիր համագործակցությունը, Հայաստանի ինքնիշխանության կորստի հեռանկարը երկրում ներքաղաքական օրակարգ չի ձեւավորում: Երեւանի արտաքին քաղաքականության բացակայությունը Հայաստանի ինքնիշխանության ավարտը կարող է գուժել, եթե իշխանությունը եւ հանրությունը շարունակեն անհաղորդ մնալ Հայաստանի եւ հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ եւ կամ այդ ճակատագիրը համարեն անշրջելի:
Միաժամանակ, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները դեռ կարող են կտրուկ փոփոխությունների ենթարկվել: Եթե Արեւմուտքը կարողանա Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել, ապա թուրքական սպառնալիքը կարող է նահանջել: Միացյալ Նահանգների զգուշացումն ու պատժամիջոցները՝ ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման արգելքով, ուրվագծում են, որ Թուրքիայի համար գալու են դժվար ժամանակներ: Այս ընթացքում Հայաստանը պետք է չեղարկի 1921թ. Մոսկվայի պայմանագիրը: Անկարայի հարձակողական եւ անհավասարակշիռ պահվածքը Հայաստանի հանդեպ պայմանավորված է նաեւ այդ պայմանագրի մոտալուտ 100-ամյակով:
Պատերազմից առաջ, դրա ընթացքում եւ պատերազմից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության արմատական փոփոխություններն անխուսափելի պետք է լինեին, սակայն Երեւանը քնած է մեծ ուղտի ականջում՝ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր» եւ անհաղորդ սեփական ճակատագրի հանդեպ: Ցանկացած պատերազմ բացահայտում է ոչ միայն տվյալ երկրի ռազմական, պաշտպանական ուժեղ եւ թույլ կողմերը, այլեւ ի ցույց է դնում արտաքին քաղաքականության սխալները: 44-օրյա այս պատերազմից հետո պետք է փոխվեր ոչ միայն Փաշինյանի կառավարությունը, այլեւ հարկ է, որ փոխվեր ՀՀ արտաքին քաղաքականությունը: Երեւանը արտաքին քաղաքականություն պետք է կառուցի այնտեղ, ուր պատերազմից առաջ մեծ դատարկություն է եղել:
Հայաստանը ինչպես երեկ, այնպես էլ այսօր շարունակում է ապրել առանց քաղաքական օրակարգի: Հայաստանի ռուսական ընդդիմությունը ներքաղաքական պայքարի օրակարգում կապիտուլյացիոն համաձայնագրի վերանայման խնդիր չի դնում, իսկ Հայաստանի շուրջ զարգացումները մեծապես պայմանավորվում է հայ-ռուսական հետագա սերտաճմամբ: Արտահերթ ընտրությունների նախաշեմին կանգնած Հայաստանում արտաքին քաղաքականությունը դարձյալ անտեսված վերջին պլանում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար: Հայաստանի վտանգված ինքնիշխանության եւ անկախ պետականության հնարավոր կորստի խնդիրներն անտեսվում են իշխանության եւ ընդդիմության կողմից հավասարաչափ: Սա հին օրերի հայկական երգն է՝ ռուսական անփոփոխ կրկներգով:
Հայաստանի համար քաղաքական տարին ավարտվում է Ղարաբաղի հանձնմամբ, աղետալի կապիտուլյացիայով եւ մարդկային զոհերով: Ահռելի կորուստների ճանապարհն այլեւս գոցել է սխալվելու մեր իրավունքը: Նոր տարվա՝ 2021 թ․ քաղաքական փոփոխությունները պետք է ընթանան Հայաստանի ինքնիշխանության եւ անկախ պետականության վերականգնման մայրուղով: Նրանք, ովքեր անտեսում-շրջանցում են այս խնդիրները, Հայաստանի քաղաքական փոփոխություններում տեղ չպետք է ունենան:
Կարծիքներ