Գալուստ Սահակյանը մի նախադասությամբ «մենամարտը ավարտեց»

Գալուստ Սահակյանը մի նախադասությամբ «մենամարտը ավարտեց»

Ինչ ուզում եք ասեք, ղեկավարը պիտի կառավարման դպրոց անցնի,նույնիսկ  փոքրիկ կառույցի ղեկավարը։ Միայն այդ դպրոցն անցնելուց հետո կարելի է իմանալ, որ բարձր գոռալով, ասֆալտին փռելով, պատերին ծեփելով, հնարավոր չէ կարգուկանոն հաստատել։ Վախեցնելով, մարդկանց փակելով, հնարավոր չէ մյուսներին լռեցնել։ Եթե ժամանակավոր լռում են, թանկ է լինելու այդ լռության գինը, ավելի թանկ, քան երբ խախտվում է լռությունը։

Ինչ եմ ուզում ասել։ Որպես ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին բոլորդ  հիշում եք։ Ազգային ժողովում նրա ելույթները, հարց ու պատասխանները կառավարության անդամների հետ՝ նույնպես։ Ոչ մեկին բաց չէր թողնում՝ նախագահ, վարչապետ, պաշտոնյաներ,  օլիգարխներ․․․ Երբ ազգային ժողովի նիստերից մեկի ժամանակ, ամենավերջին մեղադրանքներով  բանավիճում էր վարչապետներից մեկի հետ, զարմանում էի, որ  վարչապետը ինչպես է կարողանում տիրապետել իրեն ու հանդարտ հակադարձել։ Նախկին ընդդիմադրին գիտեք՝ կռիվը թեժացնելու համար ամեն ինչ օգտագործում էր։ Ազգային ժողովը դարձել էր Նիկոլ Փաշինյանի «լեզվակռվի հարթակ»։ Վարչապետը կարողացավ մինչև վերջ պահել  սառնասրտությունը և հանգիստ պատասխանել Փաշինյանին։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մի նախադասությամբ մենամարտը ավարտեց։ Ու ո՞րն էր այդ նախադասությունը․  «Պարոն Փաշինյան, խոսել կարելի է, չարություն անել՝ ոչ»։

Փաշինյանը գուցե հիշի դա ու ընդդիմադիրների, այլակարծների հետ նույն ասպետությամբ վարվի։ Ղեկավարի ներողամտությունը, վեհանձն մոտեցումը, առանց վիրավորելու, հանդարտ տոնով խոսելը ամենամեծ զենքն է։ Դրանից պետք է օգտվել։