Գնացքի չվացուցակը շատ վատն է․ դժգոհում են տուր մասնագետները

Գնացքի չվացուցակը շատ վատն է․ դժգոհում  են տուր մասնագետները

Շիրակի մարզում տուրիզմի զարգացման հեռանկարները բազմազան են, սակայն եղած ռեսուրսները գնահատված չեն: Այս կարծիքին են մասնագետները: Նրանք նաև ընդգծում են, որ  Շիրակի մարզը եւ Գյումրին բավարար չափով ներկայացված չեն երևանյան տուրօպերատորների ծրագրերում, ավելին՝ հաճախ բացակայում են առաջարկվող ցանկերից:  

«Գյումրու համար հատկանշական է միակողմանի զբոսաշրջության զարգացումը: Դա պատմամշակութային ուղղությունն է, եւ շատ վատ է: Ընդհանրապես, մեր hանրապետությունում նույն պատկերն է»,- Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ընթացքում ասում է Շիրակի պետական համալսարանի   աշխարհագրության ամբիոնի վարիչ  ԼևոնՄարտիրոսյանը: Նա նաև զբոսաշրջային ընկերության նախագահ է եւ ափսոսանքով է  նկատում, որ զբոսաշրջիկների հոսքը Շիրակի մարզ սեզոնային է. նրանք հիմնականում ամռանն են Գյումրի այցելում: «Մեզ մոտ սեզոնային դիս բալանս է: Ձմեռային ռեսուրսներն ընդհանրապես գնահատված չեն: Դա զգալի գիտական աշխատանք է պահանջում, եւ, ցավոք սրտի, չի կատարվում: Իսկ եղած աշխատանքն էլ չի օգտագործվում»,- նշում է  նա:

Ըստ մասնագետի՝ զբոսաշրջության զարգացումը խթանող   առաջին նախապայմանը տրանսպորտն ու ճանապարհներն են: «Դրանցից մեկն էլ Գյումրի-Երևան արագընթաց գնացքի հարցն է, որը նախատեսված է զբոսաշրջիկների համար: Գնացքի չվացուցակը շատ վատն է: 100 անգամ ասել ենք, գրել ենք, բայց ոչ ոք ոչինչ չի անում: Երկաթուղային կայարանում սանհանգույցի հետ կապված ահավոր վիճակ է, նամակ ենք գրել, անհեթեթ բաներ ենք  լսում, թե ռուսները կապ չունեն, հայերն են, հայերն էլ՝ ռուսների գործն է: Բայց դա գործին օգուտ չի տալիս»: Նկատենք, որ ՇՄ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի  կողմից համապատախան ոլորտին առաջարկ արվել է՝ փոխել արագընթաց գնացքի ժամերը: Առաջարկի համաձայն՝ այն Գյումրի  պետք է ժամանի ավելի վաղ, մեկնի ավելի ուշ, որպեսզի զբոսաշրջիկը քաղաքում երկար մնալու հնարավորություն ունենա, իսկ գնացքի ժամերը դեռևս անփոփոխ են: Հիշեցնենք, որ մայիսի 6-ից նշանակվեցին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի լրացուցիչ չվերթներ: Նախկինում այն  իրականացվում էր միայն ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին: Այժմ էլեկտրագնացքն աշխատում է  նաև երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին: Ժամերը նույնպես տարբեր են, սակայն, տուրկազմակերպիչների խոսքերով, զբոսաշրջիկներին այնքան  էլ հարմար չեն: