Այդ առասպելը մինչեւ ե՞րբ են կրկնելու

Այդ առասպելը մինչեւ ե՞րբ են կրկնելու

«Երկիրը» մի ծավալուն հրապարակում է արել, որի հիմնական հարցադրումը չափազանց ինտրիգային է եւ ուղղված վարչապետ Փաշինյանին՝ նա Արցախը տեսնում է անկա՞խ, թե՞ Ադրբեջանի կազմում: Համատեքստն այնպիսին է, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հակամարտության կարգավորման էր գնում առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, իսկ նրա հաջորդները, ընդհակառակը, շեշտը դնում էին դրա վրա, եւ արդյունքում սեղանին դրվեց մի փաստաթուղթ՝ Մադրիդյան սկզբունքները, որտեղ «հստակ է Արցախի ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով, այսինքն՝ հակամարտության կոնտեքստում Արցախն Ադրբեջանից դուրս լինելու տարբերակը»: Հեղինակը, սակայն, քիչ հետո հերքում է իրեն եւ ասում, որ «հենց ինքնորոշման կետն է պատճառը, որ Ադրբեջանը չի համաձայնում Մադրիդյան սկզբունքներին եւ մշտապես սահմանին լարվածությունը պահելով՝ ստիպում է նահանջել ինքնորոշման կետից»:

Ուրեմն էլ ի՞նչ դիվանագիտական ձեռքբերման մասին է խոսքը, եթե կողմերից մեկը չի ընդունում միջնորդների ներկայացրած առաջարկությունը: Մինսկի խմբի համանախագահները տեսականորեն կարող են մադրիդյան կամ փարիզյան սկզբունքներում գրել, որ Արցախը լիովին անկախ է: Դրանից գործնականում ոչինչ չի փոխվի: Հակամարտությունը կարող է կարգավորվել միայն այն ժամանակ, երբ որեւէ տարբերակի շուրջ համաձայնության կգան բոլոր կողմերը, կստորագրեն խաղաղության պայմանագիր եւ ձեռնամուխ կլինեն պայմանավորվածությունների գործնականացմանը: Ահա, այս իմաստով կարեւոր է ընդգծել՝ 1997թ.-ին Ադրբեջանը պաշտոնապես համաձայնություն էր տվել կարգավորման փուլային տարբերակին, որը ենթադրում էր եռակողմ՝ Ադրբեջան-Արցախ-Ադրբեջան, պայմանագրի ստորագրում հակամարտության զինված փուլի ավարտի մասին:

Մարդիկ, չգիտես ինչու, անտեսում են այս շատ կարեւոր պահը: Փաստացի հայկական դիվանագիտությունը հասել էր նրան, որ 1994թ. հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը փոխարինվում էր խաղաղության պայմանագրով: Ընդ որում, Արցախն Ադրբեջանի կողմից ճանաչվում էր պայմանավորվածության իրավահավասար կողմ: Այսինքն, դա Արցախի անկախության փաստացի ճանաչում էր նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի ամբողջ շրջանի տարածքով: Իսկ թե երբ եւ ինչպես պիտի տեղի ունենար Ադրբեջանի կողմից Արցախի անկախության իրավական ճանաչումը՝ թողնված էր ապագային: Ստեղծվում էր իրավական լեգիտիմ հիմք, որպեսզի Ադրբեջանի եւ Արցախի միջեւ՝ որպես խաղաղության պայմանագրի իրավահավասար կողմերի, սկսվեն հարաբերությունների կառուցման բանակցություններ: Խաղաղության պայմանագրի իրավահավասար կողմը չէր կարող հետագայում վերադառնալ Ադրբեջանի կազմ: Դա հասկանում էին ե՛ւ միջնորդները, ե՛ւ Ադրբեջանը:

Չէին հասկանում եւ չեն հասկանում նրանք, որ երազխաբությամբ են զբաղվում նաեւ այսօր՝ պահանջելով, որ նախ Ադրբեջանը ներկա փաստացի սահմաններով ճանաչի Արցախի անկախությունը, հետո կարելի է անցնել սահմանազատման հարցին: Սեփական տան պատերի ներսում ինչ ուզես՝ կասվի: Կարելի է նաեւ ՄԱԿ-ի ամբիոնից շանթուկրակ թափել Թուրքիայի գլխին, ԵԽԽՎ-ում հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի կազմում: Նման հայտարարություններից ոչինչ չի ծնվում, եթե բանակցությունների սեղանի շուրջ դու Ադրբեջանին դրանում չես կարողանում համոզել: 1997թ. Ադրբեջանը համոզվել էր, որ կորցրել է Արցախի նկատմամբ՝ նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի շրջանի տարածքով, վերահսկողությունը: Խաղաղության պայմանագրի նախագիծը, որ մերժվեց Ստեփանակերտի եւ Հայաստանի վարչապետի ու ուժայինների կողմից, դա էր ենթադրում: Անցել է 22 տարի: Այդ ընթացքում ոչ մի երկիր, ներառյալ՝ Հայաստանը, փաստացի սահմաններում Արցախի անկախությունը չի ճանաչել: Արժե՞ եւս երկու տասնամյակ մնալ  անորոշության հույսին:

Լրատվամիջոցներից մեկը, հղելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մեհթիեւի հոդվածին, գրել է, թե Բաքուն Փաշինյանին առաջարկում է վերադառնալ կարգավորման 1997թ. տարբերակին: Հայաստանը կարող է փորձել վերադառնալ դրան, բայց ներկայիս Ադրբեջանը կհամաձայնի՞ Արցախի հետ՝ որպես իրավահավասար կողմի, խաղաղության պայմանագիր ստորագրել: Կհամաձայնի՞, որ նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի ամբողջ շրջանի տարածքը ճանաչվի Արցախի իրավազորության ներքո: Ադրբեջանը փաստացի կճանաչի՞ Արցախի անկախությունը՝ ահա հարցը: Իսկ թե դեռ որքան ժամանակ է հայկական մամուլում թափառելու առաջին նախագահի կողմից Արցախն «Ադրբեջանի կազմում թողնելու» առասպելը՝ կախված է մեր հավաքական ինքնագիտակցությունից: