Երբ նախագահը հեռու է դիվանագիտությունից, նրան մնում է միայն դաշնամուր նվագել

Երբ նախագահը հեռու է դիվանագիտությունից, նրան մնում է միայն դաշնամուր նվագել

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը «պաշտոնական այցով», իր շուք-շքախմբով երկօրյա այցով մեկնել է Էստոնիա, հանդիպումներ է ունեցել Էստոնիայի նախագահի, վարչապետի, ՏՏ ոլորտի պատասխանատուների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այն, որ նախագահի ինստիտուտը Հայաստանում իջեցվել է զրոյական մակարդակի, նորություն չէ. Արմեն Սարգսյանը` վկա: Թե ինչու է հարկատուների հաշվին գոյատեւում այս ինստիտուտը՝ իր նախագահով, աշխատակազմով եւ այլ ծախսատար «ատրիբուտներով», հասկանալի չէ: Եթե երբեմն մամուլի հրապարակումները կամ պաշտոնական հաղորդագրությունները չլինեն, կմոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունը նախագահ ունի, կամ որ Վահագն Խաչատուրյան անձն ինչ-որ պաշտոն է զբաղեցնում: Ինչեւէ. հարկատուների հաշվին մարդն իր անձնակազմով մեկնել է Էստոնիա: ԵՄ անդամ այս փոքր երկիրն այն երկիրը չէ, որը կարող է Հայաստանի համար այս օրհասական օրերին վճռորոշ դերակատարում ունենալ: Մինչդեռ ՀՀ նախագահն այս ճակատագրական օրերին մեկնել է ու այնտեղից քաղաքական հայտարարություններ արել:

Էստոնիայի նախագահի մոտ «բամբասել» է Ռուսաստանից, ՀԱՊԿ-ից, ռուս խաղաղապահներից. «Երբ Ադրբեջանը որոշակի ռազմական գործողություններ էր անում Ղարաբաղի նկատմամբ, մենք չէինք կարող դիմել որեւէ երկրի` ո՛չ ՌԴ-ին, ո՛չ ՀԱՊԿ-ին, որովհետեւ դա ՀՀ տարածք չէր, իսկ սեպտեմբերի 13-ին կոնկրետ ՀՀ տարածքի վրա էր, եւ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն պետք է ռազմական օգնություն ցուցաբերեին, ակնկալում էինք նաեւ քաղաքական հայտարարություն` ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեղավ»: Խաչատուրյանը ռուս խաղաղապահների անգործությունից բողոքում է նաեւ այն պատճառով, որ Արցախն արդեն տեւական ժամանակ շրջափակման մեջ է, այնտեղ չկա սնունդ, հոսանք, դեղորայք եւ այլն: Ինչ խոսք, այն, ինչ ասել է Խաչատուրյանը, հեռու չէ իրականությունից. ե՛ւ ռուս խաղաղապահներից, ե՛ւ ՀԱՊԿ-ից, ե՛ւ ռազմավարական դաշնակցից մենք ունենք որոշակի հիասթափություններ, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով՝ վերջիններս չեն կատարում իրենց պարտավորությունները:

Բայց մի՞թե այդ մասին պետք է բարձրաձայնվի ամենահակառուս երկրներից մեկում, այն էլ այնպիսի փոքր երկրում, որը որեւէ արտաքին ազդեցիկ դերակատարում չունի, Հայաստանի ու Արցախի մատից փուշ հանող չէ: Այդ հարցերը կարելի է բարձրացնել հենց հասցեատերերի մոտ՝ ՌԴ ղեկավարության, ՀԱՊԿ-ի նիստին, ռուս խաղաղապահների հրամկազմի հետ հանդիպումների ժամանակ: Այդ մասին կարելի է խոսել փակ դռների ետեւում, դիվանագիտորեն, ոչ թե բամբասանքի մակարդակով գնալ բողոքել մի անարդյունավետ միջավայրում: Իսկ այդ բամբասանքը, բացի հարաբերություններն ավելի փչացնելուց, ոչ մի օգուտ չի տալու մեր երկրին: Փոխարենը՝ Ադրբեջանի մասին խոսելիս Խաչատուրյանը շատ ընտրված ու զգուշավոր բառեր է օգտագործում. «Երբ Ադրբեջանը որոշակի ռազմական գործողություններ էր իրականացնում Ղարաբաղի նկատմամբ…»: Նա չի ասում՝ երբ Ադրբեջանն ագրեսիվ ու լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ, երբ Արցախում կատարվեցին պատերազմական հանցագործություններ, օկուպացվեցին Արցախի շրջանները, սպանվեցին ու գերեվարվեցին հազարավոր մարդիկ եւ այլն… 

Իսկ երեկոյան ՀՀ նախագահը դաշնամուրային անակնկալ է մատուցել Էստոնիայի նախագահին: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը. «Երեկոն նաեւ իրական անակնկալներ մատուցեց. մի պահ պետք է բարձրացվեր «Էստոնիա» ռոյալի կափարիչը, եւ հայ գործընկերը պետք է կատարեր մի քանի վառ ստեղծագործություններ: Այսպիսով երեկոյի վերջում կարող էի բոլոր տաղանդավոր մարդկանց կենացը խմել: Որոշ ճշմարտություն կա հայկական ասացվածքում՝ ծերության աչքերով ընկեր փնտրիր, իսկ երիտասարդի աչքերով՝ ձի։ Նախագահ Խաչատուրյանի այցն օգնել է ընդհանուր ընկերներ գտնելու, ինչպես նաեւ նորարարական գաղափարներ ունենալու հարցում….»։ Լավ է, որ Վահագն Խաչատուրյանը` օր ծերության, էստոնացի ընկեր ձեռք բերեց, բայց դրանից Հայաստանին ու հայ ժողովրդին ի՞նչ օգուտ եղավ:

ՀԳ․ Երբ մարդը հեռու է դիվանագիտությունից, ավելի լավ է հյուրախաղերով մեկնի տարբեր երկրներ եւ միայն դաշնամուր նվագի ու հիացնի տարբեր երկրների ղեկավարներին: Իսկ դիվանագիտական հարցերից ավելի լավ է չխոսի… Դա մեզ վրա շատ թանկ է նստում: