Ժամանակի հետ ղեկավարության անտարբերությունը խորանում է. զոհվածների ծնողներ

Ժամանակի հետ ղեկավարության անտարբերությունը խորանում է. զոհվածների ծնողներ
Ժամանակի հետ ղեկավարության անտարբերությունը խորանում է. զոհվածների ծնողներ
Ժամանակի հետ ղեկավարության անտարբերությունը խորանում է. զոհվածների ծնողներ

Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առիթով այսօր ծաղկադրման արարողություն տեղի ունեցավ «Շիրակ» գերեզմանատանը: Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների, ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում ընկած հայորդիների հիշատակը հարգեցին և նրանց շիրիմներին ծաղիկներ խոնարհեցին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները:

Հերոսների ծնողներին ու հարզատներին գերեզմանատուն այցելելու պատրվակ պետք չէ: Նրանք որդիների շիրիմներին այցելում են շատ հաճախ, սակայն ցավով են նկատում, որ պետության ուշադրությունը հերոսների նկատմամբ տարեց տարի մարում է:

Տարին մեկ՝ միայն նմանատիպ առիթների դեպքում են պատկան մարմինները քաջորդիներին հիշում եւ գերեզմանատուն այցելում:  Ջաբրայելում արիաբար զոհված, գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանը, մեզ հետ զրույցում բազմիցս նշել է, որ որդու ընտանիքը, նրա երկու անչափահաս երեխաները պետության կողմից այդպես էլ պատշաճ վերաբերմունքի չեն արժանացել: Ամենից ցավալին ուշադրության, վերաբերմունքի բացակայությունն է, եւ ոչ նյութականը, նկատում է հերոսի հայրը:

Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի մայրը Շիրակի մարզի հերոսներին, ինչպես մյուս մարզերի, անտեսված է համարում: Հերոսի մոր խոսքերով՝ հաճախ պանթեոն այցելելիս հույս է փայփայել, որ գոնե մի ծաղիկ ինչ-որ մեկի կողմից այնտեղ՝ որդու շիրիմին, դրված կտեսնի: 2016թ-ին, երբ հիշողությունները դեռ թարմ էին, որոշակի վերաբերմունք դեռ եղել է, մարզպետարանից, քաղաքապետարանից այցելել են պանթեոն, հարգանքի տուրք մատուցել, բայց ժամանակի հետ ղեկավարության անտարբերությունը խորանում է, նշում են զոհվածների ծնողները:

Հիշեցնենք, որ միայն Գյումրիից Ապրիլյան քառօրյա պատերազմում 7 քաջորդի ընկավ: