ՏՄՊՊՀ նախագահը չի ուզում նկատել ալկոգելի թանկացումը

ՏՄՊՊՀ նախագահը չի ուզում նկատել ալկոգելի թանկացումը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ ալկոգելի արտադրությունը ավելացել է: «Եթե սկզբնական էտապում դեղատներում ալկոգելի օրական ծավալի պակաս էր լինում, քանի որ մարդիկ 1 օրում մեծ ծավալի էին գնում, այս պահին բոլոր խոշոր ցանցերում կա մնացորդ, այդ թվում նաև կա մնացորդ ալկոգել արտադրող ընկերությունների մոտ, բավականին մեծ չափով: Մենք նաև ուղիղ կապի մեջ ենք սպիրտի և ալկոգելի արտադրողների հետ, ծավալները մեծացել են, ինչպես բժշկական սպիրտի, այդպես էլ ալկոգելի, այսօր ծավալները մեծացել են», - ասաց Գեղամ Գրիգորյանը:

Այդ դեպքում հասկանալի չէ, թե ինչու է ալկոգելի 100 գրամի գինը մինչկորոնավիրուսային ժամանակահատվածի հետ համեմատ 120 դրամից բարձրացել  է մինչև 690-800 դրամ: Ստացվում է, որ տնտեսվարողները բավարար չափով ալկոգել են արտադրում, բայց գինը չի իջնում: 

Բժշկական դիմակների գնի աճը Գևորգյանը բացատրում է համաշխարհային շուկայում ձեռքբերման գների աճով: «Դրանց համաշխարհային գները բարձրացել են...շուկան այս պահին անկայուն է, և ներմուծողի համար ռիսկ է առաջանում: Կարի արտադրամասերը պատրաստ են վերապրոֆիլավորվել և սկսել դիմակներ կարել», - ասաց Գեղամ Գրիգորյանը: Սա նշանակում է, որ մինչև այս պահը պետությունը ոչ մի քայլ չի արել դրանց արտադրությունը պետականորեն կազմակերպելու ուղղությամբ: «Եթե կգտնեք մի փաստ, որ նախկինում 20 դրամանոց դիմակը վաճառվել է 200 դրամով, կհայտնեք մեզ», - հորդորեց ՏՄՊՊՀ նախագահը:

Նկատենք, որ մարտի 22-ին ՀՀ դեղատներում դիմակները վաճառվում էին 300-ից 350 դրամով, իսկ երեկ որոշ դեղատներում դրանց գինն իջել է մինչև 200 դրամ 1 հատի համար: