Մարդ-նվագախումբ
Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին աջակցում է նորաստեղծ կուսակցությունների դաշինքը: Իհարկե, ֆորմալ առումով Մայիլյան-Նոր Արցախ դաշինքն այդպես էլ չկայացավ: Բայց ձեւակերպված չէ նաեւ Մայիլյան-Բաբայան համագործակցությունը: Եւ մինչ փորձագետները ճգնում են հասկանալ, թե քաղաքական ի՞նչ արժեհամակարգի կրող է Մայիլյանը, նրա աջակիցների թվում հայտնվում են Արցախի հեղափոխական եւ կոմունիստական կուսակցությունները, խորհրդային սպաների միություն ՀԿ-ն, որտեղ եղանակ են ստեղծում նախկին փոխոստիկանապետ Ռաշիդ Պետրոսյանը եւ ՊԱԿ-ի գնդապետ Գենադի Մովսիսյանը՝ երկուսն էլ կոմունիստական կուսակցությունից պատգամավորի թեկնածու:
Ստացվում է, որ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի դեպքում գործ ունենք քաղաքական մարդ-նվագախմբի հետ, որի արժեհամակարգի մի բաղադրիչը եվրոպական ազատամտությունն է, մյուսը՝ խորհրդային ՊԱԿ-ը կամ աֆղանական պատերազմը, որի արցախցի մասնակիցների նույնպես Մայիլյանին են աջակցություն հայտնում: Քաղաքական այդ երկդիմությունը, թերեւս, Մայիլյանի քարոզարշին եւ առհասարակ նրա կերպարին ակնհայտորեն վնասում է: Ստեփանակերտում ավելանում է նրանից հիասթափված երիտասարդների եւ մտավորականների թիվը, ինչը հստակ դիտարկվում է սոցիալական ցանցերում նրա հանդեպ աճող քննադատությամբ եւ վերապահումներով: Նախագահի մյուս թեկնածուների դեպքում քաղաքական նախասիրություններն ու արժեհամակարգային դավանանքն ակնհայտ են: Նրանք ունեն իրենց կողմնորոծված ընտրազանգվածը:
Մինչդեռ Մասիս Մայիլյանի թիմում տեղի է ունենում մի անկառավարելի բրոունյան շարժում, երբ երեկվա նրա աջակիցը դառնում է սուր քննադատ կամ նախընտրական հանդիպմանը հօգուտ Մայիլյանի քարոզչություն է անում պատգամավորի կոմկուսակցական թեկնածուն եւ արժանանում համագյուղացիների կոշտ հակազդեցությանը: Այս համապատկերին ավելի քան բնորոշ էր ռուսաստանցի քաղաքագետ Տրոֆիմչուկի՝ հատուկ vesti.az –ի համար արված մեկնաբանությունը, որն ամբողջովին նվիրված է Մասիս Մայիլյանին: Արտաքուստ քննադատական թվացող ձեւակերպումներն այդ վերլուծության մեջ կառուցված են այնպես, որ ադրբեջանական կողմի համար Արցախի նախագահի պաշտոնում Մասիս Մայիլյանի ընտրությունը ,,նվեր կլինի,, Բաքվին: Փետրվարի 26-ին մեկնարկած քարոզարշավի ընթացքում սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական մամուլն ռուսաստանցի փորձագետի միջոցով անդրադառնում է Արցախում նախագահական ընտրություններին՝ կենտրոնանալով բացառապես մեկ թեկնածուի վրա:
Կարծիքներ