Կրկեսի վերածված հայրենիք

Կրկեսի վերածված հայրենիք

ՀՀ երրորդ նախագահն ասում էր. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք», բայց պարզվեց, որ մեր հայրենիքը ոչ միայն կարող է ոտնատակ գնալ, դառնալ հրոսակների ասպատակելու հող, այլեւ բառի բուն իմաստով` կրկեսի վերածվել, դառնալ ծաղրածուների եւ բախտախնդիրների համար դրսեւորվելու ասպարեզ: Եվ խոսքն այն մասին չէ, որ տարբեր շահեր ու մութ նպատակներ ունեցող անձինք են հայտնվում թատերաբեմում, որոնք մեր հայրենիքը դիտում են որպես փող աշխատելու միջոց, ինքնադրսեւորվելու ասպարեզ, առեւտրի առարկա: Այլ այն մասին է, որ խելացի ու կայացած մարդիկ մղվում են հետին պլան` ասպարեզը զիջելով տարբեր համբակների ու արկածախնդիրների: Իսկ այս հարցում փոքր չէ նաեւ վերը նշված խոսքի հեղինակի մեղքը:

Ինչքան էլ մենք դժգոհենք ու փնովենք Հանրապետական կուսակցությանը, Դաշնակցությանը, քոչարյանականներին, անգամ` «Լուսավոր Հայաստանին» կամ ՀԱԿ-ին, նոր ասպարեզ իջնող ուժերը, որոնք հավակնում են գրավել դաշտն ու երկրում դերակատարում ստանձնել, ոչ մի լավ բան մեզ չեն խոստանում: Ո՛չ Քեթրինի Միհրանի, ո՛չ նախկին նախարար Արշակ Կարապետյանի, ո՛չ էլ Հայկոյի ստեղծած կուսակցությունները չեն կարողանալու այդ բացը լրացնել, էլ չենք խոսում Դոգի եւ մյուսների մասին: Սրանցում հավաքված կասկածելի անցյալով եւ առավել կասկածելի ներկայով մարդիկ ուղղակի ի վիճակի չեն քաղաքական վակուումը լցնել եւ փոխարինել քաղաքական դաշտի հնաբնակներին, որքան էլ նրանք հոգնած եւ իրենց սպառած լինեն: Չեն կարողանալու, որովհետեւ կայանալու համար նախ տարիներ են հարկավոր, ապա գոնե ստարտային մաքուր կենսագրություն եւ հասկանալի ու հանրային նպատակներն արտացոլող քաղաքական ծրագիր: Եվ որքան էլ մենք լոյալ վերաբերմունք ունենանք Միհրան Պողոսյանի նկատմամբ, սա կանխավ ձախողված ձեռնարկ է: