Զավեշտալի «նկատմամբ»-ներ

Զավեշտալի «նկատմամբ»-ներ

Մամուլում հրապարակվել է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հեղինակը ՀՀ արդարադատության նախարարությունն է։ Նախագծի հոդվածներից մեկն ապշեցնում է, ի թիվս այլ պակասությունների, նաև լեզվական անկատարությամբ։ «2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները․․․», գրված է նախագծի հոդված 7-ում («Անցումային և եզրափակիչ դրույթներ»)։
Որ այս կառույցից սպասելի էր ցանկացած մանկամտություն՝ իր չափահաս նախարարով, ոչ մեկը չէր կասկածում։ Որ մանկամտությունը կարող էր հասնել այնտեղ, որ ՍԴ դատավորին հրաժարականի դիմաց «սահմանադրորեն ամրագրված» կաշառք առաջարկվեր՝ էլի անսպասելի չէր։ Բայց որ նախագիծը կազմելիս հեղինակները, մանկամտության հետ մեկտեղ, պիտի ի ցույց դնեին իրենց լեզվական տհասությունը, այստեղ արդեն պիտի զարմանալ․ այդ կառույցում (հլը ասեք՝ նախարարությո՛ւն) մի գրագետ մարդ չկա՞ր, գոնե տասներորդական կարգի մի բանասեր, որ համապատասխան մարդկանց բացատրեր, թե «դատավորի նկատմամբ․․․ պահպանվում է աշխատավարձը» անգրագիտություն է: Անգրագիտություն է «ունեցած աշխատավարձ» բառակապակցությունը՝ մի պարզ պատճառով՝ աշխատավարձը չեն «ունենում»։ Բայց բանը սրանով չի ավարտվում, քանի որ  հոդվածը մի «նկատմամբ» էլ ունի՝ առաջինին շատ «մոտիկ»․  «դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները․․․»։  Այս «նկատմամբ»-ը եթե վերաբերում է աշխատավարձին (աշխատավարձի համար ասել «նկատմամբ»՝ նշանակում է տարրական գիտելիք ու հարգանք չունենալ սեփական լեզվից ու նրա նկատմամբ), ապա հոդվածը տարօրինակ «նկատմամբ»-ներով դառնում է պարզապես զավեշտալի։ 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ