Ոնց եղավ, որ  ամիսներ  առաջ նրա մասին թշնամական երանգներով էին խոսում, հիմա ազատ են արձակում, որ մեկնի երկրից

Ոնց եղավ, որ  ամիսներ  առաջ նրա մասին թշնամական երանգներով էին խոսում, հիմա ազատ են արձակում, որ մեկնի երկրից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության համար)։ Իսկ ահա փետրվարի 21-ին, ի պատասխան լրագրողների հարցերի՝ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը պետությանը վերադարձրել է գումար։ Նա «հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով մինչ օրս ՀՀ պետական բյուջե է փոխանցել 3․165․448․706 ՀՀ դրամ, ինչպես նաեւ Հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19․600․000 ԱՄՆ դոլար գումար։ 

Փաստաբան, Մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանի փոխանցումները սահմանված չեն ՀՀ քրեական օրենսգրքով։ 
«Եթե հետագայում նրան դատապարտեն, ապա դատավորը կարող է դա համարել մեղմացուցիչ հանգամանք։ Օրենքով այդ ամենը հստակ կարգավորված չէ, մենք որեւէ փաստ չունենք, որ այդ  նվիրաբերությունը կատարվում է հարուցված քրեական գործի շրջանակներում։ Իր կամքով նվիրատվություն է անում, ինչը պետք է հասկանալ որպես քաղաքացիական պատասխանատվություն։ Միեւնույն ժամանակ այդ նվիրատվությունը չի հակասում որեւէ օրենքի»,- ասաց փաստաբանը։

Հարցին, թե հնարավո՞ր չէ, որ դատարանը բռնագանձի գումարը, երբ Ալեքսանդր Սարգսյանին առաջադրված է կոնկրետ մեղադրանք, Արա Ղազարյանն արձագանքեց․ «Բռնագանձումը պատժի տեսակ է։ Երբ անձը դատապարտվում է, կան պատժի մի քանի տեսակներ՝ տուգանք, ազատությունից զրկում, բռնագանձում։ Հիմա չկա դատապարտում, այդ մարդն իր կամքով է վճարում։ Թե ինչու է վճարում, արդյոք իրեն հարկադրե՞լ են, հորդորե՞լ են՝ չգիտենք։ Պետք է մտածենք, որ իր դեմ հարուցված քրեական գործի հետ կապ չունի»։ 

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանին «որոշակի ժամանակով» ՀՀ-ից հեռանալու ԱԱԾ-ի թույլտվությանը, ապա Արա Ղազարյանը նկատում է․ «Եթե վարույթն իրականացնող մարմինը վստահ է, որ նա վերադառնալու է, նորմալ է։ Եթե վարույթն իրականացնող մարմինը քննչական գործողություններ չի կատարում կամ ինչ-որ ժամանակացույց են մշակել, կարող է խափանման միջոցը վերացնել, նա էլ կօգտվի իր ազատ տեղաշարժի իրավունքից, երկրից դուրս կգա»։ 
Հետաքրքրվեցինք, թե հասարակության մեջ ԱԱԾ-ի նման գործողությունները անվստահություն չե՞ն առաջացնի։

Արա Ղազարյանը կարծում է, որ մասնագետների մեջ դա չի կարող առաջացնել անվստահություն, որովհետեւ մասնագետների համար դա նորմալ երեւույթ է, իսկ հասարակության մեջ կարող է խորհելու տեղիք տալ, թե ոնց եղավ, որ մի քանի ամիս առաջ նրա մասին թշնամական երանգներով էին խոսում, հիմա ազատ են արձակում, որ մեկնի երկրից։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե իրավապահների այս գործողությունները չե՞ն վկայում, որ կիրառում են անցումային արդարադատության որոշ դրույթներ։

«Այդ վճարները, որ կատարվում են, ցույց են տալիս, որ ոչ թե անձին պատժելն է կարեւոր, այլ որոշ գումարների վերադարձը։ Այո, սա շատ աղոտ հիշեցնում է անցումային արդարադատության տարրեր, բայց ոչ օրենքով սահմանված կարգով, որովհետեւ մենք չունենք օրենք անցումային արդարադատության մասին։ Սա անցումային արդարադատության տարրերի անուղղակի կիրառում է։ Միեւնույն ժամանակ կա հարուցված քրեական գործ, եւ ամբողջ հարցն այն է՝ այդ վճարները կատարվում են քրեական գործի՞ շրջանակներում, թե՞ ոչ։ Իշխանություններն այդ մասին տեղեկություններ չեն տալիս, մենք չգիտենք, թե ինչ է կատարվում»,- նշեց Արա Ղազարյանը։