Հեղաշրջման իշխանական առասպելը

Հեղաշրջման իշխանական առասպելը

ՀՀԿ-ական քարոզչության ամենամեծ գործիքը պատերազմի գաղափարն էր, որի շահարկման միջոցով նախկին իշխանությունները փորձում էին լռեցնել և սահմանափակել ընդդիմությանը։ Ազգայնական դեմագոգիան ու միլիտարիստական պոպուլիզմը սաղմնավորում էին այնպիսի մի իրավիճակ, իբրև թե պետությունն ամեն րոպե կանգնած է պատերազմական սպառնալիքի առջև, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը պառակտում և անդամահատում են հանրությանը՝ թույլ չտալով միավորվել ռազմահայրենասիրական գաղափարների շուրջը։ 

Իհարկե այնպես չէ, որ պատերազմի սպառնալիք չկար, այն միշտ եղել է և լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ։ Բայց նախկին իշխանության խնդիրն ամենևին էլ պատերազմին ընդառաջ հանրային համերաշխություն ապահովելը չէր, պարզապես նրանք փորձում էին պատերազմի պատրվակով մոնոպոլիզացնել քաղաքական համակարգն ու չեզոքացնել ընդդիմադիրներին։ 

Չխորանալով անցյալի արատավոր հիշողությունների մեջ՝ արձանագրենք հետևյալը․ ՀՀԿ-ի այս մեթոդաբանությունը հեղափոխությունից հետո ամենևին էլ չի մոռացվել, ավելին՝ այն գտել է իր նոր ժառանգորդին, որն է՝ հեղափոխական թիմը։ Վերջինս փաստացի ոչ միայն ժառանգել է ՀՀԿ-ի այս հայտնի մանիպուլյացիոն մեթոդը, այլ նաև կատարելագործել է այն՝ համալրելով նոր գործիքակազմերով։ Միակ տարբերությունն այն է, որ պատերազմի փոխարեն որպես շահարկման գործիք ընտրվել են հեղաշրջումն ու հակահեղափոխությունը։ Այսինքն, եթե ՀՀԿ-ն պատերազմի պատրվակով էր լռեցնում և սահմանափակում ընդդիմությանը, ապա ՔՊ-ականները նույնը անում են ենթադրյալ հեղաշրջման առիթով։ 

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց ի վեր խաղարկվում է սևի ու սպիտակի խաղընթացը, իբրև թե սևերը ամեն պահ փորձում են հեղաշրջում իրականացնել և այդ իսկ պատճառով ընդդիմությունն ու հանրությունը պետք է անընդհատ աջակցեն հեղափոխականներին՝ համախմբվելով նրանց շուրջը։ Հեղափոխությանը հաջորդած մի քանի ամիսներին մոտեցումն այս ավելի քան տրամաբանական էր թվում, քանի որ համաժողովրդական պայքարի արդյունքներն իսկապես պաշտպանության կարիք ունեին։ Բայց իշխանությունը ոչ միայն չգնահատեց բարի կամքի այս դրսևորումը, այլ նաև որոշեց, որ կարող է շահարկել հեղաշրջման թեման ու դրա ներգործությամբ մոնոպոլիզացնել քաղաքական տարածությունը։ Ասվածի լավագույն վկայություններն են Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացն ու Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Իշխանությունների թեթև ձեռքով հանրային ամբողջ ինտելեկտուալ ռեսուրսը գերկենտրոնացվել է ընդամենը մեկ դատական սագայի ուղղությամբ։ Բայց կառավարող թիմն այսքանով չի սահմանափակվել, ընդհակառակը՝ նրանք «խաչակրաց» արշավանք են նախաձեռնել անցյալի դեմ՝ իշխանության կարգավիճակով դառնալով անցյալի ընդդիմախոսը։

Սա իհարկե աբսուրդ է, աշխարհի ոչ մի ուրիշ երկրում ընդդիմադիր իշխանություն գոյություն չունի, բայց հենց այս աբսուրդի միջոցով է կենդանություն առնում այն մեծագույն միֆը, որի համաձայն մշտապես հեղաշրջման վտանգ կա և անհրաժեշտ է պաշտպանել իշխանությանը։ Ով չի պաշտպանում, հակահեղափոխական է ու դավաճան։ Այսինքն կառավարող թիմն անցյալի միջոցով փորձում է հարթել իր ապագան և տարիներ շարունակ հանրությանը պտտեցնել նույն քարի շուրջը՝ ապահովելով իր կայուն վերարտադրությունն ու քաղաքական մոնոպոլ դիրքերը։ Եվ այս ամենի հետ զուգընթաց իշխանությունն անընդհատ դժգոհում է խորհրդարանական ընդդիմությունից, որն այլևս չի միանում իշխանության բովանդակազուրկ այս թատրոնին և հրաժարվում է մասնակցել մահացած անցյալի դիակապտության գործողությանը։  Բայց սա դեռ ամենը չէ, «նենգ» ընդդիմադիրները այսքանից հետո նույնիսկ համարձակվում են քննադատել «Վերջին օրերի սրբերի» կառավարությանը, ինչն էլ նյարդայնացնում է գաղափարազուրկ «իմքայլականներին»։

Հանրությունն արդեն իսկ պետք է պատրաստ լինի, քանի որ պարբերաբար առերեսվելու է հեղաշրջումների և հակահեղափոխությունների մասին առասպելների, նրան անընդհատ վախեցնելու են Քոչարյանի հրեշավոր կերպարով, և եթե մարդիկ չաջակցեն Նիկոլ Փաշինյանին, ապա Քոչարյանը կգա և կուտի նրանց։ 

Ի դեպ հեղաշրջման հեռանկարը նույնպես չի կարելի բացառել։ Բայց դա հնարավոր կլինի ոչ թե վարչապետին չաջակցելու հետևանքով, այլ՝ հեղափոխականների ապաշնորհության։ Մենք որքան հնարավոր է աջակցել ու պաշտպանել ենք նրանց, բայց այլևս չենք պատրաստվում իշխանական պրոպագանդիստի դերի մեջ մտնել և առավոտից իրիկուն պայքարել հակահեղափոխության ենթարյալ հողմաղացի դեմ։ Մենք մերը արել ենք, իսկ կառավարությունից պահանջվում է ընդամենը ապաշնորհ չլինել։ Իսկ եթե ապաշնորհությունը հաճելի կարգավիճակ է, ապա այլևս ոչինչ չի փրկի նրանց։