Մոռացել է, թե ինչի համար են հավաքվել․ Ալիևի հին ձայնապնակը

Մոռացել է, թե ինչի համար են հավաքվել․ Ալիևի հին ձայնապնակը

«Երեք տարի առաջ մենք հասանք մեր հիմնական նպատակին՝ վերականգնեցինք 30 տարի խախտված տարածքային ամբողջականությունը։ Մենք դարձել ենք օկուպացիայի և էթնիկ զտումների զոհ։ Դա մեծ ողբերգություն էր մեր ժողովրդի համար և մեծ հումանիտար աղետ։ Մենք երկար տարիներ փորձում ենք հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով և օկուպացիային վերջ տալ խաղաղ ճանապարհով»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին 74-րդ միջազգային տիեզերագնացության կոնգրեսի բացման արարողության շրջանակում իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Թեպետ կոնգրեսի թեման տրամագծորեն այլ է և բացառապես գիտական բնույթի, Ալիևը հին սովորույթի համաձայն հերթական հարթակն օգտագործել է իր մտաքաղաքական անհեթեթությունները ներկայացնելու և հայերին մեղադրելու համար։

Նա կրկին դատարկաբանել է, թե «Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի ավելի քան 300 քաղաքացի դարձել է ականային ահաբեկչության զոհ»։

Ալիևը բողոքել է նաև միջազգային հանրությունից՝ նշելով, որ միջազգային կազմակերպությունները, որոնք պետք է վերջ դնեին հակամարտությանը, այս ուղղությամբ որևէ արդյունքի չեն հասել։ 

«ՄԱԿ-ի չորս բանաձեւերը պահանջում էին հայկական զինված ուժերի ամբողջական, անհապաղ և անվերապահ դուրսբերում մեր տարածքից։ Սակայն այս բանաձեւերը թղթի վրա մնացին 27 տարի։ Մեր նահատակների կյանքի գնով մենք ապահովեցինք այդ բանաձեւերի իրականացումը»,- հավելել է նա։