Ով վզին դնի, ումի՞ց բողոքի․․․
Երբ մի ոչ փորձառու դատավոր կալանքի սանկցիաներ է կիրառում խրձով քաղաքական գործիչների նկատմամբ՝ չհիմնավորված պատճառաբանությամբ, պետք է մտածել, որ գործում է Ջհանգիրյանի «վզին դնելու» մեխանիզմը։ Բայց վիզը միայն ֆիզիոլոգիական կատերգորիա չէ։ Վիզը քաղաքական կատեգորիա է, որի վրա երբեմն դնում են այնքան, որ չի կարողանում տանել։
Արուսյակ Ալեքսանյանը, երբ կալանքի սանկցիաներ էր կիրառում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի, Ավետիք Չալաբյանի, Մամիկոն Ասլանյանի, Միկա Բադալյանի, Նարեկ Մանթաշյանի, Իգոր Խաչատուրովի և այլոց նկատմամբ, ի՞նչ էր մտածում։ Ու՞մ վրա էր հույսը դրել, որ իրեն կպաշտպանի։ Բնականաբար նրա հույսը քաղաքական իշխանությունը պիտի լիներ, որովհետև կալանքներից փչում է քաղաքական գարշահոտ։ Տիկինը, չկարողանալով դուրս գալ իր քաղաքական հենարանի դեմ, դուրս է եկել Դատավորների միության դեմ։ Tert.am-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել:
Իմաստը ո՞րն է, Դատավորների միությունից դուրս գալով փորձում է մեղմի՞ հանրության զայրույթը։ Կամ ինչու՞ էր Դատավորների միությունից սպասում սատարում, սկիզբ առած քննադատությունների տարափի դեմ Միությունը կարո՞ղ էր առնել։ Իհարկե, ոչ։ Եւ ինչո՞ւ պետք է առներ, երբ դատավորների հիմնական մասը մեղադրում է նրան իշխանությունների ձեռքում գործիք դառնալու եւ իշխանությանը քննադատողներին կալանավորելու որոշումները դակելու համար։ Հասարակական կազմակերպությունից դուրս ես եկել, որ ի՞նչ։ Ի՞նչ է փոխվել։ Էլի նույն սև փիլոնով, իշխանություններին հնազանդ դատավորն ես ու կատարելու ես քո սեւ «գործը»:
Կարծիքներ