Տարիքն առած մի մարդ, ում կինը զոհվել էր երկրաշարժին, մտնում է հիմնարկ ու գոռում․․․

 Տարիքն առած մի մարդ, ում կինը զոհվել էր երկրաշարժին, մտնում է հիմնարկ ու գոռում․․․

Արցախյան  պատերազմի ժամանակ ողջ հայությունն էր բռունցք դարձել, մի մարդու նման  պայքարում թշնամու դեմ, հարուստ, աղքատ չկար, հայրենիքն էր զոհասեղանին․ ոչ մի տրտունջ։ Ծանր օրեր էին, բայց սահմանամերձ գնդակոծվող տարածքում մեզ ուժեղ էինք զգում, որովհետև ողջ ազգով մի Տուն էինք։ Երկրաշարժի ժամանակ ողջ աշխարհն էր մի Տուն դարձել ու․․․ չկար հայի ցավ, կար համամարդկային ցավ։ Հաղթեցինք ցավը։

Շատ են ասում՝ մենք ուժեղ ենք։ Կուզեի այդ ճշմարտությանը մի բան ավելացնել․ մենք միասի՛ն ենք ուժեղ, արհավիրքի, դժվարությունների ժամին եթե միասին չլինենք, մենք թու՜յլ ենք։ Սա բոլորս գիտենք, բայց որպես դաս չենք ընկալել ու վերջին շրջանի պառակտումներին, բաժանումներին տարանջատումներին որպես վտանգ, երբ անդրադարձել ենք, այնքան խորն է եղել տարանջատումների, սևերի ու սպիտակների վիհը, որ հնարավոր չի եղել ամբողջացնել տունը։ 

Մեր ամենամեծ վտանգը դրա մեջ է՝ ազգը պառակտելու, թուլացնելու առումով։  Ամեն ինչ կարելի է հաղթահարել, երբ գիտես՝ մենակ չես։ Երբ մի Տուն ես,  կարողանում ես անգամ ահեղ ցավի ժամանակ հումորով հաղթել ցավը։ Երկրաշարժի օրերին, երբ ամբողջ աշխարհը օգնում էր երկրաշարժի գոտուն, մի հումոր էր շրջանառվում։ Շատ լավն է, չեմ մոռանում․

Երկրաշարժից ընդամենը մի ամիս էր անցել...համատարած օգնություն էին բաժանում՝ սնունդ, հագուստ...

Մի տարիքն առած մարդ, ում կինը զոհվել էր երկրաշարժի ժամանակ, առավոտ շուտ մտնում է հիմնարկ ու ինչքան ուժ ունի գոռում ՝ ժողովու՜րդ, մի վագոն էլ կին են ստացել, ով հասավ-հասավ... բոլորը ծիծաղից թուլացել էին...

Մի Տունը սա էր։ Մի աշխարհ, մի Տուն։ Այդ միասնական Տունը պիտի կառուցենք։