«Հրապարակ». Գեղեցկությունը վատ բան չի ու չի նշանակում շռայլություն

«Հրապարակ». Գեղեցկությունը վատ բան չի ու չի նշանակում շռայլություն

Հարցազրույց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ

- Ինչպե՞ս եք գնահատում պայքարի ընթացքը։

- Երեկվա վճռական փուլին նախորդել է ավելի վճռական շարժում՝ մեկշաբաթյա, որ մեր գործընկերները սկսել են հերոսական վայրերից՝ Սարդարապատ, Բաշ-Ապարան, մեր սահմաններից՝ Տիգրանաշենից ու Տավուշից։ Այդ վճռականությունը պետք է հասցնել մինչեւ վերջ։ Մենք գտնում ենք, որ այս շարժումն ընդդիմության շարժում չէ, թուրք-ադրբեջանական այդ խաբկանքին ուղղված շարժում է, որտեղ մասնակից պետք է լինի ոչ միայն մեկ անձ, մեկ քաղաքական ուժ, մեկ կուսակցություն, հասարակական կազմակերպություն, այլ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ինչպես այսօր իշխանություններն են ասում, որ այս ակցիաները տանելու են պատերազմի, հակառակը՝ մեր ամբողջ պատմությունը ցույց է տվել, որ այսպիսի գործողությունները, պայքարը օգնել են ինչպես արցախյան առաջին ազատամարտի ժամանակ, այնպես էլ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ հիմա էլ, նույնկերպ, օգնելու են։

- Ինչպե՞ս եք մարդկանց համոզելու, որ հավատան՝ սա պաշտոնի կռիվ չէ, նախկինների վերադարձի պայքար չէ, այլ հանուն հայրենիքի, հանուն Արցախի պայքար է։

- Մարդկանց հետ աշխատելու համար համոզելու մեթոդը առաջին մեթոդն է, վերջին մեթոդն այն բիրտ ուժն է, հարկադրանքը, որ այսօր կիրառում են իշխանությունները։ Իրականում, դժվար է մարդկանց համոզել, բայց, օրինակ՝ ես որդեգրել եմ այսպիսի մի քաղաքականություն, որ յուրաքանչուր անհատի հետ համբերատար պետք է աշխատել եւ բացատրել, որ իրականում սա ճիշտ է, սա մեզ համար, կոնկրետ` ինձ համար, իշխանության պայքար չէ։ Այս պայքարն ուղղված է հեռացնելու այն իշխանություններին, որոնք միջազգային հանրության ներքո են, պարտադրանքի, ճնշումների տակ։

- Իսկ ո՞վ է գալու իշխանության, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա։

- Այն ուժերը, որոնք այս պայքարին, այս անիվին մեծ թափ կհաղորդեն, կձեւավորեն, ինձ թվում է՝ ժամանակավոր կառավարություն, միայն ու միայն, մեր տեսանկյունից՝ պրոֆեսիոնալների, բարձր փորձառություն ու գրագիտություն ունեցողների, որոնք էլ հետագայում կարճ կառավարելուց հետո կորոշեն, թե ինչ կլինի։

- Ովքեր ցանկանում են սրանց օր առաջ հեռացումը, տեսնում են նախկիններիդ բեմահարթակին, ասում են՝ եթե իսկապես ձեր նպատակներն ազնիվ են, եթե իշխանության համար պայքար չէ, Սաղաթելյանը, Աշոտյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Դուք մի երեւացեք հարթակին։ Թող նոր ուժեր գան։

- Նախ ասեմ․ հնի մեջ մենք չպետք է տեսնենք միայն բացասականը։ Հինը նաեւ փորձառություն ձեռք բերած համակարգ է, անձնավորություններ են, որոնք կարող են համեմատություն կատարել՝ հնում ինչ էր, հիմա ինչ է, ու դասեր քաղելով նաեւ մեր անձնական սխալներից՝ մտածեն ապագայի մասին։ Բայց եթե նկատել եք` մեր հարթակում ավելի շատ երիտասարդներ են, քան թե նույն հները։ Թող ցույց տան հիմա, թե այս նորերն ինչ են արել մեկուկես տարի անվտանգության համակարգ ձեւավորելու, բանակի մարտունակությունը վերականգնելու հարցում։ Ես հավատացնում եմ, որ բանակն այն կառույցն է, որ ամենաարագը կարող է վերականգնվել։

- Ասում են՝ դուք բանակը չեք զինել, թալանել եք, Մոնումենտում, Վահագնիում դղյակներ եք կառուցել, քննարկում են Ձեր տիկնոջ հագուկապը, եւ դա վանում է մարդկանց։

- Դուք նորից իջեցնում եք մեր երկրի ապագային նվիրված հարցերը կենցաղային մակարդակի, բայց միեւնույն ժամանակ ասեմ՝ գեղեցկությունը վատ բան չի ու գեղեցկությունը նաեւ չի նշանակում շռայլություն, չի նշանակում մեծ գումարներ։ Դրա համար գոյություն ունեն համապատասխան մարմիններ, թող որոշումներ ընդունեն։ Ինչ վերաբերում է բանակին, ապա բանակը ես, օրինակ, 2016 թվականին հանձնել եմ զորահանդես անցկացնելով՝ ՀՀ 25 ամյակի կապակցությամբ, ու ցույց եմ տվել, թե ինչպիսի մարտունակություն ունի բանակը, որը ոչ միայն իմ, այլեւ մի ամբողջ կոլեկտիվի, մարտական ընկերների կատարած աշխատանքի արդյունք է, եւ բանակն օրըստօրե զարգացել է, ապացուցել է, որ ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը։ Ինձ համար ցավ է, որ այս իշխանությունները փորձում են նորից ամեն ինչ բարդել նախկինների վրա։

- Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ եթե չհաջողեն, մանդատը կդնի։ Դուք «պլան Բ» ունե՞ք․ ինչպե՞ս եք հեռացնելու Փաշինյանին, եւ որպես ֆրակցիայի ղեկավար՝ ինչպե՞ս եք պատկերացնում հետագայում ձեր աշխատանքը խորհրդարանում։

- Ես գտնում եմ, որ մեր աշխատանքները, որը տարվում են այսօր, վճռական են, եւ մենք հաջողություն ունենալու ենք։ Իրադրությանը համահունչ որոշումներ կընդունենք։ Ինչպես Դուք տեսնում եք, շարժումը ղեկավարում է փորձառու անձնավորություն՝ Իշխան Սաղաթելյանը, եւ եթե այս կամ այն ուղղությամբ մեր ծրագրերի փոփոխություններ լինեն, ապա այդ մասին էլ կտեղեկացնենք։