«Հրապարակ». Ո՞ւմ շուրջն է համախմբումը կայանալու

«Հրապարակ». Ո՞ւմ շուրջն է համախմբումը կայանալու

Իշխանության հեռացման պահանջով եւ հանուն Արցախի փրկության ընդդիմադիրների սկսած պայքարը երեկվանից նոր փուլ է թեւակոխել։

Երեկ վաղ առավոտից մինչեւ երեկո մայրաքաղաքում կյանքը կաթվածահար էր, տարբեր հատվածներում տարբեր խմբեր փողոցներ էին փակում, խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնում, որոնք տեղ-տեղ` Նիկոլ Փաշինյանի անձնական պահպանության ոստիկանների բիրտ ուժի կիրառման հետեւանքով, վերածվում էին «առանց կանոնների մարտերի»։ 
Ընդդիմադիր լիդերները հայտարարեցին պայքարի նոր՝ անհնազանդության ակցիաների շրջանի մասին՝ վստահեցնելով, որ իշխանությունների հեռացումը մոտ ժամանակի հարց է։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն ավելի քան մեկ շաբաթ բողոքի տարբեր գործողություններ են իրականացնում: Պայքարն ընթանում է ապակենտրոն, ամեն ուժ իր չափով իրազեկման ու քարոզչական աշխատանքներ էր իրականացնում, որոնք, մեծ հաշվով, հանրության մկանների մարզում էր` յուրայինների մոբիլիզացիա։ Ամենասկզբում՝ Հարության տոնին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անսպասելիորեն դուրս եկավ պայքարի՝ Ազատության հրապարակում հայտարարելով նստացույց, որի մասին տեղյակ չէին անգամ նրա խմբակցության որոշ անդամներ։

Ապա 44-օրյա պատերազմի մասնակիցները հացադուլ հայտարարեցին, նրանց պայքարին միացան զոհերի ծնողները, «5165» եւ Ազատագրական շարժումները, իսկ անցած շաբաթվա սկզբից «Հայաստան» խմբակցությունը ՀՀ խորհրդանշական չորս վայրերից քայլերթ նախաձեռնեց դեպի Երեւան։ Մայիսի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցավ ընդդիմության խոստացած մեծ հանրահավաքը, որը նույն վայրում էր` Ֆրանսիայի հրապարակում, որտեղից չորս տարի առաջ Նիկոլ Փաշինյանն էր քայլերթից հետո հավաքել ժողովրդին։ Տարբեր հաշվարկներով, մայիսմեկյան հանրահավաքին 12-45 հազար մարդ է մասնակցել, ըստ իշխանության հովանու ներքո գործող Դանիել Իոաննիսյանի հաշվարկի՝ հանրահավաքի մեկնարկից մոտ մեկ ժամ անց հրապարակում 12 հազար 500 մարդ է եղել, մինչդեռ ընդդիմադիրների հաշվարկով՝ 40-45 հազար մարդ կար։ Իրական թիվը թերեւս 30-ի սահմաններում է:

Մի բան ակնհայտ է՝ որքան հրապարակում մարդ կար, գրեթե նույնքան էլ՝ հարակից այգիներում, փողոցներում: Ի դեպ, մեծ թվով գերատեսչությունների միջին օղակի աշխատակիցներ կային, որոնք, հասկանալի պատճառներով, իրենց մասնակցության մասին չէին ցանկանում հանրայնացնել եւ երբ հայտնվում էին լրագրողական օբյեկտիվներում, մոտենում եւ խնդրում էին ջնջել լուսանկարը կամ տեսագրությունը։ Ներկա էին նախկին պաշտոնյաներ, որոնք նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ են պաշտոն զբաղեցրել։ Ռոբերտ Քոչարյանն էլ, առաջնորդելով Դիմադրության շարժումը, քայլերթով հասավ Ֆրանսիայի հրապարակ, ավելի ուշ՝ երեկոյան,  այնտեղ էր նաեւ Սերժ Սարգսյանը։ Նախագահները ելույթ չունեցան, սակայն ժամեր շարունակ շփվեցին ցուցարարների ու իրենց թիմակիցների հետ։

Հարթակից քաղաքական հստակ շեշտադրումներով եւ մեծ էներգետիկայով ելույթներ հնչեցին: ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ՔՊ-ականներին՝ միանալ շարժմանը, նկատելով, որ վերջիններս Նիկոլ Փաշինյանի ձեռքում գերին են։ Ավելի վաղ էլ նա հայտարարել էր, որ ընդդիմությունը բացառում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նոր արտահերթ ընտրությունները։ Սաղաթելյանը նաեւ խոստացավ՝ կարճ ժամանակում «կապիտուլացնել այդ կապիտուլյանտին»։  Իսկ երեկ հարցին՝ եթե ակցիաները շարունակվեն, քանի՞ օր կպահանջվի, որ ընդդիմությունը հաջողության հասնի, նա պատասխանեց. «Կախված է մեր ժողովրդից: Ինձ թվում է՝ քիչ է մնացել: Ամեն ինչ հրաշալի է, ժողովուրդը ոտքի է ելել, չեն հասցնում` ո՞ր մեկին բռնեն, չեն կարող մի քանի հարյուր հազար մարդ բռնել: Հա, թող բռնեն, բռնում են էլ, խփում են էլ, ինչ կարան` անում են, բայց ամեն ինչ ավարտված է, Նիկոլ չկա, մնացել է այս մի քանի ոստիկանների հույսին»:

Շարժման առաջնորդներից Արթուր Վանեցյանին հարցրինք՝ գո՞հ է մայիսմեկյան հանրահավաքից եւ առաջիկա պայքարն ինչպե՞ս է պատկերացնում, տեսնո՞ւմ է իշխանափոխության  հնարավորություն։ «Այո, հստակ երեւում է, որ մարդիկ արթնացել են, հստակ երեւում է, որ հանրային մեծ դժգոհություն կա, հստակ երեւում է, որ առաջիկայում շարժումը թափ է հավաքելու։ Մի քանի հանգամանք կա, որ խանգարում է դրան, օբյեկտիվներից մեկը եղանակն է, երկրորդ՝ մարդիկ դեռեւս ուզում են հասկանալ՝ ինչքանով է վճռական ընդդիմությունը ու էլ ինչ է անելու, երրորդը՝ ուզում են հասկանալ, թե ում շուրջ է համախմբումը լինելու եւ այլն, եւ այլն։ Իսկ, ընդհանուր առմամբ, գնահատում եմ շատ լավ, մի քիչ խանգարեցին ոստիկանության հիստերիան, դատախազության եւ այլ ուժայինների սպառնալիքները, որ ուժ է կիրառվելու եւ այլն: Բայց, կրկնում եմ, հաշվի առնելով այս բոլոր գործոնները՝ դրական եմ գնահատում։ Նկատի ունենալով նաեւ իշխանական թեւից հնչող ագրեսիվ արձագանքները, կարող ենք փաստել, որ իշխանությունը խուճապի, եթե չասենք հոգեվարքի մեջ է»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Թե ինչպես է որոշվելու լիդերի հարցը, եւ ում շուրջն է տեղի ունենալու համախմբումը, այս եւ այլ հարցերի Վանեցյանը չպատասխանեց՝ ասելով, որ բոլոր հարցերն էլ լուծվելու են։
Հիշեցնենք, որ 2018-ին, երբ Փաշինյանը մայրաքաղաքում նոր-նոր էր տվել պայքարի մեկնարկը, Ֆրանսիայի հրապարակում, ըստ Դանիել Իոաննիսյանի, 4 հազար 500 մարդ կար, շարժումը սկսեց թափ հավաքել դրան հաջորդած օրերին, երբ հայտարարվեցին անհնազանդության ակցիաները, եւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններն արձագանքեցին սկսված պայքարին։ Իհարկե, այս անգամ, հատկապես արեւմտյան դեսպաններից նման ռեակցիա սպասել չի կարելի, նրանք իշխանությունների կողքին են` ընդդեմ ընդդիմության, քանզի խաղաղության դարաշրջանի եւ մեր պարտության կնքահայրերն են եւ Թուրքիայի ու Ադրբեջանի լոբբիստները:

Մայիսմեկյան հանրահավաքին ցուցարարների մեծ մասը սպասում էր «հիմա-հիմա» հրահանգին, սակայն շարժման առաջնորդները դադար վերցրին` առավոտյան շարունակելու մտադրությամբ: Ճիշտ է` երեկոյան ուշ ժամի հրապարակը դեռ լի էր` մոտ հազար մարդ խարույկ էր վառել, երաժշտություն, վրաններ, աշխույժ անցուդարձ, բայց շարքային քաղաքացիների մի մասը ցրվել էր տներով։ Իսկ առավոտ կանուխ սկսվեցին անհնազանդության ակցիաները։ Չնայած եղանակն իր սեւ գործն արեց: Երեկ ԵՊՀ ուսանողների խմբեր էին միանում ընդդիմադիր ցուցարարներին: Այսօր շարունակվելու են անհնազանդության ակցիաները։