Իրատես լինենք

Իրատես լինենք

Ողջ օրը Նիկոլ Փաշինյանի ստերից խոսող ընդդիմությունը, պարզվում է, այնուամենայնիվ, հավատում է Փաշինյանի խոստումներին: Մասնավորապես` այն խոսքին, որ եթե մարդիկ դուրս գան փողոց եւ իր հրաժարականը պահանջեն, ինքը կհեռանա: Ստիպված եմ հիասթափեցնել հավատացողներին` անգամ եթե Հայաստանի ամբողջ 2 միլիոն բնակչությունը դուրս գա փողոց, Նիկոլ Փաշինյանը մատնացույց է անելու իր թիմի 1000, անգամ` 100 անդամին եւ ասելու է` ես լեգիտիմ ընտրված ղեկավար եմ, իմ հրաժարականն ամբողջ ժողովուրդը չի պահանջում:

Մեծ միամտություն է եւ քաղաքական սխալ հաշվարկ նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանին համեմատում են Սերժ Սարգսյանի հետ ու կարծում են, որ երբ ավելի որոշակի դառնա քաղաքացիական պատերազմի վտանգը, նա հրաժարական կտա: Չի տալու: Սխալվում են նաեւ նրանք, ովքեր կարծում են, թե փողոց ելած մարդկանց ճնշելու համար բավարարվելու են ոստիկանության ներքին զորքերի, ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների ուժերով: Եթե հարկ լինի, անպայման օգտագործելու են նաեւ բանակը կամ այն, ինչ մնացել է բանակից: Մեկ այլ մոլորություն. որ պետական եւ իշխանական լրատվամիջոցները լուսաբանելու են ընդդիմության ակցիաները` այնպես, ինչպես միահամուռ կերպով լուսաբանվում էին 2018 թվականի իրադարձությունները, եւ անգամ պետական ու, այսպես կոչված, «միշիկական» ԶԼՄ-ներն էին դրան լծվել:

Չի լինելու նման բան` արեւմտյան կողմնորոշում ունեցող, տարբեր երկրների իշխանությունների եւ դոնորների, իշխանամերձ օլիգարխների կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ները չեն լուսաբանելու ընդդիմության գործողությունները` հույս փայփայելով, որ իրենց չլուսաբանելը կօգնի դրանք ճնշելուն: Եվ վերջապես. 2018-ին Փաշինյանին աջակցում էր նաեւ Սերժ Սարգսյանից դժգոհ իշխանականների մեծ շրջանակ, առայժմ բանը դրան չի հասել: